Monday, November 21, 2011

Նաիրա Զոհրաբյան. Թուրքիան իր պատմությունն ընդունելու համարձակություն չունի

News.am. 20-11-2011- Թուրքիայից համարձակություն սպասելու ոչ մի հիմք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական անցյալի եւ պատմության հետ։
«Չեմ կարծում, որ այնպիսի գործիչը, ինչպիսին Չիչեքն է, լավատեսության հիմքեր ունի: Ավելին, այսօրվա թուրքական էլիտան իր ողջ գործունեությամբ փորձում է հեռանալ իր անցյալից: Եվ ոչինչ չի վկայում այն մասին, որ այսօր կամ վաղը Թուրքիան պատրաստ է դրան»,-հայտարարեց պատգամավորը:
Այդ համատեքստում դիտարկելով Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի այն հայտարարությունը, թե Ֆրանսիան պատրաստ է «ընդունել Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական քննարկումները», Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում շատ վատ մտածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի մասին:
«Ես չէի ցանկանա շատ վատ մտածել, ասելով, թե Ժյուպենն այդ հայտարարությամբ պաշտպանում է Թուրքիայում 15 մլրդի ներդրումները, չեմ կարծում, որ այդ հայտարարությունն արված է ի պատասխան Անկարայի` Սարկոզին հասցեին արված հարձակումների`կապված Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության հետ, ոչ: Ես հուսով եմ, որ մեր ԱԳՆ-ն կդիմի իր ֆրանսիացի գործընկերներին համապատասխան պարզաբանումների համար, քանի որ Ժյուպենի խոսքերը հակասում են այդ հարցում Ֆրանսիայի քաղաքականությանը»,-ընդգծեց նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը նոյեմբերի 18-ին «Սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցը եւ միջազգային ժամանակաշրջանը» միջազգային սիմպոզիումի բացման ժամանակ հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական անցյալի եւ պատմության հետ։

«Մենք առնչվում են միջազգային մակարդակի մեղադրանքների, հատկապես 1915 թվականի հետ կապված: 1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվները եւ պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»,- ասել է Չիչեքը:

No comments: