Monday, October 31, 2011

Օպերացիա “Իմպիչմենտ”

«Լրագիր» 31-10-2011- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 28-ի հանրահավաքում փաստացի հայտարարեց, որ Կոնգրեսը սկսում է պատրաստությունը հերթական ընտրությանը: Նա նշեց, որ ձգտելու են հասնել արտահերթի, բայց քանի որ դա միայն իրենցից կախված չէ, ապա պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման եւ ձգտեն ԱԺ-ում ունենալ գոնե այնպիսի ներկայություն, որ հնարավոր լինի բարձրացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը:
Ուշադրության է արժանի այն, որ Տեր-Պետրոսյանն այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո: Օրինակ, Սարկոզիի Հայաստան կատարած այցից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը դադարեցրեց շուրջօրյա հանրահավաքները, որ ութ օր շարունակ Կոնգրեսը անցկացրեց Ազատության հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո էլ Տեր-Պետրոսյանը հայտարարեց հերթական ընտրությանը պատրաստվելու մասին:
Դա թերեւս ակամա խոստովանություն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է թե Արեւմուտքում, թե Մոսկվայում ստանալ իր իշխանության բավարար աջակցություն, ինչը նրան թույլ կտա առնվազն մինչեւ խորհրդարանի ընտրություն պահել իշխանությունը: Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունը միայն իրենցից կախված չէ, թերեւս նկատի ունի նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով հետաքրքրված եւ որոշակի շահագրգռություններ ունեցող արտաքին կենտրոնների դիրքորոշումը:
Այդ դիրքորոշման մեջ, հատկապես ամռանը, կարծես թե նկատելի էր հնարավոր արտահերթի գործնական դիտարկում: Թերեւս պատահական չէ, որ իշխանությունն ինքն էլ Կոնգրեսի հետ երկխոսության մի քանի շաբաթների ընթացքում համաձայնեց անդրադառնալ արտահերթի ընտրության թեմային: Հետո սակայն այդ ամենը միանգամից ընդհատվեց, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը միաժամանակ մեղմելով Կոնգրեսի ալիքը, որ բուռն թափ ուներ գարնանից սկսած, կարողացավ նաեւ աշխատել արտաքին կենտրոնների հետ:
Այդ կենտրոնները փաստացի Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին իրենց պատկերացումներից հանել են արտահերթ ընտրության տարբերակը, ինչն էլ թերեւս նաեւ Կոնգրեսին է ստիպում հրաժարվել դրա ակտիվ գեներացումից:
Այժմ Կոնգրեսի խնդիրը թերեւս հերթական ընտրությունից առաջ հանրային այնպիսի էներգիայի գեներացումն է, որը թույլ կտա իշխանությունից կորզել խորհրդարանական այնպիսի սեգմենտ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իմպիչմենտի հարցը: Այն կարող է լինել Սերժ Սարգսյանի եւ Կոնգրեսի հերթական փոխզիջման առարկան, երբ իշխանությունը կհամաձայնի Կոնգրեսին տալ այդ հնարավորությունը` իհարկե ընդամենը հարցը բարձրացնելու մասով, ինքզինքը ապահովագրելով այն իմպիչմենտը իրականություն դաձնելու հնարավոր տարբերակներից:
Ի վերջո, խորհրդարանի հերթական ընտրությունից հետո մինչեւ նախագահի հերթական ընտրություն լինելու է մոտ մեկ տարի ժամանակ, ինչն էլ “սահուն” անցկացնելուն կօգնի իմպիչմենտի հարցը: Ակնհայտ է, որ այդ մի քանի ամիսներն անցկացնելու խնդիրը ոչ միայն Կոնգրեսինն է, այլ նաեւ իշխանությանը:
Իհարկե մինչ այդ կա խորհրդարանի հերթական ընտրությունն անցկացնելու խնդիրը, որովհետեւ փոխշահավետ կոմպրոմիսի առկայությունն ամենեւին չի նշանակում, որ Կոնգրեսն ու իշխանությունը հրաժարվում են միմյանց կապիտուլյացնելու ռազմավարական նպատակներից: Այդ կոմպրոմիսի միջոցով ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը թերեւս թելադրված կլինի նրանով, թե բացի երկու սեգմենտներից, քաղաքական դաշտում էլ ինչ կենսունակ նախագծեր կհայտնվեն, որոնք կհավակնեն Սերժ Սարգսյանի եւ Կոնգրեսի ազդեցությունը նվազեցնելուն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: