Wednesday, November 23, 2011

«ԱԼԻԵՎԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԲԽՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ»

Հայտարարել է Ադրբեջանի ոստիկանական զորքերի նախկին գլխավոր հրամանատար Հաջիեւը
«ԱԶԳ», 23-11-2011- Ֆեհմին Հաջիեւը Ադրբեջանի ոստիկանական զորքերի նախկին գլխավոր հրամանատարն է: Նախագահ Իլհամ Ալիեւի օրոք պաշտոնազրկվելուց հետո բանտարկվել է, ազատ արձակվելովՙ տեղափոխվել Ուկրաինա, որտեղ էլ շարունակվում է բնակվել: Ադրբեջանում անկախության հռչակման 20-ամյակի առթիվ հայտարարություններ է արել «Դունիա բուլթենի» կայքէջին: Թուրքական այս գործակալությունը, տպագրելով դրանք նոյեմբերի 15-ի համարում, բնութագրել է որպես «ցնցող»:
Հաջիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է հակաթուրքական ուժերի հետ, դրանում անմիջականորեն մեղադրել է հայր եւ որդի Ալիեւներին, «Բաքվի գարուն» է անվանել «արաբական գարնան» արձագանքներն Ադրբեջանում եւ Թուրքիային հորդորել է աջակցել ընդդիմությանը:
Հակաթուրքական ուժերի հետ համագործակցության պարագայում խնդիրը, ինչ խոսք, Հեյդար եւ Իլհամ Ալիեւները չեն, այլ այսպես կոչված մեկ ազգի երկու պետությանՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակասությունները, որոնք Ադրբեջանում արտահայտվել են շեհիդների պուրակում Թուրքիայի դրոշն իջեցնելու, թուրքական մզկիթները երկրում փակելու, թուրքերեն հաղորդումների հեռարձակումը հեռուստատեսությամբ արգելելու մեջ:

Ադրբեջանն, անտեսելով Թուրքիայի համառ պահանջները, կտրականապես հրաժարվել է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», ադրբեջանցի խորհրդարանականները լքել են դահլիճը, երբ Եվրոխորհրդարանում քվեարկության է դրվել ինքնակոչ այս հանրապետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը, անտեսելով Անկարայի մերձեցման մոտեցումը, բացասական դիրքորոշում է որդեգրել Իրանի նկատմամբ, թույլ է տվել Մոսկվային տարածել երկրում ռուսական ազդեցությունը եւ Իսրայելի հետ հարաբերությունները սերտացնելիս անտեսել է թուրք-իսրայելական հակասությունները:
Թուրքիան իր հերթին փորձել է ազդեցության տակ վերցնել Ադրբեջանին, միջազգային ասպարեզում վերջինին մատուցած ծառայությունների դիմաց պահանջել է իր կամքին ենթարկվել, ավելին, 1995-ի մարտին ձեռնամուխ է եղել հեղաշրջում կազմակերպել «մեկ ազգի» կրտսեր պետության մեջ: Որքան էլ Հաջիեւը Աբուլֆազ Էլչիբեյին վերագրի Անկարայի հետ բոլոր բնագավառներում համատեղ գործելու պատրաստակամություն, թուրք իսլամականները Էլիչեբեյին համարում են սիոնիզմի դրածո, իսկ կառավարող շրջանակներըՙ Ադրբեջանում նախապատվությունն ի սկզբանե տալիս են մուսավաթներին:
Ըստ երեւույթին, Հաջիեւը, մեղադրելով Ալիեւներին հակաթուրքական ուժերի հետ համագործակցելու մեջ, զորավիգ է կանգնում երկրում Արեւմուտքի աջակցությանը ապավինելու ջանքեր գործադրող ադրբեջանական ընդդիմությանը: Համենայն դեպս, նրա հայտարարությունները թուրքական կայքէջին հետաքրքրական են: Ահա թե դրանց առնչությամբ ինչ է գրում «Դունիա բուլթենի» կայքէջը.
«Ադրբեջանի ոստիկանական զորքերի նախկին հրամանատար Ֆեհմին Հաջիեւն ասաց, որ անկախություն ձեռք բերելուց հետո հույս են ունեցել ինտեգրվել թուրքական եւ իսլամական աշխարհների հետ, տեր կանգնել մայրենի լեզվին ու կրոնին, սակայն Հեյդար Ալիեւի ու նրա որդուՙ Իլհամ Ալիեւի իշխանությամբ երկրում ի չիք են դարձել այս նպատակները:
Հաջիեւը կարծիք հայտնեց, թե Թուրքիան առաջինը ճանաչելով Ադրբեջանին, ձեռք էր բերել Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա ներթափանցելու համար ռազմավարական դաշնակից, բայց Ալիեւի իշխանությունները ժամանակի ընթացքում սկսել են համագործակցել Թուրքիային հակադրվող երկրների հետ եւ հակաթուրքական գործունեություն ծավալել:
Ըստ Հաջիեւի, Ադրբեջանի առաջին նախագահ Էլչիբեյը պատրաստ է եղել Թուրքիայի հետ համատեղ գործելու, սակայն հեղաշրջման հետեւանքով իշխանությունը հանձնվել է Ալիեւին եւ այդ հեղաշրջմանը արեւմտյան երկրների շարքում, ի դեմս նախագահ Սուլեյման Դեմիրելի, նպաստել է նաեւ Թուրքիան:
Այնուհետեւ Հաջիեւն ասաց. «40-ական թթ., ստալինյան ժամանակներից սկսած Հեյդար Ալիեւը աշխատել է ՊԱԿ-ում: Իսլամական եւ թուրքական աշխարհների հետ Ադրբեջանի կապը իսպառ խզելը կոմունիստների գլխավոր առաջադրանքն էր: Այդ առումով Ալիեւը թերեւս ամենաաչքի ընկնող գործիչն էր: Ադրբեջանի դեմ նրա չարագործություններից էր Թուրքիայի սահմանամերձ շրջաններից պանթյուրքիզմի եւ պանիսլամիզմի մեղադրանքներով ադրբեջանցիների աքսորը Սիբիր: Պաշտոնավարման տարիներին ստացածս տեղեկությունները հիմք են տալիս պնդելու, որ Թուրքիայի մասնատման նպատակով ստեղծված PKK-ն Ալիեւի նվերն է խորհրդային եւ ռուսական իմպերիալիզմին: Ալիեւը որպես պետական գործիչ պատրաստված էր, սակայն նա հակաժողովրդական, հակաիսլամական եւ հակաթուրքական գաղափարախոսությանն էր հետեւում: Այդ իսկ պատճառով էլ, ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նա դարձավ երկիրը իսլամական ու թուրքական աշխարհներից տարանջատող աղետ մեր ժողովրդի համար»:
Հաջիեւը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանի գործող վարչակարգը ատելությամբ է վերաբերվում Թուրքիայում իշխող «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությանը: Ապա նա ավելացրեց. «Իսլամի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների թշնամանքն ու վախը պայմանավորված են նաեւ Թուրքիայի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությամբ: WikiLeaks-ի բացահայտումները ցույց են տվել, որ Ադրբեջանի իշխանությունները մերձենում են Թուրքիայի թշնամի երկրների հետ, աջակցում այն գործողություններին, որոնք նպատակամղված են թուրքական պետության թուլացմանը եւ բոլոր ասպարեզներում խոչընդոտ են դառնում Թուրքիայի համար: Վերջին 10 տարիներին դիվանագիտական գրությունների բացահայտումից պարզվել է, որ Ադրբեջանում Ալիեւների իշխանությունը Թուրքիայի ազգային շահերի առումով խիստ վտանգավոր է: Դրա ապացույցը «Նաբուկկոյի» նկատմամբ ադրբեջանական իշխանությունների բացասական դիրքորոշումն է: 1993-ից ի վեր Ադրբեջանի վարչակարգը բազում դավեր է նյութել ընդդեմ Թուրքիայի: Էլչիբեյի կառավարությունը անձնազոհության էր գնում Թուրքիայի համար: Ցավոք, 1993-ին Ալիեւ-Դեմիրել եղբայրությունը վերջ դրեց դրան: Ալիեւի վարչակարգը լուրջ վտանգ է պարունակում Թուրքիայի համար: Նա հետեւողականորեն մերժում է այն, ինչ բխում է ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդների շահերից»:
Վերջում Հաջիեւն ասաց, որ երկրում «Բաքվի գարուն» է, գործող վարչակարգը վաղ թե ուշ պետք է տապալվի, եւ Թուրքիան տապալման այս գործընթացում պարտավոր է աջակցել ադրբեջանական ընդդիմությանը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: