Wednesday, November 2, 2011

Քարայըլան. «PKK-ն վայր կդնի զենքը, եթե քրդերն ինքնակառավարվեն»

Panorama.am. 1-11-2011- «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) փաստացի ղեկավար Մուրատ Քարայըլանը ներկայացրել է այն նախապայմանը, որով PKK-ն կհրաժարվի զինված գործողություններից ու վայր կդնի զենքը:
Ըստ նրա կողմից տարածված հայտարարության` դա կարող է լինել այն դեպքում, երբ ճանաչվի քրդերի ինքնակառավարվելու իրավունքը: Թուրքական «Haber5» կայքի համաձայն` նա դրական է գնահատել բասկերի «ETA» կազմակերպության` զենքը վայր դնելու որոշումը` միաժամանակ նշելով, որ դրական է նաև Իսպանիայի կառավարության մոտեցումը:
Քարայըլանը նաև համոզմունք է հայտնել, որ քուրդ պարտիզանների ու փեշմերգայի միջև պատերազմ չի լինի, քանի որ քրդերի` իրար դեմ պատերազմելու հիմքերը չկան:
Նա նաև դրական է համարել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի նախագահ Մեսուդ Բարզանիի ջանքերն` ուղղված քրդական խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը` փաստելով, որ իրենք ևս ցանկանում են խաղաղ ճանապարհով հասնել խնդրի արմատական լուծմանը: Անդրադառնալով պետության ներկայացուցիչների ու PKK-ի միջև բանակցություններին ու հանդիպումներին` Քարայըլանը փաստել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում որոշ հարաբերություններ են եղել թուրքական պետության ու կազմակերպության միջև և եթե սկզբնական շրջանում այդ բանակցությունները կայանում էին միջնորդների միջոցով, ապա վերջին երկու տարում դրանք եղել են ուղղակի: Նա նաև նշել է, որ ներկայումս երկուստեք պահպանվում է հրադադարը Իրանի ու ՓԺԱՔ-ի (Քուրդիստանի Ազատ կյանքի կուսակցության) միջև:

No comments: