Tuesday, November 8, 2011

Հեղափոխությունը սեր է

Խաղի կանոններն են փոխվել
Մեր զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

-Արա, ըստ Ձեզ` ի՞նչ է տեղի ունենում քաղաքական կյանքում: Իրար հետևից շարունակվող հրաժարականների շղթա է: Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ հրաժարական տվողները չկարողացան մինչև վերջ խաղալ ընդունված խաղի կանոններով, թե՞ խաղի կանոններն են փոխվել:
-Եթե իսկապես չկարողացան համակերպվել, ուրեմն կանոնները իրոք որ փոխվել են, բայց մենք ավելի ուշ դա կիմանանք: Դրա համար լրացուցիչ ազդակներ են պետք, և այստեղ վարկածների դաշտը շատ մեծ է: Ամենատրամաբանական վարկածը սովորաբար ամենաճիշտն է դուրս գալիս, ամենատրամաբանականը այստեղ հասարակության ճնշումն է, որը ստիպում է իշխանությանը ակամայից կորցնել իր ներքին պատկերացումները, անհանգիստ իրեն պատեպատ տալ: Հիմա երևում է, որ, հրաժարվելով երկխոսությունից, իշխանությունը դրանով իսկ կորցրեց շանսը ինքն իր համար ձևավորել որևէ հստակ սկզբունքներ, ամբողջացնել իր դիրքը, այն կանոնի աստիճանի հասցնել: Երկխոսությունը թույլ է տալիս, հայտարարագրերի միջոցով, կայանալ իբրև գիտակից միավոր: Լավ թե վատ միավոր՝ այլ հարց է, բայց կայանալ: Սերժ Սարգսյանի ռեժիմը կայացած չէ անգամ իբրև սկզբունքային բռնապետություն, և, ինքն իրեն դատապարտելով լռությանը, մերժելով զրուցակցին, երկխոսողին` վերածվեց անկանոն մի կույտի, որի ոչ մի անդամ ինքը չի իմանում խաղի կանոնները, որովհետև դրանք ոչ մի անգամ հրապարակայնորեն ազդարարված չեն եղել: Մնում է կիրառեն ստալինյան մտածելակերպը`կադրերն են որոշում ամեն ինչ, ոչ թե սկզբունքները, հիմունքները, ոչ թե ինչ-որ հստակ գաղափարները, այլ զուտ կադրային փոփոխությունները, ինչպես Խորհրդային Միությունում պատմությունն էր զարգանում: Մի կադրին մյուսով փոխարինելով՝ վերջը հասան նրան, որ սովետական ներքին քաղաքականությունն իրենից սկսեց ներկայացնել պարզապես կապրիզների մի շարք, և դրա հետևանքով կազմաքանդվեց: Հիմա Սերժը, կարծում եմ, պարզապես կապրիզներ է անում`գտնվելով արդեն ոչ թե քաղաքականության, այլ հոգեբանության դաշտում, բավարարելով իրականության հետ կապ չունեցող ներքին ինչ-որ ֆանտազմներ:

-Այսինքն` անձերից պետք է անցում կատարել գաղափարակա՞ն քաղաքականությանը:
-Քաղաքականությունն առհասարակ սկզբունքների վրա հիմնված գործունեություն է: Դու անում ես մի բան, որը չկա, դու ապագան ես կառուցում և հայտարարում`ինչ սկզբունքներով ես կառուցում: Եթե ուղղակի հետևում ես կյանքի հոսքին և ինչ-որ ռեակցիա ես տալիս, ապա դու ավելի ու ավելի ես ընկնում անազատության մեջ, և որոշում են ինչ-որ այլ գործոններ, որոնք դու չես ստեղծում:

-Խոսքի ու գործի տարբերությո՞ւն կա, ասում ես մի բան ու չես կարողանում անել:
-Այստեղ ավելի շուտ հակառակն է. անում ես մի բան, որը չես ասում, որևէ մեկը իշխանությունից չի բացատրում`ինչ նպատակ ունեն այս հրաժարականները: Այսինքն` ինչպես ուզում ես հասկացի: Սերժ Սարգսյանը գոնե մեկ սկզբունք ձևավորե՞լ է իր համար, որ ես անում եմ այս հրաժարականները, որպեսզի...

-Գուցե ամբիցիաներն են…
-Սա ինչ-որ բան անելու կապրիզ է, ոչ թե ինչ-որ քայլ անելու մտածված հերթականություն, այլ ինչ-որ բան անելու կապրիզ:

-Անձնական կապրիզները և քաղաքականությունը որտե՞ղ են հատվում:
-Հետաքրքիր հարց է, եկեք հիմա մոռանանք Սերժին, իշխանությանը, ու համաձայնենք, որ ի վերջո քաղաքականությունը մարդու ներքին ցանկությունների, երազանքների իրականացման միջոց է: Կապրիզը դա բացարձակ անհաջողության դեպք է, երբ ձևակերպված ու հայտարարված չեն ոչ ցանկությունները, ոչ դրանց հասնելու մեթոդաբանությունը: Սակայն, դիտարկենք այն դեպքը, երբ գործում է հասարակության գիտակից, քաղաքականացված մասը: Այստեղ էլ, իմ պատկերացմամբ, ցանկությունների ոլորտը հաճախակի ձևակերպվում է ոչ բավարար չափով, իրենից ներկայացնում է ստանդարտ բարօրության մի պատկեր՝ ամեն մեկն ունենա աշխատանք, տուն, ընտանիք, երկիր կառավարելու իրավունք, արտահայտման ազատություն և այլն: Իհարկե, ոչ մի սխալ բան նման ֆորմալ և համընդհանուր ձևակերպման մեջ չկա, բայց արի ու տես՝ այն չի «խոսում» մարդու անձնական ցանկությունների ոլորտի հետ, որը շատ ավելի յուրահատուկ է, քան ստանդարտ այս բանաձևը: Կարելի է ենթադրել, որ այստեղ մենք հասնում ենք այն սահմանագծին, որտեղից սկսվում է արվեստը, կամ ավելի պատկերավոր ասած՝ երազանք ձևակերպելու և իրականացնելու մարդկային գործունեությունը: Մարդու իրավունքները, սահմանադրական իրավունքը անհատի համար կենսական անհրաժեշտություն են դառնում, սուր անհրաժեշտություն, «հիմա»-ի անհապաղ պահանջ, երբ նա գիտի, պատկերացնում է, թե ինչ շատ յուրովի, շատ ինտիմ, շատ անձնականացված երազանք իրականացնելու համար է նրան դա պետք, ազատությունը պետք է, երբ արդեն պատկերացնում ես ինչի համար ես դա օգտագործելու, այլապես՝ դառնում է ցանկալի, բայց ոչ հրատապ մի հարց, այսինքն՝ «լավ, թող լինի ազատություն, մեկ էլ տեսար մի բանի համար պետք եկավ»: Իսկ երբ արդեն գիտես, ինչի համար է դա քեզ պետք, ազատության համար սկսում ես ատամներով պայքարել: Եվ այդ «ինչը», «հանուն ինչին», ձևավորվում են արդեն գաղափարախոսության, քաղաքական արվեստի, նույնն է՝ անհատական արվեստի ոլորտում, անհատական ցանկություն, որը դառնում է համընդհանուր, կայծ է ստեղծում մարդկանց միջև, դառնում է սիրային անվերապահ ցանկություն: Ցանկության անհատականացված, եզակի բնույթը միշտ չէ, որ անհրաժեշտ է հարմարեցնել, թարգմանել ընդհանուր բարօրության ստանդարտի լեզվին, այն պետք է երևա նաև ինքնին, իր սկզբնական, ուրույն պատկերով: Եվ այդ պատկերից արդեն միայն՝ բխեցնել համընդհանուր չափանիշներ, համընդհանուր կանոններ, համընդհանուր ազատություններ: Լավագույն օրինակը՝ սիրո ազատությունը սահմանելու համար նախ պետք է լինի ինքը՝ սերը, իր կերպարանք ստացած, անհատականացած, մարմանվորված սիրողով ու սիրեցյալով: Սա է այն կետը, որտեղ միանում են արվեստը, քաղաքականությունը ու անձնական ցանկությունից առաջացող երևակայությունը: Այս հատումը, այս եզրերի միացումը մեզանում, կարծես թե, դեռ չի կատարվել:

-Եթե պատկերացնենք, որ չկան որոշակի ստանդարտներ, արդյոք վիճակը ավելի քաոսային չի՞ լինի:
-Ինչպես Արշակ Բանուչյանն ասաց հին հռոմեացիների մասին, իրենց կյանքի համակարգում արժևորվում էր երկու բան՝ ապահովություն և ազատություն: Ապահովությունը պետք էր ազատությունը դրսևորելու համար, իբրև դրա նախնական պայման: Մեր այսօրվա քաղաքական դիսկուրսը խոսում է միայն ապահովության համար, իսկ ազատության դրսևորման մասին... պատմականորեն խոսում էին այլ տիպի դիսկուրսները, կրոնինը, արվեստինը, փիլիսոփայությանը, դրանք կարելի է ընդհանրացնել, անվանելով արվեստ, կրոնն էլ է արվեստ, սերն էլ է արվեստ: Հեղափոխությունների ժամանակ՝ Ֆրանսիական, Հոկտեմբերյան, 68 թվինը՝ արվեստանում է ինքը` քաղաքականությունը, տեսանելի է դառնում երազանքը, ազատությունն իր առարկայականում, իր գործնականում, որի հետևանքով առաջանում են ապահովության նոր չափանիշներ, առաջանում են մարդու նորանոր իրավունքներ: Երեկվա խենթ երազանքն այսօր դիտվում է իբրև ապահովության ստանդարտ չափանիշ, իսկ շարունակվող երազանքը, արտիստական բնույթի ստեղծագործությունը, երազանքի նվաճումը ստեղծում է նորանոր ազատություններ, պահանջում նորանոր իրավունքներ: Այդպես երեկվա քաոսը դառնում է այսօրվա ընդունված կարգ` ստեղծելով երազանքի ու ստեղծագործության նոր դաշտ: Այդպիսով ենք մենք գալիս անձնական կյանքի, արվեստի ոլորտի պատկերացումների քաղաքականացմանը, այդպիսով քաղաքականությունը դառնում է մարդու ներքին կյանքի ապահովողը ու պահապանը, իսկ արտիստական ներքին երեևակայությունը՝ քաղաքականության խթանը ու առաջնորդողը:

-Մեզ մոտ էլ երազանքներ են սահմանադական կարգի վերականգնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն:
-Սրանք դարդերից ազատում է, ոչ թե երազանքների իրականացում, դրանք տարբեր բաներ են:

-Գուցե Սերժ Սարգսյանի երազածն էլ այս Հայաստանն է, այսքան փող ունենալը, կուտակելը, մոնոպոլացնելը ամեն բան:
-Շատ բարդ կետի ենք հասել. Բանն այն է, որ հասարակության ապահովության պահանջը կարող է նաև փորձի իրականանալ ազատությունից հրաժարվելու միջոցով: Ինչպես ստոիցիզմի փիլիսոփայությունն էր սահմանում՝ դժբախտությունը դա չափազանց շատ ցանկություններ /հնարավորություններին համեմատ/ ունենալն է, մի ունեցիր ցանկություններ, երազանքներ, ու կլինես երջանիկ, համենայն դեպս, ոչ դժբախտ: Բոլոր բռնակալները, և Սերժի համակարգը բացառություն չէ, յուրովի հոգում են մարդկանց համար, բռնապետները միշտ շատ հոգատար են, նրանք ձգտում են մարդուն ազատել ունեցվածքից, լիազորություններից, ազատություններից, որպեսզի բերեն երջանիկ վիճակին, ազատեն երազելու ու ձգտելու գայթակղությունից: Հենց դրա համար է Սերժի համակարգը մենաշնորհում ամեն ինչ, տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտներում: Իրենք այնքան էլ մեծ բավարարություն չեն ստանում շատ ունենալուց, իրենք մարդկանց ազատում են գայթակղություններից, իսկ իրենց հափշտակածը սովորաբար պարզապես փոշիացնում, հողում կամ օֆշորային բանկերում թաղում, և շատ չնչին չափով օգտագործում ինչ-ինչ սեփական երազանք իրականացնելու համար: Նման ստոիկական համակարգերը տապալվում են, սակայն, միշտ նույն՝ տնտեսական պատճառով: Նման հասարակություններում կործանվում է տնտեսությունը, արդյունքում մարդիկ ստանում են մի քանի կարգով ավելի քիչ, քան թե նույնիսկ բռնակալները պատրաստվում էին նրանց տալ: Տնտեսությունը դա կոմունիակատիվ կատեգորիա է, և հարստությունը, բարեկեցությունն այնքան շատ են, ինչքան շատ է մարդկանց մեջ կատարվող իրական, ոչ սուտ, ոչ ձևական, կոմունիկացիան: Իսկ կոմունիկացիան, իր հերթին, առաջանում է ցանկությունից: Մենք իրար պետք ենք, մենք իրար հետ խոսում ենք, գործ ենք ունենում, սիրում ենք, երբ ունենք ցանկություններ: Ցանկությունների աճող անկման պարագայում հասարակությունը լռության մեջ է սուզվում, կամ ավելի ճիշտ՝ լցվում է աղմուկով, կեղծ, սուտն ասող կոմունիկացիայով: Արդյունքում կանգ է առնում նյութական, իրավական ու մշակութային պրոդուկտի ստեղծումն ու շրջանառումը, հասարակությունը ընկնում է աճող կարիքի մեջ: Եվ մի պահ նրա մեջ արթնանում է կիրք, ցանկություն, ցանկանան մարդիկ քրիստոնեություն, ինչպես Հռոմում, կամ ազգային անկախություն, կամ ժողովրդավարություն, սահմանադրական հեղափոխություն: Երազելը, ցանկանալը ու դրանց հետ կապված կոմունիկացիան վերադառնում են, ու դեն նետում աղմկալուռ, անշարժացած բռնատիրական մոդելը:

-Ինչպե՞ս պետք է բացել այդ ներքինը, ինչպես պետք է մարդու մեջ կիրք առաջացնել:
-Եթե մենք վերցնում ենք հեղափոխությունները` ֆրանսիական, հոկտեմբերյան, մասսամբ 88 թվականի, կար ակնկալիք ռեալ աչքով տեսանելի մեծ բեկումնային կյանքի փոփոխության: Խոսքը միայն չէր գնում միջին նորմալ հանրույթ ձևավորելու մասին, խոսքը գնում էր ավելի մեծ հավակնությունների մասին, որոնք հատուկ են արվեստին և փիլիսոփայությանը, և հենց այդ պահերին արվեստի և փիլսոփայության օրենքներով և չափանիշներով սկսում էր ղեկավարվել ամբողջ հանրային պրոցեսը: Հեղափոխությունը դա է: Հեղափոխությունը ոչ միայն ցարի տապալումն է, ոչ միայն ռեակցիա է չարիքին, ոչ միայն թագավորի գլխատում է, դա ինչ որ այլ բան է, երազանք կառուցելու, մարմնավորելու խորը ցանկություն է: Դրա համար տեղի է ունենում հսկայական հասարակական մոդեռնիզացիա, այսինքն` նիրհող երազանքը հանկարծ ակտիվանում է, և մարդը կրքով է նետվում այդ վիճակի մեջ: Նույն 67-68-ին առաջացավ ինչ-որ կիրք, հիմա մենք չենք կարող հասնել դրա արթնացմանը: 88-ի շարժումը չշոշափեց այդ երազանքը, այն շատ չափավոր էր, չէր օգտագործվում արվեստի և փիլիսոփայության դիսկուրսը, որտեղ թույլատրելի է իրականացել ինչ-որ երազանք:

-Կրքոտ չենք, դրա համար էլ հեղափոխությունը չի՞ ստացվում:
-Կա բանաձև, ըստ որի`հեղափոխությունը սեր է: Մենք գիտենք այդ բանաձևը, բայց չենք ընկալում: Հայաստանում դա շատ աբստրակտ բան է նշանակում, շատ ավելի կոնկրետ: 88-ին կար կոնկրետ բան` Արցախի նկատմամբ սիրային կապ լայն իմաստով, Արցախը ֆիզիկական ոչնչացման տակ է, և մենք նրան փրկում ենք: Իսկ նա, իր հերթին, առաջին սիրո պես՝ վերապրում է իր հայկական, Հայաստան լինելը և ձգտում Միացման: Սիրո համար հարկավոր են երկուսը, իրարից տարբերվող ու միացման, իրար ձգտող երկուսը, Կոնգրեսը պետք է շտապ հայտնաբերի իր համար սիրո առարկա, հնարավոր չէ սիրել ինքդ քեզ: Քեզ պետք է սիրեն ուրիշները, պետք է առաջանա համընդհանուր սիրո շղթայական ռեակցիան, համընդհանուր սիրո խոստումը, որը և վերաճում է հեղափոխության: Այստեղ էական է հասարակական նախաձեռնությունների փորձը՝ հաջողվում են նրանք, ով սիրում է վտանգված մեկ ուրիշին, Թեղուտի անտառը, Թռչկանի ջրվեժը, տառապող զինվորներին, թե թափառական կենդանիներին: Կայանում են, կամ դեռ կկայանան, նաև նրանք, ով սիրում է հենց Կոնգրեսը, Լևոնին, հեղափոխությունը: Կարևոր է՝ չսիրես միայն ինքդ քեզ, պաշտպանել սեփական իրավունքները՝ միշտ չէ, որ լավ գաղափար է, պետք է, Լալա Պողոսյանի խոսքով, պաշտպանես քո իրավունքը՝ պաշտպանել ուրիշներին, սիրել ուրիշներին, սիրված լինելու փոխադարձ ակնկալիքով: Քաղաքականությունը որպես ինքնադրսևորում ու ինքնահաստատում՝ միշտ պահանջում է նաև դեպի դուրս ուղղված գործողություն՝ սեր:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 8-11-2011.

No comments: