Thursday, November 3, 2011

Իսկ Մերկելը կգա՞ Հայաստան

«Լրագիր» 3-11-2011- Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը news.am-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն է արել Հայաստանի ներիշխանական վերադասավորումների կապակցությամբ: «Ես կարծում եմ, որ այդ գործընթացը կապված է Հայաստանի նախագահի բազմիցս արված հայտարարության հետ, որ առաջիկա ընտրությունները պետք է կազմակերպել ավելի լավ, քան 2008-ի ընտրությունները: Վերջին ամիսներին ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումներում, նա խոստացել է ազատ ընտրություններ կազմակերպել, շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային համակարգն այնպես կազմակերպել, որը հաշվի կառնի Եվրամիության քննադատությունը` ԵՄ ասոցացման պայմանագրի համատեքստում», հայտարարել է դեսպանը:
Մեկնաբանությունը հետաքրքրական է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ փաստով ինքնին: Բանն այն է, որ դեսպանները սովորաբար չեն մեկնաբանում որեւէ երկրի ներիշխանական եւ ներքաղաքական գործընթաց: Նրանք կարող են ելույթներ ունենալ, գնահատականներ հնչեցնել ներքին իրավիճակի վերաբերյալ, սակայն միայն ժողովրդավարական նորմերի, քաղաքացիական համատեքստում, հասարակական զարգացումների համատեքստում:
Բայց երբ դեսպանն անմիջականորեն հանձն է առնում մեկնաբանել իշխանության ներսում տեղի ունեցող գործընթաց, դա իսկապես հազվադեպ եւ թերեւս գուցե արտառոց իրողություն է:
Հազիվ թե դեսպան Հանս Յոհեն Շմիդտը տեղյակ չլինի դիվանագիտական պրակտիկայի այդ չգրված նորմին: Բայց, մասնավորապես Գերմանիայի դեսպանը կարծես թե ունի դիվանագիտական պրակտիկայի իր նորմերը, որոնք վերջին շրջանում ստանում են բավական հետաքրքրական դրսեւորումներ:
Մասնավորապես, դեսպանը բավական ակտիվ է ներքին գործընթացների իր դիտարկումներում: Հայտնի է, որ նա անձամբ այցելում է ընդդիմության հանրահավաքներ, անգամ հարթակ բարձրանում: Բոլորովին վերջերս գնահատական տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, ինչը դուր չեկավ Կոնգրեսին, թեեւ երբ դեսպանը մինչ այդ գալիս ու անգամ հարթակում շփվում էր Կոնգրեսի առաջնորդների հետ, դա նրանց կարծես թե դուր էր գալիս:
Այժմ Գերմանիայի դեսպանը իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացներն է մեկնաբանում: Իսկ բոլորովին վերջերս էլ նա մի հետաքրքրական ուղերձ էր հղել հայ ժողովրդին, որտեղ համեմատություն անցկացնելով Գերմանիայի վերամիավորման եւ Հայաստանի անկախության 20-ամյակների միջեւ, հայ ժողովրդին մաղթում էր “հնարամիտ համառություն” պետության համար կարեւոր Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարցերում:
Հանս Յոհեն Շմիդտի աշխույժ հետաքրքրությունը թերեւս նշանակում է Գերմանիայի հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, գուցե աճող հետաքրքրություն, որովհետեւ պաշտոնական Բեռլինը մինչ այդ կարծես թե առանձնապես որեւէ կերպ աշխույժ չի եղել Հայաստանի ներքին իրավիճակի հանդեպ: Մինչ այդ աշխույժ էին գերմանական մի քանի հիմնադրամներ, որոնք Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ աշխատանք էին տանում ոչ կառավաական սեկտորի, մամուլի, ՀԿ-ների եւ ընդդիմադիր քաղաքական շրջանակների հետ:
Այժմ կարծես թե նկատվում է պաշտոնական Բեռլինի հետաքրքրության աճ: Դա գուցե նաեւ տրամաբանական է, նկատի ունենալով Գերմանիայի առաջատար տնտեսա-քաղաքական դերը Եվրամիությունում, ինչը թերեւս պարտադրում է աշխույժ լինել նաեւ աշխարհաքաղաքական գործընթացներում: Իսկ դրանք անմիջականորեն առնչվում են նաեւ Հարավային Կովկասին:
Գերմանիան էլ թերեւս լավ է պատկերացնում, որպես Հարավային Կովկասի պետություն, Հայաստանի ռազմավարական, ռազմա-քաղաքական առանցքային պոտենցիալը: Դժբախտաբար, այդ պոտենցիալը ամենից վատ կամ քիչ պատկերացնում են թերեւս միայն Հայաստանում: Հայաստանն անկախությունից ի վեր ավելի շատ առաջ է գնացել այդ պոտենցիալի կորստի, քան օգտագործման եւ գեներացման ուղղությամբ:
Ներկայում թերեւս եկել է մի պահ, երբ պարզ է դարձել, որ այդ ընթացքի շարունակումը, այդ պոտենցիալի հետագա մսխումը Հարավային Կովկասում կարող են հանգեցնել հավասարակշռության էական խախտումների եւ առաջացնել նոր խնդիրներ: Ըստ ամենայնի հենց դրանով է պայմանավորված միջազգային քաղաքական կենտրոնների աճող հետաքրքրությունը Հայաստանի ներքին վիճակի հանդեպ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: