Thursday, October 13, 2011

Իրանի ԶՈւ ԳՇ պետն ու ազգային անվտանգության նախարարը ԵՄ կողմից պատժամիջոցի ենթարկված անձանց ցուցակում են

Panorama.am. 13-10-2011- Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հրապարակել է իրանցի 29 բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ովքեր հոկտեմբերի10-ին Եվրամիության կողմից մարդու իրավունքների խախտման մեղադրանքով ընդգրկվել էին պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Պատժամիջոցների ենթարկված պաշտոնյաների շարքում են նաև ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին, Թեհրանի ոստիկանապետ Ալիռեզա Աքբարշահին, ՆԳՆ նախկին նախարար Սադեղ Մահսուլին (2009թ.), մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին Սիրիայի ներքին գործերին միջամտելու և ընդդիմադիրներին ճնշելու մեղադրանքով ԵՄ կողմից պատժամիջոցի էին ենթարկվել նաև իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան 3 զինվորականներ ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Ալի Ջաաֆարին, Ղոդսի ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և հետախուզական ուժերի հրամանատար Հոսեյն Թայեբը:
Իսկ մինչ այդ իրանցի զինվորականների նկատմամբ ԵՄ կիրառած պատժամիջոցների վերաբերյալ հետևյալ կերպ էր արտահայտվել ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, դիվիզիայի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին. «Իրանցի զինվորականները ոչ մի հարստության չեն տիրապետում, որ իրենց ֆինանսական կարողությունները ներդնեն ամերիկյան կամ եվրոպական բանկերում, ուստի Արևմուտքի կիրառած պատժամիջոցները նման են հոգեկան հիվանդների գործողությունների, այսինքն եթե մի բան, որը գոյություն չունի, ինչի՞ նկատմամբ են պատժամիջոց կիրառում, բացի այդ իրանցի մի շարք զինվորականներ մի քանի անգամ պատժամիջոցների են ենթարկվել, սակայն նրանք երբեք ԱՄՆ կամ Եվրոպա չեն այցելել և ցանկություն էլ չունեն այցելել»:

No comments: