Saturday, November 12, 2011

«The Economist». Լեռնային Ղարաբաղ. սառեցված հակամարտություն

News.am. 12-11-2011- NEWS.am-ը ներկայացնում է «Լեռնային Ղարաբաղ. սառեցված հակամարտություն» հոդվածը` հրապարակված «The Economist»-ում:
«Ամռանը գրեթե ազատ տեղ չեմ ունենա», – պարծենում է լիբանանահայ Մայք Աղջայանը: Նա նոր հյուրանոցի կառավարիչն է մի քաղաքում, որն ադրբեջանցիներն անվանում են Շուշա, հայերը` Շուշի: Այցելուներն ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի եւ Իրանի հայ համայնքներից են: Բարձունքի վրա գտնվող այս հաճելի քաղաքում 1988-ին 15 հազար մարդ էր ապրում: Այսօր պատերազմի փլատակների մեջ ապրում են չորս հազարը: Աղջայանի խոսքով, իր հյուրերը ցանկանում են տեսնել «այն հողը, որի համար ժողովուրդն արյուն է թափել»:
Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային «սառեցված հակամարտություններից» մեկն է: Սակայն 2008-ի ռուս-վրացական բախումը Հարավային Օսիայում ցույց տվեց, որ սառույցը կարող է շատ արագ հալչել: Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ անկլավ էր Ադրբեջանի ներսում` մոտ 4 հազար քմ տարածքով: Հակամարտությունը սկսեց 1988-ին, քանի որ հայերը ցանկանում էին անջատվել Ադրբեջանից: Պատերազմի ավարտին, 1994-ին հաղթանակած հայերը կրկնապատկեցին անկլավի տարածքը եւ Հայաստանի հետ միջանցքի փոխարեն ունեցան երկար ընդհանուր սահման: 1988-1994 թվականներին Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել ավելի քան 1 միլիոն փախստական: Տարածքի ադրբեջանաբնակ քաղաքները դատարկվեցին:
Խաղաղ համաձայնագրի վրա միջնորդներն աշխատում են 1995-ից, սակայն հաջողության չեն հասնում: Բայց համաձայնագրի ընդհանուր սկզբունքներն արդեն ուրվագծվում են: 1991-ին անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կվերադարձնի պատերազմում նվաճած հողերի մեծ մասը: «Միջանկյալ» փուլից հետո տարածքի ժողովուրդը, այդ թվում տարածքից դուրս բնակվող ադրբեջանցի փախստականները կքվեարկեն վերջնական կարգավիճակը որոշելու համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք ասում են, որ չի կարող որեւէ համաձայնագիր լինել առանց իրենց համաձայնության: Դա հոխորտանք չէ: Հայաստանի նախագահն ու նրա նախորդը Ղարաբաղից են: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը կասկածում է, թե Ադրբեջանը երբեւէ կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այդուամենայնիվ, նա ուրախությամբ նշում է, որ նախորդ չորս տարիներին ՀՆԱ-ն կրկնապատկվել է: Դա նաեւ Հայաստանից եւ սփյուռքից ստացված տրանսֆերտների շնորհիվ է:
Ադրբեջանն այժմ լցված է նավթի ու գազի վաճառքից ստացված կանխիկ գումարով: Այս տարի Ադրբեջանի բյուջեի 16,5 տոկոսը հատկացվել է ռազմական ծախսերին: Այդ գումարը ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետբյուջեի չափ է: Սակայն Ստեփանակերտում պաշտոնյաները հանգիստ են: Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, իսկ Ադրբեջանի եւ Ղազախստանի նավթն Արեւմուտք տանող խողովակաշարն անցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքից 12 մղոն հեռավորության վրա: Հրետանային համազարկը շատ արագ շարքից կհանի այդ ռազմավարական խողովակաշարը:

No comments: