Wednesday, November 2, 2011

Սերժ Սարգսյանը կազմաքանդեց

«Լրագիր» 2-11-2011- Սերժ Սարգսյանը փաստորեն քանդեց այն իշխանությունը, որը ձեւավորվել էր 2008 թվականի նախագահի ընտրության արդյունքում, կամ ավելի ճիշտ` մարտի 1-ի արդյունքում: Թերեւս անկասկած է, որ Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունը պլանավորելիս, բոլորովին այլ իշխանություն էր պատկերացնում դրանում հաղթող հռչակվելուց հետո: Բայց, մարտի 1-ը թերեւս խառնեց բոլոր ծրագրերը, ստեղծելով ներիշխանական բոլորովին նոր իրավիճակ եւ ստիպելով Սերժ Սարգսյանին հարմարվել այդ իրավիճակին:
Անհրաժեշտ է շեշտել, որ խոսքն այն մասին չէ, թե Սարգսյանն ավելի լավ իշխանություն էր պատկերացնում, կամ ավելի ժողովրդավար եւ իրավագիտակից իշխանություն: Խոսքը պարզապես բոլորովին այլ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ կապ չունեցող իշխանության մասին է, քանի որ միայն դա հնարավորություն կտար Սերժ Սարգսյանին լինել հանրապետության նախագահ ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո, դրանից բխող հասարակական, ներիշխանական եւ արտաքին քաղաքական պատասխանատվությամբ հանդերձ:
Ի դեպ, այժմ էլ, հետեւելով ներիշխանական վերափոխումների գործընթացին, անշուշտ պետք չէ ունենալ ժողովրդավարական կամ իրավա-քաղաքացիական փոխակերպումների պատրանք: Պարզ է, որ գնում է իշխանության ձեւավորման կամ վերաձեւման պրոցես, ինչը մարտի 1-ի հետեւանքով այսպես ասած հետ է ընկել ավելի քան երեք տարի:
Հայաստանում ավելի քան երեք տարի գոյություն ունեցած միջանկյալ իշխանությունը կարծես թե քանդվում է կամ քանդվել է, եւ դրան թերեւս փոխարինելու է գալիս արդեն Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ըստ ամենայնի, նոր եկողն էլ լինելու է այսպես ասած ժամանակավոր իշխանություն: Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս համակարգը իր բնույթով եւ որակով այլեւս անկարող է տեւական իշխանություն ապահովել: Սերժ Սարգսյանն անշուշտ գիտակցում է դա, լավ պատկերացնելով իրավիճակը թե երկրի ներսում, թե լավ իմանալով համաշխարհային միտումները:
Պարզապես, նոր ձեւավորվող ժամանակավոր իշխանությունն արդեն լինելու է Սերժ Սարգսյանի մարտավարությունը, ոչ թե ասենք փոխզիջումը Ռոբերտ Քոչարյանի հետ: Իհարկե, Սարգսյանին դեռեւս հարկ է այդ պրոցեսը հասցնել մինչեւ վերջ, կամ մինչեւ այն հանգրվանը, որտեղից արդեն Քոչարյանին կմնա ընդամենը համաձայնվել Սարգսյանի հետ եւ դադարեցնել իրավիճակը փոխելու բացահայտ կամ քողարկված փորձերը: Բայց ակնհայտ է, որ նա այդ գործընթացում կարողացել է ստանալ Արեւմուտքի եւ Մոսկվայի աջակցությունը, իսկ ներքին իրողությունների որոշակի դասավորության դեպքում էլ կարող է ստանալ ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի անուղղակի աջակցությունը: Համենայն դեպս, Կոնգրեսը այս հատվածում կարծես թե հայտնեց այդ աջակցությունը, հայտարարելով հերթական ընտրության տարբերակի մասին:
Տեր-Պետրոսյանն անշուշտ իրավիճակը Սերժ Սարգսյանից պակաս չի հասկանում, եւ առավել եւս ծանոթ լինելով իշխանության կառուցվածքին անմիջականորեն, պատկերացնում է դրանում տեղի ունեցող փոփոխությունների խորքային բնույթը, գերադասելով չմիջամտել եւ չդառնալ դրանց արգելակման պատճառ: Կրկնում եմ, խոսքը ամենեւին այն մասին չէ, որ իշխանությունն ու Հայաստանը ժողովրդավարանում են, եւ Տեր-Պետրոսյանը որոշել է վայելել այդ ընթացքը; Ու ոչ էլ այն մասին է, որ Տեր-Պետրոսյանը գործարքի է գնում Սերժ Սարգսյանի հետ:
Պարզապես, գնահատելով ընդդիմության ռեսուրսը, հանրային մոբիլիզացիայի պոտենցիալը, եւ լավ պատկերացնելով իշխանության մեջ տեղի ունեցող խորքային պրոցեսներն ու դրանց այսպես ասած արտաքին ազդվածությունը, ինչը ամենեւին երկրորդական նշանակության գործոն չէ, Տեր-Պետրոսյանը թերեւս գերադասում է չհայտնվել ավելորդի դերում, քանի որ դրանով չի ստացվելու բարելավել ընդդիմության դիրքը, փոխարենը իշխանությանն է մղելու դիրքեր, արգելակելով ներիշխանական գործընթացը:
Բայց, ընդհանուր առմամբ, որեւէ ուղղակի եւ անմիջական կապ չունենալով ժողովրդավարացման հանրային պահանջի եւ պահանջարկի, ինչպես նաեւ քաղաքացիական շահի հետ, առկա գործընթացն այդուհանդերձ Հայաստանի համար պարունակում է դրական միտումներ հանրային հեռանկարների իմաստով:
Բանն այն է, որ կառուցելով իր իշխանությունը, Սերժ Սարգսյանն անշուշտ չի կարող հաշվի չառնել հասարակության ներսում տեղի ունեցող վերափոխումներն ու ժամանակի ներքին եւ արտաքին իրողությունները, տեխնոլոգիական վերափոխումները, որոնք նպաստեցին Հայաստանի ամբողջատիրական համակարգից շատ ավելի կարծր եւ ինքնապահպանման ռեսուրսով շատ ավելի հարուստ համակարգերի կազմաքանդմանը:
Ներկայիս գործընթացի առանցքում իհարկե իշխանության խնդիրն է, բայց ամեն ժամանակի իշխանություն ձեւավորվում է տվյալ ժամանակի առանձնահատկությունների հիման վրա: Ցանկացած իշխանություն արտահայտում է տվյալ ժամանակի հանրային մթնոլորտը: Հետեւաբար, հասարակությունը տեղի ունեցող ներիշխանական գործընթացների մեջ պետք է ոչ միայն, կամ ոչ ավելի շատ տեսնի իր հետ կապ չունեցող հերթական մի ներքին գզվռտոց եւ իշխանության համար պայքար, այլ իր վերափոխման ազդեցությունն իշխանական համակարգի վրա:
Այո, Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ պետք է ձեռնամուխ լիներ սեփական իշխանության հաստատմանը, բայց հանրային մթնոլորտում առկա վիճակից է պայմանավորված, թե նա ինչ իշխանություն կհաստատի, ինչ տրամադրություններ ու միտումներ գերակշռող կլինեն, կամ ներիշխանական միտումներից ոչ պակաս ազդեցիկ կլինեն իշխանության հաստատման այդ գործընթացում:
Հետեւաբար, հանրությունը ոչ թե հերթական թատրոնն է տեսնում, կամ ոչ թե միայն հերթական թատրոնն է տեսնում, այլ թերեւս թատրոնից ավելի տեսնում է իր իրավա-քաղաքացիական վերափոխումների արդյունքը, ազդեցությունը: Իսկ դա նշանակում է, որ հանրային վարեփոխումների գործընթացը պետք է ոչ միայն պահպանել, այլ նաեւ խորացնել, դրանով խորացնելով ներիշխանական քաոսը, միեւնույն ժամանակ այն պահելով հանրայնորեն ուղղակի կամ անուղղակի կառավարելի վիճակում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: