Tuesday, September 13, 2011

«Մուսավաթ» թերթը դարձել է ադրբեջանական WikiLeaks. Էլդար Սաբիրօղլու

News.am. 13-9-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն APA-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական բանակի վերաբերյալ ընդդիմադիր մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները:
Թղթակցի` կադրային ընտրության հետ կապված հարցի առնչությամբ Սաբիրօղլուն նշել է. «Մեր բանակում` ՊՆ համակարգում, ծառայում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նրանք բոլորն ադրբեջանական ժողովրդի զավակներն են: Մեր սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք անկախ ռասայական եւ ազգային պատկանելիությունից` հավասար իրավունքներ ունեն: «Մուսավաթ» թերթը հանդես է գալիս Ռազմական ակադեմիայի զինվորների անունից եւ հայտնում է, որ բարձրագույն զինվորական անձնակազմի 70 տոկոսը ադրբեջանցիներ չեն եւ այլն: Իրադրությունը լրիվ հակառակն է: Ո՞վ է ստուգել, այդ թվերը որտեղի՞ց են վերցրել: «Անանունները» այդ տոկոսներից ո՞րի մեջ են ընդգրկված: Թող նրանք ասպարեզ գան, մամուլի ասուլիս տան: Ստեղծած գաղտնիությունը վկայում է, որ իրադարձությունների դերասանները եւ ռեժիսորն ամբողջությամբ այլ մարդիկ են: Մեզ մոտ WikiLeaks-ի մթնոլորտն է ստեղծվել: «Մուսավաթ»-ն էլ մեր WikiLeaks-ն է: Բայց եթե WikiLeaks-ի դեպքում գործող անձիք հայտնի են, ապա տվյալ պարագայում նրանք թաքնվում են»:
Բանակում առկա երկպառակությունների կապակցությամբ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ նման կարծիք հայտնողները չարաչար սխալվում են: «Նման բան բանակում եղել է մինչեւ 1993 թիվը: Հեյդար Ալիեւն իշխանության գալուց հետո սկսեց միասնական բանակ ստեղծել: Գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւի ղեկավարման ներքո մեր բանակն ուժեղացավ, իսկ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը նվիրված եւ հմտորեն իրականացնում է իր գործը: Իսկ թե դրանից բացի նա ինչով է զբաղվում, ապա դա միայն անձնական հետաքրքրություն ունեցող մարդկանց գործը կարող է լինել»,-ասել է Սաբիրօղլուն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները նամակներ են ուղարկում «Մուսավաթ» թերթի խմբագրություն: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»: Սպաները նաեւ պահանջել էին Նեջեֆ Գեմբերովի հեռացումը` հակառակ դեպքում սպառնալով բոյկոտել ակադեմիայի դասերը:

No comments: