Friday, November 11, 2011

800 ՀԱԶԱՐ ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿԵԴՐԱՄ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ

Ո՞ւմ էր պատկանում, ինչպե՞ս է ձեռք բերվել այդ հարստությունը եւ ի՞նչ միջոցներով է Էլյազիգից փոխադրվել Շվեյցարիա

«ԱԶԳ», 11-11-2011- Որքան էլ ժխտողականության հարցում թուրք հասարակությունը համերաշխ լինի թուրքական իշխանությունների հետ, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամեն մի դրսեւորում հավասարակշռությունից հանում է թե՛ մեկին եւ թե՛ մյուսին: Հիվանդագին երեւակայությունը դառնում է նրանց բնորոշ գիծը: Դա պատահական չէ, այլ հանցագործի հոգեբանության հետեւանք, որովհետեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը բացառապես շրջափակված էր հայ ժողովրդի դահիճներով, իսկ ընչաքաղց թուրքական ժողովրդական զանգվածներն անմիջականորեն մասնակցել էին Հայոց ցեղասպանությանը: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն ավելի է բորբոքում թուրքերի հիվանդագին երեւակայությունը, նրանք սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները:
Որոնումների պարագայում խոսքը էլյազիգցի գործարար Սաիդ Ալի Բայրաքի հոր շվեյցարական Credit Suisse բանկում պահվող 800 հազար օսմանյան ոսկեդրամի մասին է: 6 տոննա կշռող այդ ոսկեդրամները բանկին են հանձնվել 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման նախօրեին, շվեյցարական բանկը հայտարարել է, որ ոսկիների աղբյուրն անհայտ է, խարդախության հոտ է փչում դրանից:
Սակայն Անկարայի համալսարանի պրոֆ. Չաղրը Էրհանը փոխանակ մտածելու, թե 6 տոննա քաշ ունեցող 800 հազար ոսկեդրամն ի՞նչ հանգամանքներում է հայտնվել էլյազիգցի գործարար Բայրաքի հոր ձեռքում, ինչո՞ւ եւ ի՞նչ միջոցներով ու ճանապարհով է հասել Շվեյցարիա, մտահոգություն է հայտնում, թե Բայրաքը որպես ժառանգ տարիներ շարունակ, պայքարելով հանդերձ, չի կարողանում բանկից ստանալ իր հոր ոսկիները, ապա եւ ավելացնում. «Հետաքրքրական է, «աղբյուրն անհայտ», այս ոսկիներից խարդախության հոտը փչելու մասին արտահայտվելիս, ի՞նչ նկատառումներով է առաջնորդվել շվեյցարական բանկը»:
Ի դեպ, Էլյազիգի ոսկիների հարցը հոկտեմբերի 17-ի համարում արծարծվել էր «Միլլիեթ» թերթում: Համենայն դեպս, պրոֆ. Էրհանի «Թյուրքիե» թերթի նոյեմբերի 8-ի համարում հրապարակված հոդվածը, որն արտատպել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը, հետաքրքրական է: Ահա թե ինչ է գրել. «Էլյազիգցի գործարար Սաիդ Ալի Բայրաքը տարիներ շարունակ պայքարում է, որ շվեյցարական բանկից ստանա հորից ժառանգած 800 հազար օսմանյան ոսկեդրամը: Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ռայմոնդ Կունցը, ստացած հրավերին համապատասխան, Էլյազիգում հանդիպել էր Բայրաքի հետ եւ քննարկել ոսկիների ճակատագիրը:

Մի՞թե այս պատմությունը չափից դուրս տարօրինակ չէ: Մի կողմ թողած այն հարցը, թե 6 տոննա կշռող այս ոսկիները ինչպես են փոխադրվել Շվեյցարիա, ուզում եմ հարցնել. «Ո՞րն է 800 հազար օսմանյան ոսկիների աղբյուրը»:
Էլյազիգցի քաղաքացու հանգուցյալ հայրը «նացիստական ոսկիները որպես ավանդ ընդունող Շվեյցարիան կընդունի նաեւ իմ ոսկիները» տրամաբանությամբ դրանք հանձնել է բանկ: Սակայն չկասկածեք, որ այդպիսի ոչ մի առիթ բաց չթողնող հայկական լոբբին արդեն լուսարձակի տակ վերցրած պետք է լինի շվեյցարական բանկերում պահվող «աղբյուրն անհայտ» Էլյազիգի ոսկիները:
Հոկտեմբերի վերջերին Էլյազիգում բնակվող մեր քաղաքացին հայտարարելով իր հոր ունեցած 800 հազար օսմանյան ոսկեդրամի մասին, իսկույն հայտնվել էր օրակարգում: Ավելին, Շվեյցարիայի դեսպանն այցելել էր նրան, նույնիսկ ոսկիների վերադարձման համար միջամտել էր վարչապետ Էրդողանը:
Ըստ մեր քաղաքացու, նրա հայրը 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման նախօրեին 6 տոննա կշռող այս ոսկիները ցամաքային ու ծովային ճանապարհներով հասցրել էր Շվեյցարիա: Նշեմ, որ 800 հազար օսմանյան ոսկու արժեքը ներկայումս 4 մլրդ լիրա է կազմում (մոտ 3,5 մլրդ դոլար):
Հենց թերթում կարդացի ոսկիների մասին, զգացի, որ այստեղ տարօրինակ բան կա: Մեկը 800 հազար օսմանյան ոսկեդրամ ունենա, առանց Թուրքիայում կամ արտասահմանում ներդրում կատարելու պահի մինչեւ 1980 թ., ապա նախապես «իրազեկվի» սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման մասին եւ հեղաշրջումից մի քանի օր առաջ դուրս հանի Թուրքիայից:
Որքան ինձ հայտնի է, Թուրքիայի Հանրապետության առաջին շրջանում ոչ ոք «առձեռն» այդպիսի գումար չի ունեցել: 1924-ին հիմնադրված IS բանկի կապիտալը 250 հազար լիրա է, իսկ անգլիացիները Մոսուլից հրաժարվելու համար 1926-ին 500 հազար լիրա էին առաջակել Թուրքիային, որը չընդունվեց: Այսինքն խնդրո առարկա գումարը պետությունից գաղտնի տարիներ շարունակ պահելն անգամ ինքնին մեծ խնդիր է:
Մեր քաղաքացու վկայությամբ, նրա հայրը 6 տոննա կշռող ոսկե դրամները թաքցրել է «իրենց տան տակ փորած փոսում»: Եթե այս գումարը վերջինը վաստակել է շնորհիվ առեւտրի, ապա հանրապետության շրջանում օսմանյան ոսկեդրամով ինչպե՞ս է առեւտուր արել: Ինչո՞ւ այսքան մեծ ծավալի առեւտրի դիմաց չի հայտնվել հարկատուների ցուցակում: Ինչո՞ւ է թաքցրել գումարը կամ ինչո՞ւ չի փոխանակել, չի դրել թուրքական բանկում, ներդրում չի արել եւ գործարան չի կառուցել: Գուցե այս ոսկեդրամների աղբյուրն իսկապես խնդրահարույց է:
Երբ մեր քաղաքացու հանգուցյալ հայրը մտածում էր «նացիստական ոսկիները պահող Շվեյցարիան կպահի նաեւ իմ ոսկիները», մի՞թե չգիտեր, որ այդ ոսկիները հրեաներին էր պատկանում, այլ ոչ թե նացիստներին: Միլիոնավոր մարդկանց համակենտրոնացման ճամբարներում ոչնչացնող նացիստներն առգրավել էին իրենց զոհերի ունեցվածքը եւ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ոսկիների նկատմամբ: Ի դեպ, 90-ականներին նացիստների առգրաված ոսկիների շվեյցարական բանկերում պահպանման շուրջը քաղաքական փոթորիկ էր բարձրացել: Այդ ոսկիների հետ կապված շվեյցարական բանկերը ստիպված էին ֆինանսական որոշ գաղտնիքներ հայտնել ԱՄՆ-ին ու Անգլիային: «Հոլոքոսթի զոհերի» անունը կրող բազմաթիվ կազմակերպություններ ընկել են այս ոսկիների հետեւից: Առեղծվածն առ այսօր չի բացահայտվել: Դեռ դատավարություններն էլ շարունակվում են:
Ահա թե ինչո՞ւ էին զարմացել, կարդալով 800 հազար օսմանյան ոսկեդրամի մասին: Եթե այդ ոսկիները շվեյցարական բանկերում դրվել են «նացիստական ոսկիների» օրինակով, ապա այս գումարի աղբյուրն անհայտ լինելու առումով պետք է տեղիք տա լուրջ մտահոգության: Թալեաթ փաշան «Գաղտնի թղթածրարում» 1915-ին Մամուրաթուլազիզից (Էլյազիգ) տեղահանված հայերի թիվը 70 հազար է նշում: Այդ հայերից ոչ մեկն այլեւս Էլյազիգ չվերադարձավ: Տեղահանվել են նաեւ քաղաքի ունեւոր հայ ընտանիքները: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք «տեղահանությունից հետո վերադառնալու» հույսով փոխանակ ունեցած ոսկին իր հետ վեցնելու, թողել է մահմեդական վստահելի հարեւանի մոտ կամ թաղել ապահով մի տեղ, ինչի մասին տարիներ շարունակ բերնեբերան պատմում են: Այդպիսի պատմություններ պատմում են նաեւ Արեւելյան Անատոլիայի այլ քաղաքներում: Ավելին, ԱՄՆ-ի քաղաքացի բազմաթիվ հայեր իրենց պապերի թաղած ոսկիները գտնելու նկատառումով հաճախ են այցելում այս շրջանները:
2015-ին լրանում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայերը կարեւոր նշանակություն են տալիս այդ տարելիցին: Կասկածից վեր է, որ այդ առումով որեւէ առիթ բաց չթողնող հայկական լոբբին արդեն լուսարձակի տակ վերցրած պետք է լինի «աղբյուրն անհայտ» այս ոսկիները: Էլ չենք խոսում շվեյցարական Credit Suisse բանկի մասին, որը հայտարարում է. «Ոսկիները խնդրահարույց են: Խարդախության հոտ է փչում»: Հետեւաբար չի կարելի վարչապետին խառնել այսպիսի մութ գործերի մեջ, որի ծայրը քիչ թե շատ հայտնի է, թե ո՞ւր է տանելու: Առավել եւս չի կարելի վարչապետին դնել այնպիսի իրավիճակում, որ նա հայտնվի «աղբյուրն անհայտ» գումարի հետեւից ընկնողի կարգավիճակում, ինչը, հեղինակության առումով, Թուրքիայի համար կարող է լուրջ խնդիր դառնալ առաջիկայում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: