Thursday, September 1, 2011

PKK-ականի մեկ օրը լեռներում

HayNews.am. 1-9-2011- Թուրքիայի իշխանություններին հանձնված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամը պատմել է, թե իրենք ինչպես են անցնում այդ երկիր և ինչպես են սնվում, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
«Հաբերթյուրքի» պնդմամբ` Ռ.Դ. անունով PKK-ականը հանձնվել է թուրքական կողմին Հաքքարի նահանգում, որը գտնվում է Թուրքիայի ծայր հարավ-արևելքում և բնակեցված է քրդերով:
PKK-ականը նշել է, որ իրենց 10 հոգանոց խումբը թուրք-իրանական սահմանն անցնում է 475 համարի սահմանակետով, որը գտնվում է Էսենդերե բնակավայրի մոտ:
«Նախաճաշին ուտում ենք պանիր, զեյթուն, թեյ խմում: Իսկ ճաշին արդեն վայրի խոզի միսն է: Ճաշելու ժամին պահակախումբ է կարգվում: 13:00-13:30-ին կես պառկում ենք, հանգստանում: Այնուհետև նարդի և շախմատ ենք խաղում: Երեկոյան հաց չենք ուտում»,-նշել է PKK-ականը:
* «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments: