Saturday, November 5, 2011

Բրիտանական մամուլը Ալիեւին «չընտրված միապետ» է անվանել

News.am. 5-11-2011- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խորհուրդներ է տալիս Ադրբեջանի «չընտրված միապետին» եւ օլիգարխ-նախարարներին, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով բրիտանական The Strange Telescopes-ում տպագրված հոդվածը: Նշենք, որ դեռ անցյալ տարի Բլերը քննադատության է ենթարկվել Արեւմուտքի հեղինակավոր թերթերի կողմից Ալիեւների հետ ունեցած ջերմ հարաբերությունների համար: Հոդվածի հեղինակ Դանիել Քալդերը այս անգամ անդրադարձել է Բլեյերի` Ղազախստանի նկատմամբ ակտիվության դրսեւորման պատճառներին:
«Նախկին խորհրդային պետություն հանդիսացող Ղազախստանում տարիներ շարունակ ավտորիտար վարչակարգ է իշխում: Բոլոր ընտրությունները կեղծվում են, իսկ Նուրսուլթան Նազարբաեւի դեմ հանդես եկող ընդդիմադիրները` լռեցվում: Թոնի Բլեյերն էլ ջանում է «մաքրել» Նազարբաեւի` աշխարհում ձեւավորված վայրենու իմիջը: Անցյալ տարի Բլեյերը Բաքու կատարած այցի շրջանակներում մետաղամշակման գործարանում ունեցած 20 րոպեանոց ելույթի համար, որտեղ ճոխ խոսքեր էր շռայլել Ալիեւների հասցեին, ստացել էր 90 հազար եվրո հոնորար: Վերոնշյալ գործարանի տնօրենն էլ Ադրբեջանի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիեւն էր»,-գրված է հոդվածում, հաղորդում է «Ազադլըգը»:
Հոդվածի հեղինակը նաեւ նշում է, որ նախկին խորհրդային ավտորիտար պետությունների առաջնորդները հսկայական գումարներ են ծախսում Արեւմտյան պետությունների նախկին ղեկավարներին, ճանաչված դեմքերին եւ հեղինակություններին որպես ծաղրածու իրենց օգտին ծառայեցնելու համար: Թոնի Բլեյերն էլ, համագործակցելով ավտորիտար վարչակարգերի ղեկավարների հետ, միաժամանակ ընդգրկվել է լիբերալ-դեմոկրատներից բաղկացած խմբում:
«Ադրբեջանի եկամուտի բոլոր աղբյուրները գտնվում են իշխող ընտանիքի վերահսկողության տակ: Բաքվում հրատարակվող «Ազերբայջան մադանիյաթ» («Ադրբեջանական մշակույթ») ամսագիրի գլխավոր խմբագիրը նախագահի սիրելի դուստրն է` Լեյլա Ալիեւան: Իշխող ընտանիքի անդամներին հաճախ կարելի է տեսնել Փարիզում անցկացվող նորաձեւության երեկոների ժամանակ»,-գրում է Դանիել Քալդերը, հայտնում է «Ազադլըգը»:

No comments: