Saturday, October 29, 2011

Թե երբ կլինի համակարգի փլուզումը

«Լրագիր» 28-10-2011- Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով իր հրաժարականի պատճառները, ասել է, թե դրանք ամենեւին կապ չունեն ներքաղաքական կամ ներիշխանական զարգացումների հետ, այլ պայմանավորված են այլ աշխատանքի անցնելով եւ նաեւ անձնական բնույթի հանգամանքներով:
Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այլ աշխատանքի հավանաբար կանցնի Ռուսաստանում: Մամուլում էլ դրանից առաջ տեղեկություններ էին հայտնվել, որ Կարապետյանին բավական բարձր պաշտոն են առաջարկում Գազպրոմում:
Այդպիսով, Երեւանի քաղաքապետը դառնում է երկրորդ պաշտոնյան Հայաստանում, ով արտերկրում պաշտոն ստանալու համար լքում է Հայաստանում ունեցած պաշտոնը:
Առաջինը Մարդու իրավունքի երկրորդ Պաշտպան Արմեն Հարությունյանն էր, որին էլ ՄԱԿ-ում էին մարդու իրավունքի հանձնակատարի պաշտոն առաջարկել, ինչի համար նա հեռացավ Պաշտպանի հայաստանյան պաշտոնից:
Կարեն Կարապետյանը փաստորեն երկրորդն է, որ Հայաստանում պաշտոնը թողնում է արտերկրից առաջարկ ստանալու համար:
Սա թերեւս Հայաստանի իրավիճակի համար իսկապես խորհրդանշական մի երեւույթ է, որն ըստ էության վկայում է, թե Հայաստանում որքան տհաճ է անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցնելը: Թվում է, թե երկիրը հենց այդ պաշտոնյաների համար է, թե նրանք որեւէ խնդիր չունեն, իրավապես պաշտպանված են, ֆինանսապես ապահովված են:
Բայց նրանք փաստորեն նույնպես ձգտում են արտագաղթի, դրսում պաշտոն ստանալու: Ու հազիվ թե այստեղ էականը լինի դրսի պաշտոնների ֆինանսական գրավչությունը կամ հեղինակությունն ու մասշտաբները: Էականն այստեղ ամենայն հավանականությամբ Հայաստանից հեռու գնալն է, Հայաստանի իշխանական համակարգից հեռու գնալը, որովհետեւ այդ համակարգի հետ գործ ունենալը արդեն երեւի թե դրա մասնակիցների համար էլ դարձել է տհաճ:
Ու դա ամենեւին զարմանալի չէ, քանի որ Հայաստանում համակարգը վաղուց արդեն սկսել է ապրել ինքն իրեն խժռելով: Ստեղծվել է թերեւս մի տարօրինակ իրավիճակ, երբ համակարգի մասնիկներն ու մասնակիցները դրսում իրենց ապահով են զգում, իսկ համակարգի ներսում նրանք սկսում են դիսկոմֆորտ եւ ռիսկեր զգալ:
Դա թերեւս համակարգային հոգեբանա-բարոյական ճգնաժամի մի վերջին ստադիա է, եւ եթե անգամ այդ ստադիան համակարգին ուշքի չբերի եւ չհուշի, որ անհրաժեշտ է ներքին վերափոխման լուրջ գործընթաց, ապա համակարգային փլուզումը կլինի անխուսափելի, եւ ընդամենը հարակից հանգամանքները կորոշեն, թե երբ կլինի այդ փլուզումը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: