Thursday, November 3, 2011

Հոգեբանական գրոհ Քոչարյանի կողմ

«Լրագիր» 2-11-2011- Վերջին տարիներին Հայաստանի իշխանական համակարգում բավական էական նշանակություն է ստացել հոգեբանական գործոնը: Այդ գործոնը հատկապես մեծացել էր վերջին ամիսներին, երբ աշխուժացան Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները եւ ակնարկները, այդ թվում հրապարակային բավական բազմիմաստ հայտարարությունների տեսքով: ՌԴ-ում վարչապետ Պուտինի նախագահական վերադարձի առարկայացումից հետո Հայաստանի իշխանական համակարգում Քոչարյանի հոգեբանական ճնշումը թերեւս էլ ավելի մեծացավ:
Ընդհանրապես, հոգեբանական առումով, Ռոբերտ Քոչարյանի գործոնը Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ընթացքում երբեք հանգիստ չի տվել նրան: Սարգսյանը թերեւս մշտապես զգացել է Քոչարյանի ներկայությունը այդ հոգեբանական ընկալման առումով: Սարգսյանն անշուշտ նկատել է, որ իր ամեն գործողություն, ընդհանրապես ներիշխանական ամեն շարժ, որեւէ որոշում, գործողություն, ծրագիր, համակարգը դիտարկել է նաեւ այդ պրիզմայով եւ հոգեբանորեն այդտեղ որոնել Քոչարյանի ազդեցությունը Սարգսյանի վրա:
Սակայն, ներիշխանական կադրային վերջին փոփոխությունները կարծես թե Սերժ Սարգսյանի հոգեբանական հակագրոհն են հիշեցնում Քոչարյանի դեմ: Համընդհանուր ընկալումն այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է մեկընդմիշտ լուծել իշխանության հարցն ու ձերբազատվել Քոչարյանի նախագահությանը հաջորդած միջանկյալ իշխանության անորոշությունից:
Սերժ Սարգսյանի քայլերն այդ իմաստով կարծես թե առայժմ բավական դիպուկ են, եւ եթե իշխանական համակարգում մինչ այժմ նրա քայլերի մեջ տեսնում էին Քոչարյանի ազդեությունը կամ արդյունավետ դիմադրությունը, ապա այժմ եւ առայժմ կատարված քայլերի մեջ արձանագրվում է Սերժ Սարգսյանի «մակընթացությունը» եւ Ռոբերտ Քոչարյանի գործոնի չեզոքացումը, Քոչարյանի համակերպումն իրավիճակին:
Արդյոք Ռոբերտ Քոչարյանը փորձելու է փոխել իրավիճակն ու պահպանել իր ազդեցության գոնե հոգեբանական կողմը: Դա կերեւա առաջիկայում, եթե Քոչարյանը որեւէ կերպ արտահայտվի կամ անմիջականորեն առկա փոփոխությունների մասին, կամ որեւէ այլ թեմայի համատեքստով: Նախադեպերը հուշում են, որ Քոչարյանը անպայման արտահայտվելու է: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երեք տարիների ընթացքում նա չի փորձել դադար վերցնել, եւ երբ լռությունը արդեն պետք է վերածվեր դադարի, Քոչարյանը միշտ ինչ որ առիթով արտահայտվել է:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ տասը տարի դադար վերցնել, ապա Քոչարյանը չի կարողանում դադար տալ անգամ տասը ամիս: Դա էլ հիմք է տալիս ենթադրել, որ ներկայում, երբ իշխանական համակարգում կա նրա ազդեցության նվազման առնվազն հոգեբանական ընկալում, Քոչարյանն անպայման ձգտելու է արտահայտվել:
Պարզապես խնդիրն այն է, որ այժմ իրավիճակը բավական հստակ է եւ կոնկրետ, հետեւաբար Քոչարյանից պահանջվելու է համարժեք հստակություն եւ կոնկրետություն: Այդ իմաստով, արդյո՞ք Քոչարյանն ունի ներիշխանական ներկայիս զարգացումների առումով հրապարակավ ասելու բան, որը չի ունենա բումերանգի էֆեկտ: Թե՞ նա այս անգամ կգերադասի լռել, զգալով, որ ներկայում Սերժ Սարգսյանը «թամբի վրա» է եւ լռությունը խախտելը կարող է ընդամենը ընդգծել դիրքերի անբարենպաստ տարբերությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: