Wednesday, November 16, 2011

Հայաստանը չի կարող պատանդ մնալ

«Լրագիր» 15-11-2011- Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է սոցհարցում, որը ներկայացնում է, թե ԱՊՀ առաջնորդներից ով է ամենամեծ վստահությունը վայելում ռուսաստանցիների շրջանում:
Այդ հարցման տվյալով, ամենամեծ վստահությունը վայելում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով 2010 թվականին ունեցած 32 տոկոսի դիմաց, այժմ ունի 37 տոկոս: Այսինքն հարցվածների այդքան մասը վստահում է Նազարբաեւին:
Նախորդ տարվա համեմատ աճել է նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյի վստահելիության ցուցանիշը եւ հասել 28 տոկոսի: 2010 թվականի համանման հարցման համեմատ նվազել է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի վստահելիությունը ռուսաստանցիների շրջանում` 17 տոկոսից հասնելով 12 տոկոսի:
Հետո գալիս են Ադրբեջանի նախագահ Ալիեւը` 7 տոկոս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 6 տոկոս, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը` 3 տոկոս, Կիրգիզիայի նախագահ Ռոզա Օտումբաեւան, Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրանք բոլորն ունեն 2-ական տոկոս:
Ամենացածր տոկոսը Տաջիկստանի նախագահ Իմոմալի Ռահմոնինն է: Նրան վստահում է հարցվածների 1 տոկոսը:
Դատելով հայ-ռուսական հարաբերության բնույթից, պետք է որ ցածր ընկալվի Սերժ Սարգսյանի 6 տոկոսը, հատկապես նկատի ունենալով, որ նա օրերս էր Պետական այցով եղել Մոսկվայում, մեդալ նվիրել Մեդվեդեւին, բարձր ընդունելության արժանացել` ինչպես ներկայացնում էր Հայաստանի իշխանական քարոզչությունը:
Ռուսաստանցիները պետք է որ այդ ջերմությունից ելնելով ավելի շատ վստահեին Սերժ Սարգսյանին, բայց 6 տոկոսը անշուշտ ցածր է հայ-ռուսական բարեկամության շատ բարձր «տոկոսի» պայմաններում:
Բայց, շարքային ռուսներին ըստ երեւույթին հայ-ռուսական հարաբերությունը չի էլ հետաքրքրում, դրա համար էլ Սերժ Սարգսյանին վստահում է նրանցից միայն 6 տոկոսը:
Բայց, հնարավոր է, որ լավ էլ հետաքրքրում է, ու հենց դրա համար է Սերժ Սարգսյանին ընդամենը 6 տոկոսը վստահում:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հայ-ռուսական հարաբերությունը Հայաստանում բավական հետաքրքրական ազդեցությունների ենթարկվեց: Մեր երկրում այդ հարաբերությունն աննախադեպ կերպով դարձավ հասարակական լայն քննարկումների առարկա, հնչեցին հարցադրումներ Ռուսաստանի հասցեին, Հայաստանի իշխանության պահվածքի հասցեին: Եթե մինչ այդ այդպիսի հարցադրումներ կարող էին հնչել քաղաքական պայքարի ընթացքում, ապա վերջին տարիների համար աննախադեպ էր այն, որ հարցադրումները առավելապես հանրային շրջանակներն էին հնչեցնում, իսկ քաղաքական ուժերը ընդամենը գնում, կամ չէին գնում դրանց հետեւից:
Ռուսներն ըստ երեւույթին այդ ամենը ասոցացնում են հենց Սերժ Սարգսյանի նախագահության հետ, կամ համարում են, որ նա բավարար քայլեր չի արել հայ-ռուսական հարաբերության այդ հանրային «ռենտգենը» կանխելու համար, եւ դրա համար էլ նրան չեն վստահում:
Անվստահությունը գուցե խորացրել է նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունը խորացնելու ուղղությամբ Սարգսյանի կատարած գործողությունները: Անկախ դրանց շարժառիթից, քանի որ այդ գործողությունների հիմնական իմաստը եղել է բնականաբար Հայաստանում սեփական իշխանությունն ամրացնելը, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի գործողությունները կարծես թե նոր բովանդակություն են հաղորդել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությանը, փոխել են շեշտադրումները, դրանք առավել առարկայացրել, առավել գործնականացրել:
Դա էլ թերեւս արժանանում է Ռուսաստանի ռեյտինգային արձագանքին:
Բայց, թերեւս ժամանակն է ամրագրել, որ դա մեծ հաշվով Ռուսաստանի խնդիրն է: Իհարկե, Հայաստանը չի կարող անտեսել դա, կարեւորություն չտալ այդ կարեւոր երկրում ունեցած ռեյտինգներին, այնտեղ ձեւավորված վերաբերմունքին, բայց ի վերջո գլխավորը պետք է լինի եւ մնա Հայաստանի պետական շահը: Այդ շահը ներկայում պահանջում է Ռուսաստանի հետ ավանդական հարաբերության բովանդակային, արժեքային եւ հոգեբանական վերանայում, արդիականացում, առողջացում, ռացիոնալացում, ինքնիշխանացում:
Ամենեւին զարմանալի չէ, որ դա կարող է արժանանալ Ռուսաստանի տարբեր շրջանակների, ընդհուպ կայսերապաշտական տրամադրություններով գոյատեւող շարքային ռուսաստանցիների համար, որոնց համար ռուսական էլիտան կայսերապաշտությունն ու մեծապետականությունը դարձրել է հացին ու ջրին փոխարինող, էլ չասած իրավունքի եւ ազատության գիտակցմանը փոխարինելու մասին:
Ռուսաստանի ժողովրդի հոգեբանության մեջ տասնամյակներ շարունակ ներարկվել է այն գիտակցումը, որ սեփական իրավունքն ու ազատությունը այլոց իրավունքն ու ազատությունը իրենց ենթարկելն է, եւ որքան մեծ են ենթարկելու մասշտաբները, այնքան հարգված են հենց իրենց իրավունքն ու ազատությունը:
Հետեւաբար, Ռուսաստանի հակազդեցությունը բնական է, բայց Հայաստանը չի կարող լինել ռուս ժողովրդի հոգեբանական եւ արժեքային այդ բարդույթի հավերժ պատանդը: Հայաստանի իշխանությունը պետք է սպասարկի պետական շահը: Եվ չնայած ներկայում արեւմտյան տնտեսա-քաղաքական եւ քաղաքակրթական ուղղությամբ, իշխանությունը գերազանցապես անձնական շահն է սպասարկում, այդուհանդերձ ներկայիս ժամանակի բարեբախտությամբ, այդ շահը անկախության քսան տարիների ժամանակահատվածում թերեւս աննախադեպ համարժեքությամբ համընկնում է պետական շահի հետ:
Այդ իմաստով, ռուսական վարկանիշերը թերեւս պետք է թեթեւ վերապրել: Ժամանակն է դադարել լինել ոչ միայն ռուսական, այլ նաեւ հայկական «օրհնված» բարդույթների պատանդ կամ սպասավոր:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: