Saturday, November 12, 2011

Ինչպես կհեռանա «էլիտան»

«Լրագիր» 11-11-2011- Երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ եւ անցավ իր պաշտոնական պարտականությունների կատարմանը, հայտարարեց, որ Հայաստանը ձեռնամուխ է լինում նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Այդ նախաձեռնողականությունից սակայն մենք ականատես եղանք միայն հայ-թուրքական գործընթացին, իսկ այդ համատեքստում էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի «մերձռուսական» աշխուժացման:
Որեւէ այլ արտաքին քաղաքական նշանակալի նախաձեռնություն Սերժ Սարգսյանն այդպես էլ չցուցաբերեց: Ու երեւի թե բախեբախտաբար, որովհետեւ Հայաստանը մի կերպ, այն էլ թերեւս արեւմտյան տերությունների օգնությամբ կարողացավ խուսափել Հայաստանի համար վտանգավոր հայ-թուրքական նախաձեռնության եւ դրա «ղարաբաղյան» հետեւանքների վտանգից: Կարելի է պատկերացնել, թե Հայաստանի որեւէ այլ նախաձեռնություն էլ ինչ վտանգների առաջ էր դնելու երկիրը:
Մինչդեռ Արեւմուտքը ամեն վտանգից չէ, որ կարող էր ազատել Հայաստանը, որովհետեւ արեւմտյան օգնությունը բարեգործություն չէ, այլ քաղաքական շահի սպասարկում, եւ եթե այդ շահը չհամընկնի Հայաստանի շահին, Արեւմուտքը մեզ չի օգնի: Դա միանգամայն տրամաբանական իրավիճակ է: Հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերում, բարեբախտաբար, կար այդ շահերի համընկնումը, եւ դեռ կա, ինչը Հայաստանին օգնեց դիմակայել իր իսկ նախաձեռնողականության ռիսկերին:
Ներկայում Հայաստանը սառեցրել է նաեւ նախաձեռնողականությունը հայ-թուրքական եւ ղարաբաղյան ուղղություններով: Պետք է հուսալ, որ Սերժ Սարգսյանը այդ քայլին գնացել է ոչ միայն «արտաքին պահանջարկի» բացակայության, այլ նաեւ ներքին այն համոզումի պատճառով, որ Հայաստանն այժմ չունի արտաքին այդօրինակ նախաձեռնությունների կարիք: Մինչ այդ, նախագահամուտին, նրա համոզումը թերեւս այլ էր: Սերժ Սարգսյանը թերեւս մտածում էր, որ հայ-թուրքական նախաձեռնությունն ու դրա «ղարաբաղյան» ճյուղավորումը կարող էր միաժամանակ թե անձամբ իր իշխանության համար շահեկան լինել, թե Հայաստանի:
Այլ կերպ ասած, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ թվում էր, որ համընկել են Հայաստանի եւ Սերժ Սարգսյանի շահերը՝ հայ-թուրքական հարաբերության հաստատմամբ Հայաստանը տնտեսական նոր հնարավորություններ կստանար, իսկ Սերժ Սարգսյանն էլ կստանար միջազգային լեգիտիմություն, նաեւ հնարավորություն կունենար օլիգարխիկ համակարգի համար ընդլայնել սպառվող ռեսուրսները, համակարգը զերծ պահելով ռեսուրսների համար ներքին պայքարից:

Բայց, իրադարձությունների զարգացումը թերեւս ստիպեց փոխել այդ պատկերացումները: Արեւմուտքը բարեհաջող կերպով փակուղի մտցրեց հայ-թուրքական գործընթացը, որում այդքան շահագրգռված էր Ռուսաստանը, Սերժ Սարգսյանին թերեւս հասկացնելով, որ միջազգային լեգիտիմության համար նրան անհրաժեշտ է ոչ թե հայ-թուրքական կամ ղարաբաղյան կոմպրոմիս, այլ հակառակը՝ Հայաստանի ռազմաքաղաքական կշռի բարձրացում, ինչի կարեւոր գրավականը ստատուս-քվոյի պահպանությունն է ու Հայաստանի ներքին որակի հաշվին դրա ամրացումը:



Հայ-թուրքական սահմանի բացումը զուտ վիճակագրական իմաստով անշուշտ օգտակար է Հայաստանի տնտեսության համար, բայց քաղաքական իմաստով դա ընդամենը վերածվելու է ներկայիս համակարգի սնուցման մի առատ աղբյուրի, ինչը էլ ավելի է կարծրացնելու Հայաստանի օլիգարխիկ տնտեսությունը, իշխանությանը զրկելով համակարգային փոփոխության անհրաժեշտությունից: Իսկ Հայաստանի իշխանությունն այդպիսի քայլերի կարող է գնալ միայն ծայրաստիճան ստիպված լինելու պայմաններում:
Ներկայում, երբ Հայաստանը գտնվում է ռեսուրսային սղության վիճակում, երբ նաեւ դրա պատճառով զգալիորեն սրվում են ներիշխանական հակասությունները, իշխանությունը այլ ելք չունի, քան թեկուզ մեծ դիմադրությամբ, թեկուզ մեծ դժկամությամբ եւ դանդաղաշարժությամբ, բայց այդուհանդերձ գնալ համակարգային վերափոխումների, որովհետեւ ռեսուրս չկա օլիգարխիկ համակարգն ինքնաբավ վիճակում պահելու համար:
Հայաստանից, Սերժ Սարգսյանից, պահանջվում է ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական նախաձեռնողականություն, որպեսզի կազմաքանդվի այն համակարգը, որը արգելակում է Հայաստանի զարգացման ստեղծագործական պոտենցիալը: Որքան էլ տարօրինակ չթվա, այդուհանդերձ Հայաստանի այդ պոտենցիալը բացելու թերեւս միակ օպտիմալ տարբերակը մնացել է Հայաստանի իշխող համակարգին մինչեւ վերջ անկյուն քշելը: Հայաստանի հասարակությունը միայնակ դա չի կարողանում անել, եւ այդ գործում նրան կարծես թե բավական նրբորեն օգնում է այսպես ասած արեւմտյան հանրույթը:
Եվ այստեղ, այդ հանրույթի ու Հայաստանի շահերն իրապես համընկնում են, ինչից իհարկե պետք է օգտվել առավելագույնս, լուծելով երկրի համար կարեւոր ռազմավարական խնդիրներ: Պարզապես, այդ պահն օգտագործելու համար Հայաստանը դրսում, եթե փոքր ինչ կոպիտ ձեւակերպեմ, փաստացի որեւէ անելիք չունի: Հայաստանի անելիքը ներսում է:
Գիտակցե՞լ է այդ ամենը իշխանությունը, դարձե՞լ է այն համոզում: Դժվար է ասել: Թվում է, թե իշխանությունը իր գործունեությունը կենտրոնացրել է ներքին խնդիրների վրա, բայց ակնհայտ է, որ կա արդյունավետության զգալի պակաս, դինամիկայի զգալի պակաս: Այսինքն, տպավորություն է, ժողովրդական լեզվով ասած, որ Հայաստանի «աչքը դուրսն» է:
Այդպես հազիվ թե երկար շարունակվի: Այդպես կամ իշխանության աչքն է դուրս գալու, կամ Հայաստանի: Անհրաժեշտ է ամբողջությամբ կենտրոնանալ ներսի վրա: Միեւնույն է, այդ հարցերը Հայաստանում լուծվելու են, որովհետեւ Հայաստանի հարցերն ակնհայտորեն ստացել են աշխարհաքաղաքական նշանակություն:
Իսկ այդ նշանակություն ստացող հարցերը վաղ թե ուշ լուծվում են այնպես, ինչպես թելադրում է աշխարհաքաղաքական զարգացումների, համաշխարհային գործընթացների տրամաբանությունը: Դրա վառ օրինակները շատ են:
Հայաստանի իշխող «էլիտան» չունի համաշխարհային գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն թողնելու հնարավորություն: Բայց Հայաստանի իշխող «էլիտան» ունի հնարավորություն որոշել, թե ինքն ինչ դեր է կատարելու այդ զարգացումներում եւ դրանց համատեքստում Հայաստանի համար գրեթե աննախադեպ նպաստավոր ժամանակահատվածում:
Իհարկե, թերեւս բոլոր դեպքերում այդ «էլիտային» վերապահված է լինելու հեռացողի դերը: Բայց հարցն այն է, թե ինչպես: Որովհետեւ «էլիտան» կարող է պետության համար շահավետ իր գործունեությամբ ինքն անմիջականորեն ձեւավորել նաեւ իր հեռանալու փոխադարձ շահեկան պայմանները, կամ պարզապես սպասել, թե պայմաններն ինչ հեռացում կձեւավորեն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: