Tuesday, November 22, 2011

ԱՍՈՐԻՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 22-11-2011- Պահանջատերը Շվեդիայում կառավարող կոալիցիայի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Հալեֆն է: Նա նշել է, որ ներկայումս Շվեդիայում մոտ 100 հազար ասորի է բնակվում, ապա Շվեդիայի խորհրդարանից պահանջել է դիմել Եվրոմիություն, որպեսզի հանդես գա Թուրքիայում ասորիներին ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրման նախաձեռնությամբ:
Պատգամավոր Հալեֆը, ինչպես նոյեմբերի 17-ին վկայել էր ANF գործակալությունը, Շվեդիայի խորհրդարանի ներկայացրած դիմումում նշել է, որ 1900-ական թթ. սկզբներին Օսմանյան Թուրքիայում ավելի քան 2 միլիոն ասորի, հայ եւ հույն էր բնակվում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ասորիների մեծամասնությունը սպանվել կամ վտարվել է հայրենի երկրից, ներկայումս Թուրքիայում մնացել են ընդամենը 15 հազար ասորիներ:
Այնուհետեւ նա շարունակել է. «Այսօր Թուրքիայում քրիստոնյաներն ու ասորիները զրկված են մայրենի լեզուն եւ ազգային մշակույթը պահպանելու հնարավորությունից: Դավանանքի պատճառով նրանք ճնշումների թիրախ են դառնում: Թուրքական պետությունը շարունակում է առգրավել նրանց կալվածքը: Դրա վառ ապացույցը մեր հոգեւոր կենտրոն Մար Գաբրիել տաճարն է, որը գտնվում է Մարդինի Միդիաթ գավառում: Ազգային փոքրամասնության այն կարգավիճակը, ինչ Թուրքիայում ունեն հայերը, հույները եւ հրեաները, պետք է ունենա նաեւ ասորիները: Շվեդիան այդ հարցով թող նախաձեռնություն ցուցաբերի ԵՄ-ում»:

No comments: