Wednesday, November 2, 2011

Թուրքիան ներկայացնող մասնակիցների մոտեցումներին, հայկական կողմը խիստ կոշտ է արձագանքել

Panorama.am. 2-11-2011- «Կազանի հանդիպումից հետո մենք տեսնում ենք ստատուս քվոյի պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլեր նույնիսկ համանախագահների կողմից: Նույն համանախագահող երկրների արտաքին գործերի գերատեսչությունները շարունակում են խոսել ոչ թե ինչ-որ նոր փաստաթղթի, այլ վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման մասին»,- այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով, ԼՂ հակամարտության խնդրում մոտ ապագայում փոփոխություններ չեն սպասվում:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ օրերս Թուրքիայում կայացած միջազգային կոնֆերանսին, որի կազմակերպիչների շարքում էր Թուրքիայի ԱԳՆ-ն: Հայաստանից մասնակցել է 4 փորձագետ` Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը, Ռիչարդ Կիրակոսյանը և Արմեն Մելքոնյանը:
Քաղաքագետի խոսքերով` թուրքական կողմի ելույթները բավական տարօրինակ ու ոչ պրոֆեսիոնալ բնույթ էին կրում: «Որոշ թուրք փորձագետներ, կտրվելով իրականությունից, ուզում էին առաջ բերել մտքեր, որոնք արդեն 10 տարվա պատմություն ունեն և որևէ կերպ կապված չեն ներկայիս իրավիճակի հետ»,- նշեց Ս. Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիան ներկայացնող մասնակիցների մոտեցումներին, հայկական կողմը խիստ կոշտ է արձագանքել:
Բանախոսը հետաքրքրական համարեց այն, որ ադրբեջանական պատվիրակներն էլ իրենց հերթին անընդհատ թուրք փորձագետներին հասկացրել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել ԼՂ հիմնախնդրի հետ և հայ-թուրքական չկարգավորվող հարաբերություններում որպես մեղավորներ պետք չէ ներկայացնել Ադրբեջանին:

No comments: