Saturday, November 12, 2011

ԳԱԲԱԼԱՅԻ ՀԱՐՑԸ ԿՄՏՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

«ԱԶԳ», 12-11-2011- Մինչ Ռուսաստանը փորձում է երկարաձգել Ադրբեջանի հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը, որին համաձայնություն տալ Բաքուն ամենեւին էլ չի շտապում` առաջարկելով որոշ նախապայմաններ, Ադրբեջանի Մեդիայի իրավունքի ինստիտուտը պատրաստվում է Գաբալայի հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): «Թուրան»-ի փոխանցմամբ` խնդիրն այն է, որ հարեւան երկրի առողջապահության նախարարությունը մինչեւ օրս փակ է պահում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի` շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները: Համաձայն «Թուրան»-ի տեղեկատվության` նման ուսումնասիրությունների համար հատուկ պետական հանձնաժողովը ստեղծվել է դեռեւս 2003-ին, ու հենց այդ տարում են իրականացվել ուսումնասիրությունները, դրանց արդյունքները հասարակությունից գաղտնի են պահվում արդեն 8 տարի շարունակ: Այս առիթով Ադրբեջանի Մեդիայի իրավունքի ինստիտուտը անցել է երկրի բոլոր դատական ատյաններով, սակայն նրա հայցը երբեք չի բավարարվել: Իսկ ՄԻԵԴ-ին դիմելու առումով ադրբեջանական ինստիտուտը հայտարարել է, որ «ուսումնասիրությունները գաղտնի պահելով խախտվում են քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքները, դրանով իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները»:
Վերջում «Թուրանը» եզրակացնում է, որ Գաբալայի կայանի` շրջակա միջավայրի վրա ունեցած վնասակար ազդեցությունը ապացուցման կարիք չի զգում. «Արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել այս շրջանի բուսական, կենդանական աշխարհների ու մարդկանց վրա», տեղեկացնում է ադրբեջանական գործակալությունը:
Այլ հարց է, թե ժողովրդավարության այնպիսի մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, ինչպե՞ս է համարձակվում «ինչ-որ» ինստիտուտ նման ռազմավարական նշանակություն ունեցող հայցով մտնել ՄԻԵԴ: Այստեղ հատկանշական է նկատել, որ Գաբալայի շրջանը արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադդին Հեյդարովի վերահսկողության տակ է: Տրամաբանորեն` Հեյդարովի ուշադրությունից չէր կարող վրիպել «իր շրջանում» տեղակայված ռադիոլոկացիոն կայանը, չնայած այն այժմ էլ համարվում է պետական սեփականություն: Սակայն, չմոռանանք, ըստ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների ու նրանց «անանուն աղբյուրների», Հեյդարովը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական գալիք ընտրություններում, այն էլ Իլհամ Ալիեւի համար խիստ անցանկալի «նախիջեւանյան կլանի» կողմից: Հետեւաբար Մեդիայի իրավունքի ադրբեջանական ինստիտուտը կարող է եւ երկրի նախագահականից «կանաչ լույսով» մտնել ՄԻԵԴ` զուտ ապացուցելու Հեյդարովին, որ ինքը երկրում, անգամ «իր իսկ շրջանում» ամենեւին էլ ամենակարող չէ:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: