Thursday, November 10, 2011

Ամերիկյան փոքրիկ քաղաքում հիշում են 40-ականներին շրջանի միակ վիրաբույժին, որն ազգությամբ հայ էր

Tert.am. 10-11-2011- Ամերիկյան Գրեյսլեյք գյուղում գտնվող «Գրեյսլեյքի ժառանգության կենտրոնում» բացվել է հայազգի Գասպար Կոշկարյանի «բժշկական անկյունը»։
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, թանգարանում ստեղծված այդ անկյունն այցելուներին հնարավորություն կտա վերադառնալ 1940–ականները, երբ Կոշկարյանը ԱՄՆ Ինդիանա նահանգի Լեյք շրջանում միակ վիրաբույժն էր։
«Բժշկական անկյունում» ցուցադրված են նրա բժշկական գրասենյակի պարագաներն ու սարքավորումները։
Կոշկարյանի գրասենյակը շտապ բուժօգնության բաժանմունք էր ամբողջ շրջանի համար. հրշեջ ծառայության աշխատակիցները նույնիսկ հեռավոր շրջաններից այդ գրասենյակ էին տեղափոխում հիվանդների։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ չկային շտապ օգնության մեքենաներ և բրիգադներ։
Կոշկարյանը ոչ միայն այդ շրջանի ամենահարգված բժիշկն էր, այլև գործարար և հասարակական գործիչ։ Իլինոյս նահանգի Գրեյսլեք, Ռաունդ լեյք և Հեյնեշվիլ գյուղերում ապրելու տարիներին նա օգնել է այդ շրջանում ակումբ, բանկ, կինոթատրոն և դպրոց հիմնել։ Նա նաև զգալի դեր է խաղացել Ռաունդ լեյքում թերթի հիմնման գործընթացում։
Կոշկարյանը ծնվել է 1911թ. Հայաստանում, 2 տարեկանում ԱՄՆ է (Նյու Յորք) տեղափոխվել։ Նրա որդիներից մեկը՝ Դեյվը, հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ իր հայրը տանը հայերեն է սովորել, փողոցում ֆիններեն, հետո արդեն անգլերեն։
Դպրոցն ավարտելուց հետո կենսաբանություն է ուսումնասիրել Իլինոյսի համալսարանում, ապա, բժշկական կրթություն է ստացել։ Ամուսնացել է բուժքրոջ հետ։
Նա իր կնոջ հետ Լեյք շրջան է տեղափոխվել և աշխատել տեղի հիվանդանոցներից մեկում։ Մի քանի տարի անց` 1938թ., բժշկական գրասենյակ էր բացել Ռաունդ լեյքում՝ ավտոտնակի վերևում, որտեղ էլ աշխատել է ավելի քան 50 տարի։ Նա միաժամանակ նաև Վոքիգան քաղաքում (Իլինոյս նահանգ) գտնվող Սուրբ Թերեզա հիվանդանոցում վիրահատություններ է իրականացրել։
Նա 1937թ. դարձել է Սուրբ Թերեզա հիվանդանոցի անձնակազմի անդամ և 1960–ական թթ. մի քանի անգամ ղեկավարել այդ անձնակազմը: Նա Լեյք շրջանի ամենազբաղված վիրաբույժներից էր:
Նա նաև օգնել է Հարվարդի համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնադրմանը, որն առաջինն էր ԱՄՆ–ում:
Կոշկարյանը մահացել է 2002թ.՝ 90 տարեկան հասակում։

No comments: