Thursday, November 3, 2011

Ադրբեջանի իշխանությունը Վաշինգտոնում նոր լոբբիստական կազմակերպություն է ստեղծել

Panorama.am. 3-11-2011- Ադրբեջանի իշխանությունը Վաշինգտոնի հետ հարաբերությունները մերձեցնելու համար նոր լոբբիստական կազմակերպություն է ստեղծել: «Ենի Մուսավաթը» գրում է, որ այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ Կոնգրեսի «The Hill» տեղեկագրում հրապարակված հայտարարությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ մոտ օրերին ձևավորված ոչ առևտրային կազմակերպության համար գործադիր տնօրեն է որոնվում: Կազմակերպությունը պետք է աշխատի Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի միջև ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու համար, որոնվող գործադիր տնօրենն էլ պետք է լինի այդ ուղղությամբ փորձառու և ռազմավարական մտածողության տեր անձնավորություն և ունենա կոնգրեսականների հետ լավ հարաբերություններ ստեղծելու կարողություն:
Թեկնածուները պետք է լինեն Վաշինգտոնի բնակիչներ: Դիմողները պետք է կարճ ներկայացնեն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման գործում իրենց պատկերացումներն ու առաջարկությունները: Նոր ստեղծվող կազմակերպության անունը չի նշվում: Վաշինգտոնում լոբբիստական կազմակերպության հիմնական պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է:
«Ամեն տարի այս գործի համար Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է տրամադրում, սակայն լոբբիստական կազմակերպություններին վճարվող այդ գումարները շատ դեպքերում նպատակին չեն ծառայում, չեն օգնում անգամ ԱՄՆ վարչակազմի հետ Ադրբեջանի իշխանության միջև հարաբերությունների լավացմանը: Երևում է, որ Ադրբեջանի իշխանությունը որոշել է վերանայել Վաշինգտոնում իր օգտին արվող լոբբիստական գործունեությունը և այս անգամ ստեղծել արդեն իր սեփական կազմակերպությունը»,- եզրակացնում է «Ենի Մուսավաթը»:

No comments: