Friday, November 11, 2011

Սարգսյանների հեղափոխությունը

«Լրագիր» 11-11-2011- Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայում ունեցած ելույթում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարելով Հայաստանում հռչակված արժեքների եւ իրականության միջեւ ճեղքվածքի գոյության մասին, արել էր բավական պերճախոս հայտարարություն:
“Ես կամփոփեմ իմ խոսքը, կրկնելով այն իրողությունը, որ մեր ներկա վիճակը հստակորեն պահանջում է արմատական փոփոխություններ և համարձակ նախաձեռնություններ։ Հայաստանը շատ հաստատակամ է այս ճանապարհի վրա։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, Հայաստանը քաղաքական կամք ունի` արագացնելու բարեփոխումների գործընթացը”, հայտարարել էր Տիգրան Սարգսյանը:
Թե Սերժ Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը հաճախ են ելույթներ ունենում փոփոխությունների թեմայով, թե Հայաստանում, թե արտերկրում: Բայց, պետք է թերեւս խոստովանել, որ Հայաստանի քաղաքացու համար այդպես էլ մինչեւ վերջ հստակ չէ, թե ի վերջո որոնք են այն փոփոխությունները, որոնք կատարելու համարձակություն են հայտնում Սարգսյանները:
Բանն այն է, որ այդ փոփոխությունները Հայաստանի քաղաքացու համար շոշափելի կամ տեսանելի չեն: Համարձակության մասին խոսքը ենթադրում է, որ փոփոխությունների պարագայում իշխանությունը գնում է ռիսկի: Որն է Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի ռիսկը այդ դեպքում: Ում հանդեպ են նրանք համարձակ՝ հասարակության, իշխող համակարգի, իրենք իրենց:
Հասարակության առաջ համարձակության խնդիր թերեւս պետք է որ չլինի, որովհետեւ հասարակությունը պահանջում է փոփոխություններ, արմատական եւ հեղափոխական փոփոխություններ, ու դրանք կատարելու դեպքում Սերժ եւ Տիգրան Սարգսյանները կարող են վայելել հանրության աջակցությունը:
Համարձակության խնդիրը թերեւս յուրայինների հանդեպ է, ովքեր արմատական փոփոխություններին կարող են ցավոտ արձագանքել, որովհետեւ դրանք ենթադրում են քաղաքական, տնտեսական մենաշնորհների սահմանափակում, արտոնյալ դիրքի չեզոքացում, քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների ճանաչում, օրենքի առաջ հավասարության ապահովում:
Բայց Սերժ եւ Տիգրան Սարգսյանների բարեփոխումը կարծես թե էականորեն չի շոշափում այդ ամենը: Ավելին, բարեփոխում կոչված գործընթացը այնքան դանդաղ եւ այնքան անարդյունավետ է շարքային քաղաքացու շահի համալիր պաշտպանության մակարդակի բարձրացման տեսանկյունից, որ քաղաքացին այդ գործընթացը գնահատում է ոչ թե իշխող համակարգը վերափոխելու, այլ հռչակվող բարեփոխման միջոցով այն ներքուստ առավել ամրացնելու, հղկելու, բյուրեղացնելու եւ պաշտպանելու քայլ:
Քաղաքացին տեսնում է, որ իշխանությունն առայժմ գործնական համարձակություն ցուցաբերում է միայն քաղաքացու գործողությունները վերահսկելու, հարկ եղած դեպքում ճնշելու ուղղությամբ:
Որոնք են այն արմատական եւ համարձակ փոփոխությունները, որ հռչակված արժեքների եւ իրական կյանքի միջեւ տարբերությունը վերացնելու համար պատրաստ են անել Սերժ եւ Տիգրան Սարգսյանները: Արդյոք այդ արմատական եւ համարձակ բնորոշումները հերթական հռչակագրերը չեն, որոնք կապ չեն ունենում իրական կյանքի հետ:
Թե նրանք նկատի ունեն արմատական եւ համարձակ օրենսդրական փոփոխությունները, օրենքները, որոնք ինչ համարձակությամբ որ ընդունվում են, նույն համարձակությամբ էլ շրջանցվում են:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: