Wednesday, November 30, 2011

Ռուսական “բադը” Հայաստանի ջրերում

«Լրագիր» 30-11-2011- Ռուսական CNews հրատարակությունը գրում է, որ ՄՏՍ ընկերությունը 90 միլիոն դոլար վարկ է տրամադրել իր դուստր ձեռնարկության՝ “Ղ-տելեկոմի” համասեփականատեր Ֆաթուշների ընտանիքին: Ըստ ռուսական պարբերականի, այդ փողը ծառայելու է “Ղ տելեկոմ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների բավարարմանը: Ռուսական լրատվամիջոցը գնում է ավելի հեռուն եւ հայտնում, որ խոսքը Յիրիկյանին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու մասին է: Այդ մասին գրում է Ռեգնումը:
Ինչպես հայտնի է, “Ղ տելեկոմ” ընկերության սեփականատեր Ֆաթուշների ընտանիքը ընկերությունը մի քանի տարի առաջ վաճառեց ՄՏՍ ընկերությանը: ՄՏՍ-ը դարձավ “Ղ Տելեկոմի” 80 տոկոսի սեփականատեր, պայմանով, որ հետագայում ձեռք կբերի նաեւ մյուս 20 տոկոսը: “Ղ տելեկոմը”, որ մինչ այդ հայաստանյան շուկայում հանդես էր գալիս “Վիվասել” ապրանքանիշով, դրանից հետո սկսեց հանդես գալ “Վիվասել-ՄՏՍ” ապրանքանիշով:
Ռուսական մամուլը գրում է, որ ՄՏՍ-ը երկարաձգել է Ֆաթուշներին պատկանող 20 տոկոս բաժնեմասի գնման ժամկետը մինչեւ 2016 թվական: Դա, ըստ ընկերության աղբյուրի, պայմանավորված է հենց Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնություններով:
Այդպիսով, ռուսական մամուլը, դեռ Հայաստանի խորհրդարանի ընտրությունը չսկսած, արդեն Հայաստանի նախագահի ընտրության թեկնածու է հրապարակում, անուն է հրապարակում՝ Ռալֆ Յիրիկյան:
Ռուսները փաստորեն տալիս են Հայաստանում նախագահի ընտրության գործընթացի մեկնարկը, ըստ երեւույթին խորհրդարանի ընտրության հարցը համարելով լուծված, կամ էլ համարելով, որ խորհրդարանի ընտրության գործընթացը վերահսկելու հարցում այդքան էլ էական շանսեր չունեն եւ ավելի լավ է շտապել քայլեր կատարել նախագահի ընտրության գործընթացի վերահսկելիության ուղղությամբ:
Պետք է արդյոք Ռալֆ Յիրիկյանին այդ ամենը: Պետք է արդյոք խառնվել Հայաստանի նախագահի ընտրության գործընթացին, առավել եւս, որ ակնհայտ է այդ գործընթացում ընդամենը գործիքի կամ խաղալիքի վերածվելու հեռանկարը:
Ըստ երեւույթին, “Ղ Տելեկոմի” գլխավոր տնօրենը պետք է անդրադառնա այդ խնդրին, որպեսզի միանգամից փակի հարցի հետագա շահարկումները եւ թույլ չտա Ռուսաստանին իրեն գործիք դարձնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների առնչությամբ մշակված որեւէ սցենարում:
Հնարավոր է, որ ռուսական մամուլում հայտնվածն ընդամենը “մի բադիկ” է, որը չունի այդքան հեռուն տանող քաղաքական թիրախներ, այլ ընդամենը ինչ որ մեկը փորձում է Յիրիկյանի հետ ինչ որ հաշիվ մաքրել:
Բայց, համենայն դեպս, Յիրիկյանը պետք է թերեւս արձագանքի բավական հստակ եւ կոնկրետ, որպեսզի թույլ չտա ի հայտ գալ այլ, առավել ընդգրկուն եւ լուրջ “հաշիվներին”, առավել եւս, որ դրանց համար բավական պարարտ հող կարծես թե կա:
Բանն օրինակ այն է, որ ՄՏՍ ընկերությունը մտնում է ռուսական “Սիստեմա” ընկերության կազմ: Իսկ ինչպես հայտնի է, “Սիստեմա”-ի տնօրենների խորհրդի անդամ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ընդ որում, հայկական մամուլում նոր չէ, որ Յիրիկյանի անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի կամ հավակնությունների հետ: Այժմ, դա կարծես թե ունի “ռուսիֆիկացիայի” միտում, ինչը կարող է ավելի լրջացնել հարցը, թերեւս անհրաժեշտ եւ հրատապ դարձնելով Յիրիկյանի պարզաբանումը այդ հարցում, քանի դեռ նրա կերպարը Հայաստանի բիզնես դաշտում գտնվում է շահեկան “ապաքաղաքականացվածության” աստիճանում, լինելով ընդամենը բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության օրինակելի նմուշ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: