Tuesday, September 13, 2011

Ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, պետք է գործել. Ժիրայր Սեֆիլյան

News.am. 13-9-2011- Անկախության շրջանում մեր ունեցած կորուստների արդյունքն այսօրվա համատարած անբարօրությունն է, նյութապաշտությունը, անարդարությունը, մարդու արժանապատվության ոտնահարումն ամեն քայլափոխի և մարդկանց այլասերումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ Երրորդ հանրապետության կորուստները թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։
Սեֆիլյանի համոզմամբ՝ մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է և տարեցտարի մեր ժողովրդի մի մասը՝ հիմնականում «քաղաքական էլիտա կոչեցյալը», առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում: «Երրորդ հանրապետությունը, հակառակ նրան, որ քսան տարեկան է, երիտասարդ չէ, ավելին՝ նա նման է զառամյալ ծերունու, որի վախճանը մոտալուտ է: Անկախության քսանամյակի շեմին մենք պետք է մտորենք այս մասին»,- հայտարարեց Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ Երրորդ հանրապետության վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, որպեսզի այնպես չլինի, որ «համակարգի փլուզումից հայ ժողովուրդը մնա փլատակների տակ»:
Սեֆիլյանի խոսքով՝ իննսունականներից քաղաքական վերնախավն ավելի շատ զբաղված էր իր անձնական հարցերը լուծելով: ««Սարդարապատը» համոզված է, որ երրորդի վախճանն է, և ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պետք է գործել»,- հայտարարեց նա՝ կարծիք հայտնելով, որ չորրորդ հանրապետության ծնունդը չի լինելու այսօրվա «նյութապաշտական ճահճի» մեջ:
Ինչ վերաբերում է քսանամյա անկախության ձեռքբերումներին, Սեֆիլյանը հայտարարեց. «Դժբախտաբար, ձեռքբերումների շարքի թվարկումը երկար չէ, դրանցից կարևորագույնը երկուսն են, առաջինը՝ որ Երրորդ հանրապետությանը հաջողվեց դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, և երկրորդ ձեռքբերումը Արցախի հայապահպան հողերի վերադարձն է իր հարազատ տիրոջը»:

No comments: