Sunday, October 30, 2011

Ինչ են խոսել Պուտինն ու Սարգսյանը

«Լրագիր» 29-10-2011- Սերժ Սարգսյանը Ռուսաստան կատարած պետական այցի վերջին օրը հանդիպեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը դեմառդեմ էր, դրան չէին մասնակցում պատվիրակությունների անդամները: Բնականաբար, խոսք պետք է լիներ ոչ այնքան տնտեսական, որքան առավել լայն քաղաքական խնդիրների մասին, քանի որ Պուտինը մի քանի ամսից կդառնա Ռուսաստանի նախագահ:
Շատերը Հայաստանում այն կարծիքի էին, որ Պուտինի վերադարձը նշանակում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձ: Փորձագետները չեն բացառում, որ հնարավոր է նույնպիսի պայմանավորվածություն Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ, ինչպես եղավ Մեդվեդեւի եւ Պուտինի պարագայում: Ի դեպ, Սարգսյանի հետ հանդիպումից հետո Պուտինը Քոչարյանին հրավիրեց Մոսկվա՝ ըստ ամենայնի նրան հայտնելու Սարգսյանի հետ պայմանավորվածությունների մասին:
Պետք է նշել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, որքան էլ նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսեր արտաքին քաղաքականության կոմպլեմենտարիզմի մասին, վարում էր այսպես ասած «ռուսական քաղաքականություն», ապա Սերժ Սարգսյանի պարագայում այս գիծը էական փոփոխություն է կրել: Համարվում է նույնիսկ, որ Հայաստանը ներկայում ավելի արեւմտամետ, քան ռուսամետ քաղաքականություն է վարում:
Այս ֆոնին, հետաքրքիր էր, որ երբ Հայաստանը ստորագրեց ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, Եվրամիությունը, որի հետ Հայաստանը նմանատիպ բանակցություն է վարում, հայտարարեց, որ դա չի խանգարի Հայաստանի հետ կապված հետագա ծրագրերին: Բացի այդ, էական էր Ռուսաստանի «սրբության սրբոցը»՝ Հայաստանի էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը Պուտինի արագ հակազդեցությունն առաջացրեց:
է, Սերժ Սարգսյանը կարողացել է Հայաստանի միակողմանի կախվածությունը թուլացնող քայլեր ձեռնարկել, մանեւրելով ուժային կենտրոնների միջեւ: Բնականաբար, այս իրավիճակը նա ծառայեցնելու է Հայաստանում իր իշխանությունը ձեւավորելու համար, ինչը մինչ այժմ նրան չէր հաջողվում: Եթե Արեւմուտքի մասով նա լուրջ խնդիրներ չուներ, ապա Ռուսաստանի մասով դրանք բազմաթիվ էին, սկսած տնտեսական լծակներից, վերջացրած քաղաքականով:
Սերժ Սարգսյանը կարծես թե գտել է Ռուսաստանի «թույլ կողմը», ինչ որ իմաստով բավական ռիսկային քայլերի դիմելով այդ ուղղությամբ, նկատի առնելով մինչ այժմ Հայաստանի իշխանության պահվածքը Ռուսաստանի հարցում: Բանն այն է, որ միակողմանի կախվածություն չի լինում, եւ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան հակառակն է, ինչը միայն առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ: Փաստացի, օգտագործելով այս հանգամանքը, կտրուկ հայտարարություններ անելով արտաքին քաղաքական ու տնտեսական ոլորտներում, Սերժ Սարգսյանը կարողացել է Մոսկվայի հետ հասնել ոչ միակողմանի, երկկողմ պայմանավորվածությունների, որոնք կարող են վերաբերել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խնդիրներին:
Սերժ Սարգսյանի առաջիկա քայլերից կերեւա այս պայմանավորվածությունների էությունը: Դրա առաջին «ծիծեռնակը» կարելի է համարել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը, ով համարվում է «Գազպրոմի»՝ ռուսական իշխանության հենարանի, ներկայացուցիչը: Դա կերեւա առաջիկա կադրային հնարավոր փոփոխություններից: Դա կերեւա նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջիկա պահվածքից՝ կապված ներիշխանական հարցերում նրա դիրքորոշման հետ:
Քոչարյանին մի անգամ արդեն թույլ չտվեցին մտնել գործնական քաղաքականություն, կարծես թե երկու տարի առաջ: Նույնը կարծես թե տեղի կունենա ներկայում: Իր հերթին, երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի հրաժարվեց արտահերթ ընտրության գաղափարից, հայտարարելով, թե «դա միայն մեզնից կախված չէ»:
Հայկ Արամյան

No comments: