Thursday, October 27, 2011

Թուրքիայում երկրաշարժը կարո՞ղ է հայկական պատմական հուշարձանների հետ «հաշիվները մաքրելու» առիթ լինել

News.am. 27-10-2011- Թուրքիայի Վանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո հակասական տեղեկություններ կան Աղթամար կղզու Սբ Խաչ հայկական եկեղեցու վիճակի վերաբերյալ: Ստամբուլի հայ համայնքի «Ակոս» թերթի խմբագրությունում NEWS.am-ին հավաստիացրեցին, որ Սբ Խաչ եկեղեցին չի տուժել, քանի որ բավականին հեռու է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնից:
Միաժամանակ, ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով KAI գործակալությանը, տեղեկացրել էր, թե Սբ Խաչը տուժել է երկրաշարժից` հավելելով, որ տաճարին հասցված վնասի չափի մասին տեղեկություններ չկան:
Այս կապակցությամբ Russia Profile.org-ի գլխավոր խմբագիր Անդրեյ Զոլոտով կրտսերը գրում է. «Այս պահին քիչ հայտնի աղբյուրներից կան Վանի նահանգի հնագույն հայկական հուշարձանների, այդ թվում նրա մարգարտի` X դարի Սբ Խաչ տաճարի վիճակի մասին առանձին, իրար հակասող տեղեկություններ: Միլիոնավոր հայերի համար այդ տարածքը հայտնի է որպես Արեւմտյան Հայաստան, մի տարածք, որտեղից հայերը վերջնականապես վտարվեցին 1915 թ-ի ցեղասպանության ընթացքում:
Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը` պնդելով, թե 300 հազ. հայեր զոհվել են ապստամբությունների ժամանակ: Վանի պաշտպանությունն այդ ողբերգական իրադարձությունների նշանակալի էպիզոդներից էր: Ցեղասպանությունը միայն հայկական ինքնության կարեւոր բաղադրիչ չէ, որ դարձավ: Այդ տարածքում մնացած հուշարձանները` լինեն հայկական հնագույն մայրաքաղաք Անիի ավերակները կամ բազմաթիվ այլ, պակաս հայտնի հուշարձաններ, ոչ միայն հայ ժողովրդի «ողբի պատն են», որը տարբեր ժամանակներում կանխամտածված ոչնչացվել է, այլ հանդիսանում են, կամ, առանվազն, պետք է հանդիսանան համաշխարհային ժառանգության օբյեկտներ:

Թուրքիան այս ամենը գիտակցում է: Բավական դժկամորեն, համեմելով բազմաթիվ երկիմաստ պայմաններով, այն ճանաչեց Սբ Խաչի նշանակությունը եւ մի քանի տարի առաջ պետական գանձարանից գումարներ հատկացրեց հուշարձանի վերկանգնման համար: Այն վերաբացեցին, սակայն ոչ թե որպես եկեղեցի, այլ որպես թանգարան` թույլ չտալով խաչ տեղադրել գմբեթին:

Ես ամենեւին չեմ ուզում ասել, որ միջնադարյան հուշարձանների ճակատագիրը պետք է ավելի կարեւոր լինի մարդկային կյանքեր փրկելուց: Քավ լիցի: Սակայն համոզված եմ, վաղը մյուս օրը, ոչ միայն ես, այլեւ շատ ուրիշներ կցանկանան իմանալ, թե ինչպես է այդ մեծարժեք տաճարը տարել երկրաշարժը: Դրանց նկատմամբ հոգատարությունը, թվում է, ամենաքիչ քաղաքականացվածն է եւ առավել բարենպաստը միջոցը` ոչ միայն հայերի, այլ միլիոնավոր այլ քրիստոնյաների եւ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, որոնք իրենց մտահոգությունն են արտահայտում 1915թ. դեպքերի գնահատականների առնչությամբ»:

Կարո՞ղ է արդյոք Վանի երկրաշարժը Թուրքիայի իշխանությունների համար առիթ լինել հայկական հուշարձանների հետ «հաշիվները մաքրելու» համար: «Թուրքերից ամեն ինչ սպասելի է: Նրանք արդեն հաշիվները մաքրել են Արեւմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների մեծ մասի հետ»,-ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին սեփական գրպանները լցնելու համար թուրքական իշխանությունները դադարել են ոչնչացնել հայկական հուշարձանները, սակայն դեռ իներցիայով սովորական քաղաքացիները շարունակում են ավերել հայկական եկեղեցիներն ու տաճարները: «Այդ միտումների դեմ, որը ժամանակին խրախուսվում էր պետության կողմից, ստիպված է պայքարել հենց պետությունը: Թուրքիայի իշխնությունների համար բավականին ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանան վերադաստիարակել իրենց ժողովրդին»,-նշեց նա:

No comments: