Saturday, November 19, 2011

Ստամբուլ մեկնած հայերը չեն վերադառնում…

HayNews.am. 18-11-2011- Թուրքիայում ապրող հայությունը Հայաստանի համար բաց վերքի պես մի բան է: Որքան շատ մարդ է գնում, այնքան ավելի է վերքը արնակալում, որքան շատ մարդ է թուրք ընտանիքներում աշխատում, այնքան ավելի ծերունի Հայաստանի հայացքը խոժոռվում է: Թուրքիայում ապրող հայությանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պայմանականորեն բաժանում է երկու խմբի: Առաջինը <<պաշտոնական>> հայերն են, որոնց թիվը կազմում է 55.000-60.000 և որոնք կազմում են Ստամբուլի հայ համայնքը: Նրանք առաքելադավան հայեր են, որոնց մեծ մասը ապրում է Ստամբուլում, և փոքր խմբեր կան նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում` Մալաթիայում, Սեբաստիայում, Ադանայում, Աքշտա գյուղում և այլն: Բացի առաքելադավան հայերից, կան նաև կաթոլիկ հայեր (մոտավորապես 3000 հոգի) և կան փոքրաթիվ` շուրջ 500 հոգի, ավետարանական հայեր: Այս հայերի ինքնության պահպանման գործում կարևոր դեր է խաղում հայկական մշակույթը, եկեղեցին, ինչպես նաև լեզուն: Սակայն, Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով, հայախոսության մակարդակը զգալիորեն նվազել է և չենք կարող ասել, որ հայոց լեզուն ամենաառաջին էթնոպահպանիչ գործոնն է: Ուստի շատ ավելի կարևորվում է էթնիկ ինքնագիտակցությունը: 23-ամյա Ալլեն Բոհչելյանը Ստամբուլում ապրող այն հայերից է, ում համար ավելի դյուրին է խոսել թուրքերեն կամ անգլերեն, քան հայերեն:
Մյուս խումբը հիմնականում ցեղասպանության ժամանակ բռնի կրոնափոխված հայերն են, որոնք, իրենց հերթին, պայմանականորեն բաժանվում են մի քանի ենթախմբերի: Դրանց մեջ առաջինը ծպտյալ հայերն են, որոնք գաղտնի շարունակում են հայկական, քրիստոնեական տարբեր սովորույթներ և նրանց էթնոպահպանիչ գործոնների թվում ամենաառաջինը կրկին էթնիկ ինքնագիտակցությունն է:
Ամենախոցելի խումբը իսլամացված հայերն են: Մարդիկ, որոնք փոխել են իրենց կրոնը և չեն պահպանել էթնիկ ինքնագիտակցությունը: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր բռնի իսլամացվել են, սակայն հետո կամ հանգամանքների բերումով, կամ իրենց ցանկությամբ, չեն փորձել վերադառնալ հայկական ակունքներին: Նրանք ուծացման տարբեր մակարդակներում են, սակայն շատերի մոտ նկատվում է հայկականության կարևորման ինչ-որ գործընթաց, որը ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է դրսևորվում:
Ստամբուլի հայ առաքելական համայնքը ունի շուրջ 43 եկեղեցի, որոնցից 36 Ստամբուլում են: Հայերը կարող են առանց դժվարությունների իրենց երեխաներին կնքել հայկական եկեղեցիներում, սակայն ծպտյալ հայերը խնդիր ունեն. չեն կարող իրենց երեխաներին բացահայտ մկրտել: Նրանք դա անում են գաղտնի` փոքր եկեղեցիներում: Դեպքեր են եղել, երբ Հայաստանում են մկրտել:
Վերջին տարիներին խիստ նվազում է հայկական դպրոց հաճախող երեխաների թիվը: Դրա հետևանքով փակվում են հայկական դպրոցները: 70-ական թվակններին Ստամբուլում կար 32 հայկական դպրոց: Այսօր այդ թիվը կրճատվել է` հասնելով 16-ի: Ստամբուլի հայկական դպրոցներ հաճախում է 3000 աշակերտ, բայց գնալով օտար դպրոցներ հաճախելու միտում է զգացվում (անգլիական, թուրքական), որովհետև վերջիններս դասավանդման մակարդակով զգալիորեն գերազանցում են հայկականին:
Հայկական դպրոցները պետական հովանավորություն չունեն, բայց ունեն կարգավիճակ` որպես փոքրամասնությունների դպրոց: Դպրոցներում դասավանդվում են առարկաներ, որոնք վերաբերվում են փոքրամասնությունների պատմությանը, գրականությանը, մշակույթին: Դասագրքերի խնդիրը շատ լուրջ է. նոր դասագրքեր գրեթե չեն տպագրվում, որն էլ իր հերթին ազդում է կրթության որակի վրա: Ազգային փոքրամասնությունների դպրոցներում փոխտնօրեն պարտադիր նշանակվում է ազգությամբ թուրքը, ով պետք է հետևի դպրոցում տեղի ունեցող տարբեր գործընթացներին: Վերջինս փորձում է կառավարել դպրոցում տեղի ունեցող շարժերը:
Թուրքիայի հայերի կիրառելի լեզուն թուրքերենն է: Այն կիրառվում է և կենցաղում, և աշխատանքում: Հայերենը հայերի համար մի կարգավիճակ է ձեռք բերել, որը մայրենի լեզվից շատ ավելի թույլ է:
Հայ համայնքում նկատվում է խառնամունությունների աճ: Հայերը ամուսնանում են հույների, քրդերի, թուրքերի, ասորիների հետ, և այդ խառնամուսնությունների աճը գնալով ավելանում է: Թուրքիայում կան տներ, որտեղ մի հարկի տակ հավաքվում են հայ աղջիկները, կանայք, և թուրք ընտանիքների հետ առնչություն ունեցող հայ կանանցից մեկը, ով երկար ժամանակ ապրում է Թուրքիայում, միջնորդում է, որպեսզի իր հայրենակիցները անգործ չմնան: Իսկը աշխատանքի տեղավորման գործակալություն: Իհարկե այդ կնոջ արարքը չի կարելի դիտարկել որպես բարի կամքի դրսևորում, քանի որ ինչպես այս կյանքում ամեն ինչ, միջնորդությունն էլ իր գինն ունի: Դե իսկ հետո… 23-ամյա Աննան, ով ևս հայտնվել էր այդպիսի տներից մեկում, պատմում է, որ այդ տան տանիքը հայ աղջիկների համար դարձել էր թուրք, քուրդ տղաների հետ հանդիպման, սիլիբիլի անելու, անցանկալի հղիությունների , հետագայում էլ եղածի համար դառը արցունք թափելու վայր: Եվ քանի- քանի այդպիսի տանիքներ կան…
Հայերի Հայաստան վերադարձի միտում չի զգացվում, բայց երբեմն, նաև ի ուրախություն մեզ, քանի որ ծպտյալ հայերը ապրում են պատմական Հայաստանի տարբեր գավառներում: Միտում կա Եվրոպա գնալու: Բազմաթիվ հայեր, տարբեր տարիներին, տեղափոխվել են եվրոպական տարբեր երկրներ. հիմնականում` Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա: Չնայած Ռուբեն Մելքոնյանը հայերի Հայաստան չվերադառնալու միտումը համարում է ինչ-որ առումով ուրախալի, սակայն դա կարող է պատճառ հանդիսանալ հայկական ինքնությունը վտանգելուն և վերջնականապես թուրքանալուն: Ստամբուլի <<Բիլգիե>> համալսարանի հրատարակած <<Հայերը Թուրքիայում>> հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայ համայնքի անդամները, կրոնը չհաշված, իրենց թուրքի պես են պահում:

Մանե Գրիգորյան

No comments: