Sunday, November 13, 2011

ԱՄՆ ռազմածովային բազա Վրաստանում

ԱՄՆ ռազմածովային հրամանատարությունը խնդիր ունի Վրաստանի սեւծովյան ափին ստեղծել լոգիստիկա երկրի ռազմածովային ուժերի համար: Տվյալ խնդիրը դրվել է դեռեւս 2005 թվականին, սակայն մի քանի անգամ կոնկրետ աշխատանքները կամ հետաձգվել են, կամ բախվել լուրջ տեխնիկական խնդիրների:
2011 թ. մարտին կրկին Վրաստան են այցելել ԱՄՆ ռազմածովային ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները, ուսումնասիրելու հսկիչ ռազմանավերի համար նավահանգիստ-բազա ստեղծելու հնարավորությունները: Ենթադրվում է, որ տվյալ դասի նավերի բազավորման կողքին, տվյալ նավահանգիստը պետք է ծառայի տրանսպորտային եւ միջին դասի նավերին:
Վրաստանի քաղաքական ղեկավարությունը տվյալ նպատակների համար առաջարկել է Բաթումիի ու Փոթիի նավահանգիստները, պատճառաբանելով, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմանավերը եղել են այդ նավահանգիստներում: Սակայն, այդ նավահանգիստների տեխնիկական բնութագրերը, դիրքը եւ գործառույթները, որոնցով տեղափոխվում են նավթ, նավթամթերք եւ այլ պայթյունավտանգ նյութեր, ինչպես նաեւ լրացուցիչ ծավալուն աշխատանքների անհրաժեշտությունը չեն նպաստում ռազմածովային բազավորման պահանջներին: Բացի այդ, տվյալ նավահանգիստների օգտագործումը պաշտպանական նպատակներով կհանգեցնի ավելի նշանակալի ծախսերի, քան նոր նավահանգստի կառուցումը:
Միեւնույն ժամանակ, բազավորման համար հատուկ նավահանգստի առկայության դեպքում, տվյալ նավահանգիստները կարող են օգտագործվել դրվագաբար: Տարբերակներից մեկը, որ առաջարկել են վրացիները, ենթադրում է փաստացի Աբխազիայի սահմանին մոտ նավահանգստի կառուցումը, որը ամերիկացիները մերժել են:
Ըստ տեղեկությունների, վրացական կողմը պատրաստել է Փոթիի շրջակայքում ռազմածովային բազայի կառուցման տեխնիկական փաստաթղթեր, որը ենթադրում է լայնածավալ հողային աշխատանքներ, որը թույլ կտա միաժամանակ ընդունել խոշոր առեւտրային նավեր: Ծախսն այդ ծրագրով կազմում է 11,2 մլն դոլար: Կարծիք կա, որ դա մեծ գումար չէ տվյալ խնդրի լուծման համար:
Այս անգամ, Վրաստան այցելելով, ամերիկացի զինվորականները չեն մերժել Փոթիի վերաբերյալ տվյալ առաջարկը: Կա տեղեկատվություն, ըստ որի բանակցության շրջանակներում պարզվում է, որ ամերիկացիները չեն պատրաստվում բավարարել Վրաստանի հույսը՝ զգալի վճարներ ստանալ վարձակալության դիմաց: Ամերիկացիները հայտարարում են, որ, նախ, ԱՄՆ ԶՈՒ առաջավոր բազավորման զարգացման հայեցակարգում ենթադրվում է ծախսերի առավելագույն նվազեցում, երկրորդ, խոսք չի կարող լինել վարձակալության մասին, քանի որ նկատի է առնվում ոչ թե վարձակալական հարաբերությունները, այլ նավահանգիստների համատեղ օգտագործումը, իսկ վճարումները կատարվելու են ընթացիկ ծառայություններին համապատասխան:
Առայժմ պարզ չէ, արդյոք համագործակցության տվյալ ծրագիրը Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագրի մասն է, թե ոչ, թե ԱՄՆ շահագրգռված է այս ոլորտում «ուղիղ» համագործակցությամբ: Ըստ ամենայնի, նկատի են առնվում խնդիրները, որոնք ծառացած են ՆԱՏՕ-ի առջեւ Սեւ ծովում:
Ըստ տեղեկությունների, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս մտադիր են հանդես գալ նախաձեռնությամբ, ըստ որի ենթադրվում է Վրաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացնել հսկողություն Սեւծովյան ավազանում, նավագնացության անվտանգությունն ապահովելու եւ թմրանյութերի ու այլ արգելված բեռների «ֆիլտր» ստեղծելու նպատակով: Չի բացառվում, որ տվյալ հսկողությունը կիրականացվի Աբխազիայի ափամերձ մասերում:
Պետք է նշել, որ թուրքական մի շարք նավահանգիստներ ունեն նման կարգի նավեր ընդունելու եւ սպասարկելու հնարավորություններ, այդ թվում՝ Թուրքիայի սեւծովյան ափի արեւելյան մասում: Սակայն, երեւում է, ԱՄՆ նպատակներից մեկն այն է, որ Թուրքիային ցույց տան ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմանավերի բազավորման այլընտրանքը: ԱՄՆ սպաների ցանկացած այց Վրաստան անհանգստություն է առաջացնում Թուրքիայում, որի կապակցությամբ Թբիլիսիում թուրքական դեսպանատունն ամեն անգամ հիշեցնում է վրացական կառավարությանը, որ կան կասկածներ Բաթումի նավահանգիստը ռազմածովային բազայի վերածման իրավաչափության վերաբերյալ:
Վրացական ղեկավարությունը բազմիցս բացատրություններ է տվել Թուրքիային, որ նման մտադրություններ չկան, եւ առկա է ընդամենը սեւծովյան նավահանգիստները անվտանգության նպատակով օգտագործելու վերաբերյալ քննարկում: Բացի այդ, Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ հսկման սխեման, որ առաջարկում են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան, ոչ մի կերպ չի համապատասխանում իրենց շահերին, եւ պնդում են տվյալ ծրագրերին իրենց մասնակցությունը:
Հնարավոր է, Վրաստանը կներգրավվի Սեւծովյան ավազանում վերահսկողություն սահմանելու պայքարին, որում Թուրքիան առայժմ չի գրավել իրեն հասկանալի տեղը եւ իրեն զգում է վնասված:
Իգոր Մուրադյան

No comments: