Thursday, October 13, 2011

Կոնգրեսը դուրս եկավ հաղթանակած

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ

- Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակեց իր 8 պահանջներն ու 8 օր շուրջօրյա հանրահավաքներ անցկացրեց: Սակայն իշխանությունները չկատարեցին այդ 8 պահանջներից եւ ոչ մեկը: Ձեր կարծիքով, դադարեցնելով շուրջօրյա հանրահավաքները, Կոնգրեսն ինչպես դուրս եկավ այդ գործընթացներից՝ հաղթանակած, թե պարտված:
- Իշխանությունները մի բան են հասկացել, որ հասել են մի սահմանի, երբ մեր պահանջների կատարումն այլեւս ընկալում են որպես իրենց դիրքերի խարխլում: Իսկ դա նշանակում է, որ իրականում իշխանությունները շատ թույլ են: Այնտեղ կան շատ պարզ պահանջներ, որոնց կատարումը նրանց համար որեւէ խնդիր չէր ներկայացնում: Բայց իշխանությունը որդեգրեց շուրջօրյա հանրահավաքի շնորհիվ առաջացած ալիքին դիմակայելու հետեւյալ մարտավարությունը. չկատարել ոչ մի, անգամ ամենափոքր պահանջ: Որովհետեւ նախորդ զիջումներով այնքան թուլացած է, որ ցանկացած պահանջի կատարում հղի է նրա համար լուրջ հետեւանքներով: Երկրորդ՝ այդ պահանջները չկատարելու համար հանրահավաքների մասնակցությունը նվազեցնելու նպատակով, նրանք գնացին աննախադեպ քայլերի, Սահմանադրության կոպտագույն խախտումների՝ ենթարկելով սեփական ժողովրդին տրանսպորտային խստագույն բլոկադայի: Սա, իսկապես, աննախադեպ էր, համարում եմ՝ իշխանության գլխավոր պարտությունը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը սարսափած է, այնքան թույլ վիճակում է գտնվում, որ պատրաստ է անգամ այս գինը վճարել՝ սեփական իշխանության պահպանման համար: Եւ մենք գիտենք մեր դիվանագիտական շփումներից, որ այդ փաստը միջազգային հանրությունը արձանագրել է որպես իշխանությունների բացառիկ թուլություն: Այս քայլով իշխանությունները փաստորեն խոստովանում են, որ սվինների վրա են հենվում, եւ իշխանությունը երկրում պահում են միայն ոստիկանության եւ անվտանգության ուժերի գերլարումով: Իրենք սրանով խոստովանեցին, որ ժողովրդի մեջ ոչ մի հենարան չունեն: Սա համարում եմ կարեւոր հաղթանակ:
Հիմա՝ մենք ուժեղացա՞ծ դուրս եկանք այս ամենից, թե թուլացած: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ քանի որ ոչ մի պահանջ չի կատարվել, Կոնգրեսը թուլացած է դուրս եկել այս իրավիճակից: Բայց ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի փաստարկ չի բերվում, թե ինչով է Կոնգրեսը թուլացել: Մենք հաշվարկել էինք, որ անգամ եթե չկարողանանք այս ակցիայով պարտադրենք մեր պահանջների կատարումը, միեւնույն է կարեւոր է սաստկացնել ճնշումները եւ մոբիլիզացնել ժողովրդին վճռական գործողությունների, ստեղծելով պայքարի թեժացման նախապայմաններ: Իրականում մենք ինչ տեսանք. Կոնգրեսը սարսափեցրեց այս իշխանություններին, ցույց տվեց, որ միակ քաղաքական ուժն է, որը զանգվածային միջոցառումներով կարող է մարտահրավեր նետել ռեժիմի գոյությանը: 8 օրվա շուրջօրյա հանրահավաքների շնորհիվ ընդլայնեցինք համակիրների բազան: Այդ ընթացքում ինձ մոտենում էին տարբեր մարդիկ, խոստովանում, որ նրանք ատել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, չեն ընդունել Կոնգրեսին, բայց այս հանրահավաքների շնորհիվ փոխել են իրենց կարծիքը: Իսկ ինձ մոտեցած դասախոսներից մեկը ինձ ասաց, թե սա ֆանտաստիկ երեւույթ է, Տեր-Պետրոսյանն իր ելույթներով կրթում է ժողովրդին, բարձրացնում նրա գիտակցությունը մի նոր մակարդակի վրա եւ դա է նրան ստիպել փոխել կարծիքը Կոնգրեսի ու Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Բացի դրանից, այն եղբայրական մթնոլորտը, որ ստեղծվեց այդ 8 օրերի ընթացքում, գաղափարի վրա հիմնված հավաքականության ծնունդը` հրաշալի երեւույթ էր: Այսինքն՝ այդ 8 օրվա հանրահավաքների ժամանակ ուժեղացան Կոնգրեսի կառույցները, Կոնգրեսի քաղաքական ուժերը դարձան ավելի համախմբված: Սա եւս կարեւոր ձեռքբերում եմ համարում:
Մյուս ձեռքբերումը: Մեզ համար կարեւոր էր կոտրել մարտի 1-ի ջարդից հետո ժողովրդի մեջ առաջացած վախի մթնոլորտը: Մենք ապացուցեցինք՝ մենք ստեղծել ենք միջազգային հարաբերությունների մի համակարգ, ձեռք բերել միջազգային հեղինակություն, որը թույլ տվեց կազմակերպել լուրջ միջազգային ճնշումներ՝ իշխանությունների վրա, որ նրանք զերծ մնան ուժային լուծումներից: Իշխանություններին ուժային լուծում կիրառելու հնարավորություն չտալու նպատակով մենք նաեւ ստեղծեցինք Ազատության հրապարակում գործող ժողովրդական դիմադրության մեխանիզմ, արդյունքում՝ հնարավոր եղավ չեզոքացնել իշխանության ուղարկած գործակալներին, բացառել վրաններում թմրանյութեր, զենք կամ այլ նման առարկաների տեղադրումը, ինչի բազմաթիվ փորձեր եղան: Մշակեցինք մեխանիզմ, որը բացառում էր ոստիկանության ու ցուցարարների միջեւ կոնֆլիկտների կամ բախման հնարավորությունը, վիժեցրինք իշխանությունների բոլոր սադրանքները, որ ուղղված էին ուժի կիրառման առիթներ ստեղծելուն: Մնացած ձեռքբերումների մասին եւս կարելի է խոսել, դրանք ներկայացված են Կոնգրեսի բանաձեւի մեջ, որ ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարելի է համարել, որ մենք բավական լուրջ ձեռքբերումներով դուրս եկանք այս ակցիայի կազմակերպման շնորհիվ:

- Բայց ակնկալվող քաղաքական արդյունքը Կոնգրեսը ձեռք չբերեց, իշխանություններն էլ որդեգրեցին հետեւյալ դիրքորոշումը՝ ուզում եք շուրջօրյա հանրահավաքներ արեք, ուզում եք՝ ոչ, ձեզ վրա ուշադրություն չենք դարձնի: Անգամ այդ օրերին ընթացող ԱԺ քառօրյաների ժամանակ որեւէ խոսք չեղավ այս ամենի մասին:
- Նախ ուզում եմ արձանագրել հետեւյալը՝ երեք ու կես տարի մեզ մեղադրում էին վճռականության պակասի մեջ, ճնշումներ գործադրում, վստահեցնելով, որ եթե մենք գնանք վճռական գործողությունների, ապա ողջ ժողովուրդը կհավաքվի: Սա, թերեւս, այնպիսի բան է, որ մինչեւ չփորձարկես, որեւէ մեկը չի կարող ճշգրտորեն ասել՝ որքան ժողովուրդ կհավաքվի եւ ինչքան դիմադրություն կկարողանա ցույց տալ ռեժիմը: Այդ առումով կարեւոր էր փորձել ուժերը, անցկացնել ստուգատես, տեսնել՝ ինչպիսին են մեր ռեսուրսները, ինչպիսին են ռեժիմի խոչընդոտման ռեսուրսները: Այդ ամենը պետք էր մեկ օր անպայման փորձարկել: Դրա համար մենք մշակեցինք յոթնօրյա ակցիայի գաղափարը եւ դեռեւս չանցանք անժամկետ շուրջօրյա հանրահավաքների: Կարեւոր էր նման փորձնական ակցիայի գործարկումը, որը թույլ կտար պարզել եւ ժողովրդի արձագանքը, եւ իշխանության ահաբեկման լծակներն ու մեթոդները, նաեւ՝ թե դրանք որքանով են արդյունավետ: Ըստ էության՝ մի կարեւոր բան պարզվեց. իշխանությունը կարողացավ համաժողովրդական ընդվզումն այս ընթացքում կանխել միայն խստագույն բլոկադայի շնորհիվ, որով 8 օր շարունակ կտրեցին մարզերը մայրաքաղաքից, խայտառակվելով սեփական ժողովրդի եւ միջազգային հանրության առջեւ: Իսկ քառօրյայի ընթացքում չնկատելը ուղղակի ինֆորմացիոն բլոկադայի շարունակությունն էր: Իրականում ոչ թե չեն նկատել, այլ 8 օրվա ընթացքում ռեժիմի միակ զբաղմունքը եղել է ժողովրդի ընդվզման զսպումը, եւ ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը գործել են պատրաստականության բարձրագույն ռեժիմով, գործարկվել է քաղաքացիների ահաբեկման տոտալիտար մեքենան: Մենք իդենտիֆիկացրել ենք խոչընդոտման բոլոր սխեմաները եւ մշակելու ենք դրանց չեզոքացման անհրաժեշտ բոլոր քայլերը:

- Խոսեցիք ժողովրդի մոբիլիզացիայի մասին. հանրահավաքի մասնակիցների թիվը ձեզ համար գոհացուցի՞չ էր, թե ոչ: Ակնհայտ էր, որ հավաքվածներն այնքան չէին, որքան 2008-ին, բավական սակավամարդ էին այս ակցիաները:
- 2008 թ. հետ համեմատելը բացարձակապես կոռեկտ չէ. այդ ժամանակ նոր տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, եւ արդյունքում քաղաքականացվել էր ողջ բնակչությունը: 2008 թ. փետրվարին ունեինք ամբողջությամբ քաղաքականացված ժողովուրդ: Ակնհայտ է, որ նման բան տեղի են ունենում ընտրությունների, հատկապես՝ հենց նախագահական ընտրությունների ժամանակ: Հիմա մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ որեւէ ընտրություն չկա, եւ եթե հիմա կարողանում ենք այդքան մարդ ոտքի հանել, դա ֆանտաստիկայի ոլորտից է: Ոչ մի երկրում ոչ ընտրական ժամանակահատվածում հնարավոր չի այդքան մարդ հանել փողոցներ: Իսկ մենք դա կարողացանք անել:

- Այսինքն՝ գոհ եք հանրահավաքի մասնակիցների թվից:
- Եթե հաշվի առնենք, որ իշխանությունների կողմից կիրառվեցին իրենց վարկը խայտառակող աննախադեպ քայլեր, ապա բավական հզոր արդյունք էր: Ի վերջո, դեռ առավելագույն վիճակում չէ մեր մոբիլիզացիոն ռեսուրսը. մարդիկ արտագնա աշխատանքներից վերադառնում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ու մինչեւ մյուս տարվա ապրիլ այստեղ են: Ընթացքում են նաեւ թեժ գյուղատնտեսական աշխատանքները: Այսինքն՝ մոբիլիզացիոն ռեսուրսի առումով դեռ ամենաարդյունավետ շրջանում չենք: Երկրորդ՝ մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ դժվար է մարդկանց քաղաքականացնել, քանի որ չկան ընտրություններ: Եվ երրորդ՝ իշխանությունների կողմից կիրառվեցին ահաբեկման աննախադեպ ձեւեր. տրանսպորտային բլոկադա, ոստիկանության կողմից ակտիվիստների ահաբեկում, հոգեբանական ճնշումներ, շատերի հարազատներին ոստիկանություն պատանդ են տարել, խստագույն վերահսկողություն եւ սպառնալիքներ կիրառվեցին ուսանողների նկատմամբ: Այսինքն՝ ահաբեկման բոլոր տեսակի մեթոդներն են կիրառվել: Եվ այդ պայմաններում եթե մենք կարողացել ենք փորձնական ակցիային այդքան մարդ հավաքել, ապա արդյունքն այդքան էլ վատ չի:

- Կոնգրեսն այլեւս այժմեական չի համարում եւ երկխոսության անցկացումը, եւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը: Կխնդրեի մեկնաբանել, սա ինչ է նշանակում, եւ երկրորդ, Ձեր կարծիքով, կվերսկսվի՞ երկխոսությունը, թե ոչ, քանի որ իշխանությունները գոնե այս պահին չեն պատրաստվում խնդրողի դերում հանդես գալ:
- Երբ իշխանությունները գնացին մեր պահանջների կատարմանը, հետո էլ նստեցին բանակցությունների՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, կարելի էր ենթադրել, որ նրանք պատրաստ են ընդդիմության հետ քննարկել ժողովրդավարության անցման ծրագիր, որ մենք բանակցությունների արդյունքում համատեղ որոշենք նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտությունների անցկացման ժամկետներն ու պայմանները: Սա նորմալ պրոցես է եւ շատ երկրներում է եղել: Իշխանությունների համար այնքանով է դա շահավետ, որ նրանք ստանում են ժողովրդավարության անցման այս գործընթացում խոսքի, ազդեցության իրավունք: Մենք դրան դեմ չէինք: Դա ժողովրդավարության անցման ամենաքաղաքակիրթ տարբերակն է: Բայց իրենց այս կեցվածքով, երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության հարձակումներով, Տիգրան Առաքելյանի ակնհայտ քաղաքական կալանավորումով, շուրջօրյա հանրահավաքների ժամանակ երկխոսության վերսկսման մեր առաջարկի մերժումով նրանք ցույց տվեցին, որ պատրաստ չեն նման գործընթացի: Եթե երկխոսությունը որեւէ արդյունք չի տալիս դեպի ժողովրդավարություն անցման առումով, հասարակությանը նման երկխոսություն պետք չէ: Ուստի՝ իշխանությունների հետ երկխոսությունը դառնում է անիմաստ, ու մենք այսուհետեւ հետապնդելու ենք միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչից հետո տեղի ունեցող պրոցեսում ռեժիմի ներկայացուցիչների ձայնի որեւէ իրավունք չեն ունենալու: Այդ պրոցեսում իշխանությունները որեւէ անելիք չունեն այլեւս. նրանք չեն կարողանալու բանակցել ընտրությունների ժամկետների եւ պայմանների մասին, այլ ենթարկվելու են ժողովրդի թելադրանքին: Իշխանությունների նման կեցվածքի պարագայում, մենք բացառում ենք բանակցությունները եւ դնում ենք Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականի հարցը:

- Իսկ հավանական համարո՞ւմ եք այդ հրաժարականը. այդքան ժողովրդով ոնց եք պարտադրելու հրաժարական. գոնե վերջին հանրահավաքներին քիչ էին մարդիկ, եւ նրանք չե՞ն ասի՝ այդքանը չե՞ն ձեր կողմնակիցները:
- Բնականաբար այդ հրաժարականը պիտի պարտադրվի: Եվ պետք է պարտադրվի հենց նույն ձեւերով, ինչ տարբեր տրամաչափի դիկտատորներին պարտադրվել է ժողովրդի կողմից: Մենք հրաժարականի հասնելու ձեւը տեսնում ենք ժողովրդի մոբիլիզացիայի մեջ, դրա համար էլ կիրառելու ենք ճկուն ստրատեգիա, որը կօգտագործի զանգվածային ճնշման բոլոր միջոցները: Մենք կիրառելու ենք դեմոկրատական շարժումների ողջ զինանոցը, եւ վստահ եմ՝ եթե հիմա քաղաքական պահը միգուցե հասունացած չէ, գործընթացները մեր երկրում արագորեն գնում են դեպի այդ պահի հասունացումը: Այսօրվանից պետք է սկսենք պատրաստվել քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիաների, որոնցում մենք չենք սահմանափակվի միայն շուրջօրյա հանրահավաքներով: Ամեն ինչ ընթանում է այդ ուղղությամբ, եւ համաժողովրդական Շարժման ճիշտ գործողությունների դեպքում ժողովրդական ճնշումն ավելի արդյունավետ կլինի ու կպարտադրի Սերժ Սարգսյանին՝ տալ հրաժարական:

- Ուղղակի՝ արդեն քանի տարի է՝ պայքարում եք, ու չկա արդյունք: Արդյունք չեղավ նաեւ շուրջօրյա հանրահավաքներով:
- Լեհաստանում Սոլիդարնոստը 9 տարի պայքարեց ու հասավ արդյունքին: Ի՞նչ է պատահել: Մեզ ոչ վճռականություն է պակասում, ոչ հետեւողականություն: Կոնգրեսն այս երեք ու կես տարվա մեջ միայն հզորացել է: Մեզ մի քանի անգամ փորձեցին թաղել, անգամ հայտարարեցին Կոնգրեսի փլուզման եւ Շարժման մարման մասին: Բայց այս տարվա մեջ ունեցել ենք ամենահզոր հանրահավաքները՝ Կոնգրեսի ամբողջ պատմության ընթացքում: Մենք կարողացել ենք տեղից շարժել իշխանություններին, թելադրել մեր քաղաքական օրակարգը, պարտադրել քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի վերադարձը, շուրջօրյա հանրահավաքների անցկացման ազատությունը: Գնալով հզորացել ենք, մեծացրել ինչպես ազատության սահմանները, այնպես էլ համակիրների մեր բազան, մինչ դեռ իշխանությունների ճամբարում ակնհայտ ճեղքվածքներ են եւ բարոյազրկում:

- Տպավորություն է, որ հասարակության մի զգալի հատված չընդունելով այս իշխանություններին, հույսն այլեւս չի կապում ընդդիմության, Կոնգրեսի հետ, իսկ ելքը կամ արտագաղթն է, կամ՝ անհաղորդ, անտարբեր մնալը:
- Դա կոմֆորմիզմն է, հարմարվողականությունը, որը ամենամեծ վտանգն է ցանկացած շարժման համար: Վտանգն այսօր ռեժիմի մեջ չէ, այլ՝ հարմարվողականության մեջ: Դա բնական է, բայց ես վստահ եմ, որ մենք կամաց-կամաց թուլացնելով այս ռեժիմին, թուլացնելով նաեւ նման զանգվածային միջոցառումներով, հանելու ենք մարդկանց վախի եւ ապատիայի վիճակից: Անգամ այսօր վախեցածները եւ ապատիայի մեջ գտնվողները սրտով մեզ հետ են, այլ բան, որ նրանք ինչ-որ պահի կորցնում են հավատը հաղթանակի հանդեպ, այլ բան, որ իշխանության ճնշումները ինչ-որ պահի ավելի ուժեղ են լինում, քան ընդդիմության ներշնչած հավատը: Մակընթացություններ կարող են լինել, բայց ժողովրդավարացման պայքարի բովով անցած բոլոր երկրներում էլ փորձը ցույց է տալիս, որ դեմոկրատական զանգվածային շարժումը ի վերջո հաղթում է եւ վստահ եմ՝ անտարբերները, հարմարվողները մեզ հետ միասին մի օր դուրս են գալու Երեւանի փողոցներ՝ տոնելու ժողովրդավարության հաղթանակը: Դրա համար անհրաժեշտ ամենակարեւոր երաշխիքը` միացյալ եւ համախմբված ժողովրդավարական զանգվածային Շարժումը, մենք ունենք:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: