Wednesday, November 23, 2011

Իլհամ Ալիեւը մեզ ի՞նչ

«Լրագիր» 22-11-2011- Իլհամ Ալիեւը որոշել է Ադրբեջանում ժողովրդի «հոր» ինստիտուտ ներդնել, որը բնականաբար նվիրվելու է հենց իր հորը՝ Հեյդար Ալիեւի Ալիեւին:
Ադրբեջանի համար դա միանգամայն տրամաբանական որոշում է, քանի որ այդ երկիրը անշեղորեն շարժվում է արեւելյան խանության ուղղությամբ: Իսկ դա ենթադրում է, որ Ալիեւների գերդաստանը պետք է բարձրանա հնարավորինս վեր, որքան որ թույլ կտա նավթի ու գազի վաճառքից ստացվող փողը:

Աշխարհն էլ համակերպվել է Ալիեւի խանական հավակնությանը, հանգիստ թույլ տվեց, որ նա ստանա ցմահ ընտրվելու հնարավորություն: Ի վերջո, Ադրբեջանից ակնկալելու այլ բան չկա՝ կարեւորը, որ այդ երկիրը նավթի ու գազի հոսքը ապահովի, եւ մեկ էլ վայելի դրանից ստացվող փողը: Իսկ խանություն կառուցելը այդ վայելքի թերեւս ամենաանշառ տարբերակներից մեկն է:
Չէ որ բոլորի համար էլ լավ է, եթե Ալիեւը գործնական քայլեր է անում ոչ թե ասենք Ադրբեջանի «տարածքային ամբողջությունը» վերականգնելու, այլ ալիեւյան խանությունը կառուցելու եւ ամբողջացնելու ուղղությամբ:
Բայց, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը դուր չի եկել Ալիեւի գաղափարը: Հանրայինը կարծես թե վիճարկում է Հեյդար Ալիեւին Ադրբեջանի ժողովրդի «հայր» հռչակելու գաղափարը:
Հարց է առաջանում, թե ում համար էր Հանրայինի անդրադարձը Իլհամ Ալիեւի քմահաճույքին: Իլհամ Ալիեւը կարող է իր հորը հռչակել Ադրբեջանի ժողովրդի «պապ», «հայր», նույնիսկ «մայր», «տատ» կամ «հորաքրոջ ամուսին», Հայաստանում դա ում եւ ինչով է հետաքրքրում: Մտածել, թե ասենք արտերկրում էլ հայերից բացի որեւէ այլ ազգ սպասում է «Առաջին լրատվական»-ի /նախկին Հայլուր/ թողարկումներին, թերեւս կլինի փոքր ինչ անհամեստություն: Անհամեստություն կլինի թերեւս մտածել նաեւ, թե այդ թողարկումներին սպասում են միայն Ադբեջանի թեմաներին անդրադարձի համար:
Միթե Հանրայինում չեն գնահատում սեփական եթերաժամանակը, որի մի մասն ի դեպ պահվում է հարկատուների փողով՝ բյուջետային միջոցներով: Միթե այդ ժամանակը հնարավոր չէ վատնել Հայաստանի եւ հայության համար առավել կարեւոր տեղեկատվության կամ վերլուծության վրա: Ում համար ենք մենք Հանրային եթերում դատափետում, ծաղրում, հեգնում Ադրբեջանին եւ Ալիեւին:
Ինչ, միթե մենք ինքներս մեզ համոզելու խնդիր ունենք, որ Ալիեւը վատն է կամ Ադրբեջանը ժողովրդավար չէ: Միթե որեւէ մեկը կարծում է, թե կա Հայաստանի հասարակությանն ու հայությանը Ալիեւով գայթակղվելուց հետ պահելու խնդիր:
Թե՞ Ալիեւը Հանրայինին պետք է որպես Հայաստանի ժողովրդավարության ֆոն, թե տեսեք, որքան ժողովրդավար ենք մենք, խանական Ադրբեջանի համեմատ:
Չէ որ այդ համեմատականները վաղուց արդեն սպառել են իրենց, որովհետեւ աշխարհը առաջ է գնում սրընթաց, եւ հասարակությունների պահանջմունքները ձեւավորվում են ըստ իրենց, ոչ թե ըստ հարեւանի կյանքի: Հայաստանի ժողովրդավարությունը պետք է չչափվի Եվրոպայի, Ամերիկայի, կամ Ադրբեջանի համեմատությամբ, այլ պետք է չափվի հայաստանցու, Հայաստանի քաղաքացու հոգեւոր, ֆիզիկական, իրավական, նյութական պահանջմունքներից ելնելով, գիտակցական մակարդակից:
Մենք մեր իսկ պահանջմունքների հիման վրա պետք է տանք մեր ժողովրդավարունակության եւ մրցունակության գնահատականը, ոչ թե ալիեւյան խանության հետ համեմատվելով:
Եթե մեր պահանջմունքը ընդամենը Ադրբեջանի հետ համեմատվելն է, ապա դա այլ հարց է: Բայց դա արդեն չափազանց փոքր պահանջմունք է, որովհետեւ Հայաստանը միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի «ինադու» չէ, որ պետք է գոյություն ունենա որպես պետություն, որպես պետականություն: Հայաստանը պետք է ունենա առավել լուրջ հավակնություններ եւ առավել լայն մտահորիզոն ու աշխարհայացք, եւ մեծ ու փոքր փողերը եւ կարճ եւ երկար եթերաժամերը պետք է վատնի այդ առավել լուրջ նպատակների ու հավակնությունների շուրջ բազմակարծիք քննարկումների, վերլուծությունների եւ տեղեկատվության վրա:
Իսկ եթե Ադրբեջանի դեմ որեւէ ասելիք կա, իսկ դա անշուշտ կա եւ կլինի, քանի դեռ կա դիվանագիտական եւ նաեւ պարբերաբար ռազմական բնույթ կրող հակադրությունը, ապա այն պետք է ոչ թե հայաստանցուն հասցնել, այլ միջազգային շրջանակներին: Իսկ դրա ճանապարհը ոչ թե Հանրայինի եթերն է, այլ առավել լուրջ միջազգային տեղեկատվական հարթակները:

No comments: