Tuesday, November 22, 2011

Ադրբեջանում Հեյդար Ալիեւի պաշտամունքն օրինականացվում է

News.am. 22-11-2011- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ, հանդես են եկել «Համազգային առաջնորդի մասին» օրենքի ընդունման առաջարկով:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ պատգամավորները շեշտել են «Ադրբեջանի պետության հիմնադիր, նրա զարգացման գործում անփոխարինելի դեր խաղացած Հեյդար Ալիեւի վերաբերյալ» օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Trend գործակալությանը Նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով մասնաճյուղի ղեկավար Ալի Հասանովը հայտնել է, որ եթե «Համազգային առաջնորդի մասին» օրինագծի ընդունման առաջարկ լինի, ապա այն քննարկման կդրվի: Այդ առաջարկով հանդես եկող պատգամավորները ինտելեկտ ունեցող մարդիկ են եւ տեղյակ են, որ աշխարհում նման տեսակի օրենքներ են ընդունվում»,-ասել է Հասանովը: Նրա խոսքով, դրա հետ կապված առանձին-առանձին քննարկումներից հետո, պաշտոնական քննարկում կսկսվի խորհրդարանում:
Պատգամավոր Զահիդ Օրուջը եւս հաստատել է նման օրինագծի նախապատրաստման վերաբերյալ տեղեկությունները: Պատգամավորը նշել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրինագծի ընդունմանը. «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամները եւ անկուսակցական պատգամավորներից մի քանիսը խորհրդարանի հարթակից հանդես են եկել այդ հարցի օժանդակությամբ: Էլ չեմ ասում, որ Հեյդար Ալիեւը շատ ավելին է, քան նախագահ, նա առաջնորդ է: Այդ առումով կարիք կա օրենքով կարգավորել նրա կյանքի եւ գործունեության, ժառանգության պահպանման հարցը»,-ասել է պատգամավորը, գրում է «Ենի Մուսավաթը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը, նոյեմբերի 15-ին, երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել էր «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը, սակայն ի տարբերություն առաջին ընթերցման` այս անգամ լուրջ դիմադրություն չի նկատվել Այազ Մութալիբովին այդ օրինագծում ընդգրկելու հարցում:


No comments: