Tuesday, September 13, 2011

ԻՍՐԱՅԵԼԸ «ԿՊԱՏԺԻ» ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. ՔԱՅԼԵՐԻՑ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՈՒ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՀԱՐՑԵՐԸ

«ԱԶԳ, 13-09-2011- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որոշել է մի շարք կոպիտ միջոցներ կիրառել Թուրքիայի վերջին հակաիսրայելական քայլերին ի պատասխան: Այս մասին, ըստ իսրայելական ynewnews.com կայքէջի, ուրբաթ` սեպտեմբերի 9-ին, հրապարակել է «Եդիոտ Ահրոնոդ» թերթը:
Ըստ այդմ, այդ հարցով էլ հենց Իսրայելի արտաքին գերատեսչության ավագ պաշտոնյաներին կարգադրվել է պատրաստվել ու հանդիպել ԱԳ նախարարին արդեն շաբաթ օրը: Շաբաթօրյա հանդիպմանը նախատեսվում էր քննարկել Իսրայելի պատասխանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սպառնալիքներին, ինչպես նաեւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը:
Թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ի հանդիպմանը իսրայելական արտաքին գերատեսչության աշխատակիցների գնահատմամբ, ներկա դրությամբ Թուրքիան հետաքրքրված չէ Իսրայելի ներողությամբ եւ «նախընտրում է առավել լարել վեճը Իսրայելի հետՙ նպաստելու իսլամական աշխարհում Անկարայի կարգավիճակին»: Այդ իսկ պատճառով Լիբերմանը, հրապարակման համաձայն, որոշել է, որ ներողություն հայցելու ստեղծագործական ձեւակերպումներ որոնելու որեւէ իմաստ չկա, դրա փոխարեն պետք է կենտրոնացնել «Իսրայելի ջանքերը Թուրքիային պատժելու վրա»:
Իսրայելի արտգործնախարարությունը այժմ, ինչպես նշում է իսրայելական թերթն իր հրապարկման մեջ, որոշել է թուրքերի դեմ կիրառելիք դիվանագիտական ու անվտանգության «զինանոց» մշակել, առաջին քայլը կլինի զգուշացումը իսրայելցի ռազմական վետերաններին` Թուրքիա այցելելուց հնարավորինս խուսափելու առնչությամբ: Իսրայելի արտաքին գերատեսչության այս խորհուրդը բավականին կոշտ է լինելու, քանի որ իսրայելցիներին կոչ կանի նաեւ զերծ մնալ Թուրքիայի հետ կապերի ընդլայնումից:
Իսրայելի ծրագրած մեկ այլ քայլ է «Թուրքիայի պատմական հակառակորդներից մեկի` հայերի հետ համագործակցության խրախուսումը»: «Այս ամիս Միացյալ Նահանգներ Լիբերմանի այցելության ընթացքում նախատեսվում է, որ արտգործնախարարը կհանդիպի հայկական լոբբիի առաջնորդների հետ եւ Կոնգրեսում հակաթուրքական համագործակցություն կառաջարկի», տեղեկացնում է «Եդիոտ Ահրոնոդ»-ը:
Այսօրինակ հայտարարությունները իսրայելյան արտգործնախարարի կողմից հստակորեն նաեւ պարտավորության բնույթ ունեն, միջազգային պարտավորության ոչ թե պահի ազդեցությամբ հայտարարություններ անելու, այլ սեփական խոսքերում ու արարքներում հետեւողական լինելու առումով: Ասվածը շեշտադրվում է նաեւ նրանով, որ, թերթի հրապարակմամբ, հայկական լոբբիին աջակցության քայլի իրականացում կարող է լինել Իսրայելի աջակցությունը «Հայկական հոլոքոսթի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին, մի միջոց, որ լրջորեն կվնասի Թուրքիային»:
Բացի դրանիցՙ Իսրայելը կարող է նաեւ զորավիգ լինել Հայաստանին «Արարատ լեռան վերահսկողության շուրջը Թուրքիայի դեմ վեճում»:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Լիբերմանը նաեւ ծրագրում է Եվրոպայում հանդիպումներ ունենալ քուրդ ապստամբների ղեկավարների հետ «նրանց հնարավոր բոլոր ոլորտներում աջակից լինելու նպատակով»: «Հնարավոր է, որ այդ հանդիպումներում քրդերը կարող են Իսրայելից ռազմական օգնություն խնդրել զինամթերքի մատակարարման ու դասընթացների ձեւով», նշում է թերթն ու ընդգծում, որ Թուրքիայի ու քրդերի բախումը ցույց է տալիս Անկարայի կողմից մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:
Լիբերմանի հակաթուրքական գործողությունների «զինանոցի» մեկ քայլ էլ դիվանագիտական արշավը կլինի, որի միջոցով Իսրայելի դիվանագիտական առաքելություններն աշխարհում կհրահանգվեն զեկուցել փոքրամասնությունների դեմ թուրքական անօրինական քայլերի մասին ու միանալ դրանց դեմ ուղղված պայքարին:
«Մենք Էրդողանից գինը կհստակեցնենք, ինչը նրան կապացուցի, որ Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելն արդարացված չէ», ասել է Լիբերմանը: Նրա խոսքերով, «Լավ կլինի, եթե Թուրքիան մեզ վերաբերվի պատշաճ քաղաքավարությամբ եւ հարգանքով»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: