Wednesday, November 2, 2011

Զարաքոլուն կալանավորվեց

Tert.am. 1-11-2011- Ստամբուլի դատարանի կայացրած որոշմամբ կալանավորվել է օրեր առաջ ձերբակալված հայտնի հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն և պրոֆեսոր Բուրշա Էրսանլըն։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դատարանի որոշման համաձայն կալանավորվել են նաև նույն գործի շրջանակում ձերբակալված ևս 21 անձինք։
Հիշեցնեք, որ «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել էր օրեր առաջ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ: Զարաքոլուի հետ միասին ձերբակալվել էին 50 այլ անձինք։
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակում հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 90-ից ավելի քուրդ ակտիվիստների հետ ձերբակալվել է նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն:
Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի մերժողականության դեմ պայքար մղող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:
Ամիսներ առաջ Ռագըփ Զարաքոլուն Երևանում ստացել է «Հակոբ Մեղապարտ» մեդալ:

No comments: