Wednesday, November 9, 2011

Պատերազմը հանված է

«Լրագիր» 9-11-2011- Թբիլիսիում նոյեմբերի 9-ին կկայանա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կապի ու տրանսպորտի նախարարների հանդիպումը: Այնուհետեւ նշանակված են հանդիպում Համաշխարհային բանկի ու այլ դոնորների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որոնք կքննարկեն տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին մասնակցության հնարավորությունը:
Դա իրոք աննախադեպ հանդիպում է, որը վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքականությունում սկսել է դիտվել որպես խաղաղության, այլ ոչ թե պատերազմի միջավայր: Խոշորածավալ տրանսպորտային նախագծեր սովորաբար չեն իրականացվում այն տարածաշրջանում, որոնք հղի են ապակայունացմամբ: Դա նշանակում է, որ որոշակի ռազմական սպառնալիքներ հանված են:
Սպառնալիքներից մեկը Իրանին ուժային հարվածն է այն դեպքում, եթե հաստատվի, որ Թեհրանը մոտ է միջուկային զենք ունենալուն: Չնայած այն բանին, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ Թեհրանը արդիականացնում է միջուկային ռումբը, համաշխարհային տերություններն այդքան էլ կտրուկ չարձագանքեցին: ԱՄՆ-ն ընդհանրապես ոչինչ չհայտարարեց, իսկ Ֆրանսիան ու Ռուսաստանն ընդգծեցին, որ թույլ չեն տա ուժային լուծում կիրառել իրանական ճգնաժամի համար: Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը Իրանին հավածելու որոշում չի կայացրել եւ պատերազմ չի ցանկանում:
Բացի այդ, մասնակի լուծման է մոտ նաեւ ռուս-վրացական խնդիրը: Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանին հասանելի են դարձել ռուս-աբխազական սահմանին փոխադրումների մասին տվյալները: Փորձագետները ենթադրում են, որ իրադարձությունների նման ընթացքը կարող է հանգեցնել անգամ Աբխազիայով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ երկաթուղային կապի վերականգնմանը: Այժմ, փաստորեն, ռուսական երկաթուղային կոմունիկացիաներն ավարտվում են Բաքվում:
“Տեղեկացված” փորձագետների հայտարարություններն այն մասին, որ մոտակա տարիներին սրացում չպետք է սպասել Ղարաբաղում, նույնպես հանում է տարածաշրջանային լարվածությունը` թույլ տալով նոր տրանսպորտային ուղիներ նախագծել կամ էլ մտածել հները վերանորոգելու մասին:
Այդ համատեքստում հետաքրքրական են իրանցի ու վրացի նախարարների այցերը Հայաստան: Հանդիպումների ընթացքում հիմնականում տրանսպորտային ուղիներն են քննարկվել` Հայաստանով Վրաստանից դեպի Իրան ավտոմոբիլային ու երկաթուղային մայրուղիների կառուցումը:
Դատելով պայմանավորվածություններից, Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը շահագրգռված են երկաթուղով, իսկ արեւմտյան ներդրողները` ավտոմոբիլային հաղորդակցությամբ: Թբիլիսում հանդիպման ժամանակ կարող են որոշակի դոնորներ ի հայտ գալ:
Ի դեպ, նոյեմբերի 18-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի ու Հայաստանի միջկառավարական խորհրդի նիստը, իսկ մինչեւ տարվա վերջ Հայաստան կայցելի Իրանի նախագահը: Այս իրադարձությունները կարող են Հայաստանի համար տրանսպորտային նոր դարաշրջանի սկիզբ հանդիսանալ: Եթե զուտ տրանսպորտային առումով Հայաստանը տրանզիտ երկրի դեր ստանձնի, ինչը նույնպես վատ չէ, ապա քաղաքական օգուտն անհամեմատ ավելի մեծ կլինի:


No comments: