Sunday, October 30, 2011

Է. Նալբանդյանը Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը համարել է այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն

Փարիզում հոկտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին ունեցած ելույթում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հարեւան երկրներում Հայաստանի պատմամշակության ժառանգության պահպանման հարցերին: Նախարարը նշել է , որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ եւ բազմաբնույթ մշակութային հուշարձաններ, որոնց մեծամասնությունը, հայտնի պատմական իրադարձությունների հետեւանքով, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
«Հայաստանի հարեւանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում»,-հայտարարել է Է. Նալբանդյանը` նշելով Իրանի հետ լավ համագործակցությունը, որը պատշաճ հոգատարություն է դրսեւորում իր տարածքում տեղակայված հայկական հուշարձանների նկատմամբ: Նա ասվածի վկայություն է համարել Իրանի ներկայացմամբ Սբ Թադեոս եւ Սբ Ստեփանոս վանքերի եւ Ձորձոր մատուռի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը:
Այս համատեքստում նախարարը խոստումնալից է համարել սկսված համագործակցությունը հարեւան Վրաստանի հետ: «Ցավոք, այդ դրական փորձը փոխադարձություն չի գտնում մեր մյուս հարեւանների մոտ: Հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են»,-նշել է նախարարը:

Հիշեցնելով, որ անցյալ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հրահանգով եւ ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջեւանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը նա համարել է այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն:
Այս կապակցուոյմբ նա հիշեցրել է Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ձեւակերպումը, ըստ որի «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
«Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ խթանումը համարվում է հիմնարար սկզբունք, մշակութային կամ կրոնական արժեքների հետեւողական, պարբերական եւ միտումնավոր վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվի` անցյալի սխալների կրկնությունը կանխելու համար»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

No comments: