Saturday, November 5, 2011

Նախիջեւանյան կլանը շանտաժի է ենթարկում Իլհամ Ալիեւին. «Տես հա, ուրիշ թեկնածու կառաջադրենք»

News.am. 4-11-2011- Նախիջեւանյան կլանը սկսել է շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին, մասնավորապես կլանի առաջին դեմքերը` Ռամիզ Մեհթիեւը եւ Քեմալադին Հեյդարովը, փորձում են քաղաքական ասպարեզ բերել Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները:
«Դրա նպատակը բնավ էլ Իլհամ Ալիեւին այլըտրանք ստեղծելը չէ: Իրականում Նախիջեւանյան կլանը Իլհամ Ալիեւին փոխարինելու դեպքում առաջնությունը կտա կամ Մեհթիեւին կամ Հեյդարովին: Սակայն եթե նրանց անունները սկսեն շահարկվել նախագահի հավանական թեկնածուների ցուցակում, ապա վերջիններս լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Ըստ էության, հենց այդ պատճառով էլ նրանք սկսել են Ռասուլ Գուլիեւի միջոցով շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին»,-գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախիջեւանյան կլանն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացրել Իլհամ Ալիեւին` պահանջելով, որ նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Մասնավորապես «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ կուսակցությունից միայն Իլհամ Ալիեւը կարող է առաջադրվել որպես թեկնածու: Նա հայտնել էր, որ քանի որ նախագահի ընտրվելու հետ կապված ժամկետային սահմանափակումները վերացվել են, ուստի դա հնարավորություն է տալիս գործող նախագահին կրկին առաջադրել իր թեկնածությունը: Սակայն, երբ Իլհամ Ալիեւից համապատասխան արձագանք չի ստացվել եւ նրա դիրքորոշումը չի հստակեցվել, Նախիջեւանյան կլանը շարունակում է լրջորեն մտահոգվել եւ փորձում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել` դրդելով Իլհամ Ալիեւին վերջնական որոշում կայացնել` նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:

No comments: