Thursday, November 3, 2011

Սերժ Սարգսյանը պետք է պարզաբանի

«Լրագիր» 3-11-2011- Թերեւս, ժամանակն է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու մասին պարբերաբար խոսող Սերժ Սարգսյանը վերջապես հանրությանը բացատրի մասնավորապես իր կադրային քաղաքականության էությունը: Չէ՞ որ դա ժողովրդավարության կարեւոր տարրերից է, մանավանդ, որ այդ կադրերը, ըստ սահմանման, աշխատավարձ են ստանում հանրության գրպանից:
Սերժ Սարգսյանն, օրինակ, պետք է պարզաբանի, թե ինչու աշխատանքից հեռացրեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ նրա փոխարեն նշանակեց Վովա Գասպարյանին: Ոստիկանության անձնակազմին ներկայացնելով այս կադրային փոփոխությունը, Սերժ Սարգսյանն այդպես էլ չխոսեց դրա շարժառիթների մասին:
Օրինակ, ինչում էր թերացել Ալիկ Սարգսյանը, եւ ինչով է Վովա Գասպարյանն ասենք այլ որակի գործիչ: Հանրությունը շատ լավ ճանաչում է երկուսին էլ, սակայն նրան այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպես, ինչ սկզբունքով են կատարվում նշանակումները:
Կամ, ինչու հեռացվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այն բացատրությունը, որ տվել է Հովիկ Աբրահամյանը, այսինքն՝ որ իր հրաժարականով ապացուցել է իր նվիրվածությունը նախագահին, հանրության համար կարող է լինել խիստ մտահոգող: Որովհետեւ ստացվում է, որ իր գրպանից սնվող պաշտոնյաները ծառայում են ոչ իրեն, այլ՝ նրան, ով նույնպես սնվում է հանրության գրպանից:
Եթե Հովիկ Աբրահամյանն ասել է ճշմարտությունը, ապա Սերժ Սարգսյանը պետք է բացատրություն տա հանրությանը, թե ինչու է պետական համակարգը փաստացի վերածվել անձնական նվիրվածության հարթակի: Բացի այդ, պետք է պարզաբանի, թե ինչ է կատարվել, որ Հովիկը հավատարմություն ապացուցելու կարիք է ունեցել:
Իսկ եթե Հովիկ Աբրահամյանը ճիշտ չի ասում, ուրեմն Սերժ Սարգսյանը պետք է հանրությանը բացատրի, թե որն է եղել ԱԺ նախագահի թերացումն աշխատանքում, որին նշանակել էր «ԱԺ դերը բարձրացնելու» պատճառաբանությամբ: Իսկ այն, որ նա գլխավորելու է ինչ որ նախընտրական շտաբ, բավական ծիծաղելի պատճառաբանություն է:
Իհարկե, հանրությունը միամիտ չէ եւ շատ լավ գիտե, թե իրականում ինչ է կատարվում: Անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ չկա նման նախադեպ, երբ իշխանությունը հաշվետու լինի հանրությանը իր քաղաքական կուրսի, նաեւ կադրային քաղաքականության մասով: Հանրությունը շատ լավ գիտե նաեւ, որ պաշտոնյաներն իր գրպանի հույսին չեն, թեեւ այդտեղից «ձեռքները չեն քաշում», երբ պետք է խոսել վեհ բաներից՝ հայրենասիրություն, ազգի միասնություն, եւ այլն:

No comments: