Wednesday, November 30, 2011

Շարժում այս պահին կարծես թե չկա

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը

-Էդգար, վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ԲՀԿ գործակցությունը ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը: Սա ճգնաժամից դուրս գալու ե՞լք է, թե՞ ճգնաժամի և հիասթափության խորացման ևս մեկ նախադրյալ:
-Նախ, պետք է նշել, որ ամեն դեպքում Տեր-Պետրոսյանը չբացառեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունն այն պարագայում, եթե ԲՀԿ-ն իսկապես ցանկանա դուրս գալ կոալիցայից և նպաստել երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը: Սակայն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը նախընտրական շրջանին բնորոշ տրամաբանությամբ է շարժվում: Կոնգրեսը թեև շարունակում է հայտարարել, որ իրենց խնդիրը համակարգի փոփոխությունն է, ներկայիս խաղի կանոնների փոփոխությունը, բայց այդ հայտարարությանը զուգահեռ հիմնականում կատարում է քայլեր, որոնք բնորոշ են կուսակցություններին, այլ ոչ թե դեմոկրատական շարժմանը: Շարժում, որը կարող էր բերել համակարգի փոփոխության, այս պահին կարծես թե չկա, և ընդդիմադիր ուժերը փորձում են ներկա խաղի կանոնների պայմաններում ուղղակի ամրապնդել իրենց դիրքերը քաղաքական դաշտում, խաղալ ներիշխանական հակամարտության վրա՝ նպատակ ունենալով մնալ որպես առանցքային քաղաքական ուժերից մեկը և լավագույն դեպքում այդ կերպ փորձեն ինչ-որ կերպ բարձրացնել իրենց հուզող խնդիրները, ճնշում բանեցնել իշխանությունների վրա և այլն: Ըստ էության, Տեր-Պետրոսյանի հայտարարությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության շրջանակներում:

-Եթե մի պահ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն համաձայնվում է համագործակցության, արդյոք հնարավո՞ր է ամրապնդել դիրքերը, երբ հասարակական ներուժի կորուստ կա:
-Եթե իշխանության կողմից պարտադրված խաղի կանոնների շրջանակներում են փորձում ինչ-որ գործեր անել, կարծում եմ, վերջնական հաշվով նրանց չի հաջողվի դրան հասնել: Իհարկե, ընդդիմադիր ուժերից ոմանք կկարողանան մտնել խորհրդարան, ինչ-որ մանդատներ կստանան, միգուցե ընդհանուր առմամբ, ընդդիմադիրների քանակը խորհրդարանում մի փոքր ավելին կլինի, քան հիմա է: Սակայն հարցն այն է` ինչ է տալու դա այդ ուժերին և ամենակարևորը, ինչ է տալու հասարակությանը, արդյոք դրա արդյունքում հասարակության առջև առկա հիմնարար խնդիրները կլուծվե՞ն, թե՞ ոչ: Իհարկե չեն լուծվի, իհարկե ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության ուզածը մի քանի մանդատ ունենալը չէ: Բանն այն է, որ ներկայիս քաղաքական ռեժիմի, ներկայիս խաղի կանոնների շրջանակներում հնարավոր չէ ապահովել հիմնարար այնպիսի բաներ, ինչպիսիք են իրավահավասարությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, թեկուզև սոցիալ-տնտեսական բարեկեցությունը: Հիմա ես չեմ տեսնում, որ ընդդիմադիրների այսօրվա գործողություններն ի զորու են հանգեցնել խաղի կանոնների փոփոխությանը:

-Ըստ էության, քաղաքական դաշտում ճգնաժա՞մ է:
-Իրականում շատ լուրջ ճգնաժամ է: Այսօր սովորաբար խոսում են իշխանության ներսում առկա ճգնաժամից, որովհետև տեսնում են, որ իշխանական տարբեր խմբեր, թիմեր պայքարում են մեկը մյուսի դեմ, ամեն մի թիմ ուզում է ավելի մեծ ներկայացվածություն ունենալ իշխանություններում, ավելի շատ ռեսուրս ունենալ և այլն: Սակայն ընդդիմադիր դաշտում էլ է ճգնաժամ. այնտեղ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր կազմակերպությունները ինչ-որ տեղ համակերպվել են ներկա իրավիճակին և ռեժիմի խաղի կանոններին: Նրանք, ինչպես արդեն նշեցի, շարժվում են սովորական կուսակցական-քաղաքական պայքարի տրամաբանությամբ, ինչը հիմնարար խնդիրների լուծմանը չի բերելու: Իսկ վերջին հանրահավաքն էլ կարծես ավելի խորացրեց առկա ճգնաժամը:
Պետք է նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ արտահայտել է իր անձնական կարծիքը և նա հատուկ շեշտեց դա ու նաև այն, որ կոնսենսուս չկա այդ հարցում: Սակայն ակնհայտ է նաև, որ նա այդ հարցում ունի կողմնակիցներ: Եթե հանկարծ Բարգավաճ Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ կոալիցիայից, ապա Կոնգրեսը պետք է որոշում կայացնի՝ համագործակցել նրա հետ, թե ոչ: Կոնսենսուսի բացակայության պայմաններում որոշ անհատներ ու ուժեր արդյունքում կարող են դուրս գալ ՀԱԿ-ից: Իհարկե, սա կհանգեցնի նոր հիասթափության, Կոնգրեսի վարկանիշը կարող է ընկնել:

-Մի՞թե չի ընկել:
-Կարծում եմ` արդեն իսկ բավականին ընկել է, իսկ վաղն էլ ավելի կարող է ընկնել, եթե նման գործընթաց տեղի ունենա: Մարդիկ կարող են հարց տալ. ի՞նչ նախանշաններով, ինչպե՞ս է Լևոն Տեր-Պետրոսյանը համոզվելու, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծ ուզում է նպաստել ազատ և արդար ընտրությունների իրականացմանը: Եթե համոզվելու համար բավարար է ԲՀԿ-ի հայտարարությունը, այդ դեպքում ինչու չհավատալ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության հենց այսօր հնչող հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: Եվ հետո, վերջիվերջո ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից /չնայած, սա շատ քիչ հավանական է/ և ընտրություններից հետո նորից մտնել կոալիցիա:

-Մի՞թե այս ամենը Կոնգրեսի ներսում չի քննարկվել, կանխատեսումներ չեն արվել:
-Չեմ կարծում, որ չեն քննարկվել այս բոլոր տարբերակները, վերջիվերջո խելացի, փորձ ունեցող մարդիկ են ՀԱԿ-ի մեջ ներգրավված, բայց կարծում եմ` ընդհանուր առմամբ կա որոշակի անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, այսինքն` չկա այն վստահությունը, հավատը, որ սեփական ուժերով կարող ես մոբիլիզացնել հանրությանը և հասնել անհրաժեշտ արդյունքի: Մինչև այս պահը չի ստացվել այդ մոբիլիզացիան, իսկ հույսը այդ մոբիլիզացիայի վրա էր, հայտարարվում էր` հենց հասնենք հասարակության մոբիլզացիային, հենց հրապարակում լինեն հարյուր հազարավոր մարդիկ, ուրեմն վերջ, իշխանությունները կգնան, բայց տեսնում ենք, որ դա չի ստացվում: Հիմա մտածել են` քանի դեռ սա չի ստացվում, անհրաժեշտ ռեսուրսը կարելի է գտնել իշխանության ներսում հակասությունների մեջ, բայց ես կարծում եմ` դա չաշխատող ծրագիր է:

-Ինչպե՞ս կարելի է հաղթահարել հասարակական ճգնաժամը, երբ չկան ուժեր, որ հասարակության վստահություն ձեռք կբերեն: Ինչի՞ հետևանք է ճգնաժամը:
-Կարծում եմ` Հայաստանում չի ձևավորվում ներքևից եկող, ներքևից ձևավորվող մի քաղաքացիական ուժ, շարժում, որը ուղղակի նպատակ կդնի հնարավորինս կարճ ժամկետներում երկրում կատարել համակարգափոխություն: Սա է պակասում Հայաստանի հասարակությանը, միայն սա կարող է մթնոլորտ փոխել և հաղթահարել ճգնաժամը:
Կուսակցությունները, բնական է, որ ունեն իշխանության գալու ամբիցիա: Եվ գործողություններ կատարելուց առաջ նրանք անընդհատ չափում են՝ արդյոք այդ գործողությունը նպաստո՞ւմ է նրան, որ հենց իրենք գան իշխանության։ Եվ սա խանգարում է համակարգափոխությանը, քանի որ ինչքան էլ կուսակցությունը ուզենա, որ խաղի կանոնները փոխվեն, միևնույն է, նա բավականաչափ ջանք չի թափի, եթե իմանա, որ իր գործադրած ջանքերի արդյունքում իշխանության կարող է գալ մեկ այլ ուժ։ Եթե հասարակության հիմնարար խնդիրը լիներ, օրինակ, լավ սոցիալ-տնտեսական ծրագրի բացակայությունը, ապա խնդիրը կարող էր լուծվել նման ծրագիր ունեցող քաղաքական ուժի իշխանության գալով։ Իսկ քանի որ Հայաստանի հասարակությունը հիմնական խնդիրը տեսնում է հակադեմոկրատական ռեժիմի մեջ, որի պայմաններում չեն աշխատում դեմոկրատական ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, ընտրություններ կեղծվում են, մարդու իրավունքերը ոտնահարվում են և քանի որ հասարակությունը ցանկանում է համակարգափոխություն, ստացվում է` կուսակցությունների գործունեությունը այս պարագայում չի կարող հանգեցնել հասարակության հիմնական խնդրի լուծմանը:
Դրա համար է, որ ասում եմ`Հայաստանին քաղաքացիական բնույթի պայքար է պետք, պետք է այնպիսի շարժում, որը իշխանության գալու խնդիր չի դնի, ոչ մի քաղաքական ուժի չի համարի իրեն մրցակից և կհամախմբի արդար խաղի կանոններ ստեղծելու ցանկություն ունեցող անհատներին և կազմակերպություններին։

-Սակայն այդքան քաղաքացիական նախաձեռնություններ, խմբեր կան, որոնք չունեն իշխանության գալու ամբիցիա և քաղաքականությունից էլ առհասարակ խուսափում են:
-Այո, այդ նախաձեռնություններն իշխանության գալու խնդիր չունեն։ Բայց նրանք այս կամ այն առանձին ոլորտին վերաբերող խնդիրներով են զբաղվում (ի դեպ, շատ կարևոր խնդիրներով են զբաղվում և արդեն հաջողություններ են գրանցում), նրանք իրենց առջև չեն դրել համակարգ փոխելու, խաղի կանոններ փոխելու խնդիր։ Մենք այսօր չունենք մի քաղաքացիական նախաձեռնություն, որն իր թիվ մեկ խնդիրը համարի համակարգափոխությունը։ Դրա պատճառն այն է, որ շատերը չեն հավատում կարճ ժամկետներում համակարգափոխության հնարավորությանը, ոմանք էլ կարծում են, որ դա կուսակցական-քաղաքական հարց է, մյուսներն էլ իրենց ուժերից վեր են համարում այդ խնդրով զբաղվելը։ Եվ սա լուրջ խնդիր է։

-Ինչպիսի՞ն պետք է լինի դեմոկրատական շարժումը:
-Նախ, ինչպես արդեն նշեցի, ներքևից ձևավորված պետք է լինի։ Այն պետք է դեմոկրատական արժեքները կրող մարդկանց շարժում լինի, որը հիմնված է պայմանագրային սկզբունքների վրա։ Կարծում եմ, որ շարժման մեջ ներգրավված քաղաքացիները պետք է հորիզոնական հարթության վրա համագործակցեն, այստեղ չպետք է լինի խիստ հիերարխիա, այսինքն`հավասարաների շարժում պետք է լինի։ Դա չի նշանակում, որ լիդերներ չպետք է լինեն։ Բայց դրանք պետք է ընտրված լինեն և հաշվետու լինեն շարժմանը։ Նաև լիդերներից անձնազոհություն է պահանջվում, նրանք պետք է օրինակ ծառայեն, նրանց տեղը առաջին գծում է: Շարժման մեջ ներգրավված մարդիկ, և առաջին հերթին, նրա առաջնորդները, պետք է պատրաստ լինեն զրկանքների։ Առաջնորդները պետք է հասկանան, որ ձախողման դեպքում նրանք չպետք է արդարանան, այլ իրենց տեղը զիջեն ուրիշներին։

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 30-11-2011,

No comments: