Tuesday, September 13, 2011

WikiLeaks-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետների եւ «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի խոսակցությունը

News.am. 13-9-2011- WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ներկայացվում են հատվածներ ամերիկյան դիվանագետների եւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի խոսակցությունից:
Մասնավորապես 2007 թ. հունվարի 30-ին թվագրվող փաստաթղթում Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Դեբորա Ջոնսը կանգ է առնում Դինքի եւ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման վրա:
Խոսելով ազգային փոքրամասնությունների կարգավիճակի, ինչպես նաեւ կրոնական հարցերի մասին` Դինքը հայտարարել է, որ Թուրքիայում կրոնի ազատությունը մակերեսային բնույթի է` եկեղեցիները, դպրոցները արգելված չեն, սակայն ազատության այդ ձեւը մոլորության մեջ են գցում: «Նա նման է թռչունի, որը տեսականորեն կարող է թռչել` չնայած, որ թեւը կոտրված է»,-ընդգծել է Դինքը:
Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի մտադրությունը` Դինքը նշել է, որ գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ «հիմնված է վախի, բայց ոչ ԵՄ-ին անդամագրվելու պատրաստակամության վրա»:
Հրանտ Դինքն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն անվանել է ղեկավարման աշխարհիկ համակարգի իրական օրինակ:
«Թուրքիայում իսկական աշխարհիկությունը կարող է ձեռք բերվել տարբեր կրոնների ազատության շնորհիվ: Մենք շարժվում ենք ժողովրդավարացման աշխարհիկության միջոցով: Այդ առումով Թուրքիան կարող է լավ օրինակ լինել իր հարեւանների համար»,-հայտարարել է նա:
Դինքը նշել է, որ քրիստոնյաների հանդեպ պատմականորեն բացասական պահերը հիմնված են ոչ թե կրոնների տարբերության, այլ ազգայնականության վրա:

No comments: