Tuesday, November 22, 2011

«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ստամբուլում հայտարարել է հանրահայտ լրագրող Ռոբերտ Ֆիսքը
«ԱԶԳ», 22-11-2011- Այդ մասին նոյեմբերի 20-ին նշել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, անգլիական «Ինդեփենդենթ» թերթի Միջին Արեւելքի թղթակից Ռոբերտ Ֆիսքը «Իթհաքի» հրատարակչության հրավերով մասնակցել է Nahda Network-ի Ստամբուլում կազմակերպած «Սովորական հերոսներ եւ անսովոր հեղափոխություններ» միջոցառմանը:
Երկրորդ օրվա նիստը ելույթով բացել է Ֆիսքը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման անլուռ փաստերի վրա, ընդգծել է երկրում խոսքի ազատության բացակայությունը, դատապարտել է թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն ու հանգուցյալ Հրանտ Դինքի սպանությունը, ապա եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել Թուրքիային:
Ելույթում հանրահայտ լրագրողը Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրների կողքին անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Նա ասել է, որ «Արաբական զարթոնք» արտահայտությունը նախընտրում է «Արաբական գարուն» արտահայտությունից, այդ զարթոնքի սկիզբը դեռեւս 2005-ին Լիբանանում է դրվելՙ Բեյրութի հրապարակում, որն այնուհետեւ թափ է ստացել Թեհրանում 2009-ի նախագահական ընտրություններից հետո:
Ֆիսքը միաժամանակ քննադատել է Իսրայելինՙ ասելով. «Վախի զգացումը կորցնելու դեպքում այլեւս ձեռք բերել չեք կարող, իսկ կորցնելուց հետոՙ ամեն ինչ ավարտված է լինում: Իսրայելն ու տարածաշրջանի բռնապետները չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը»: Նա մատնանշել է, որ Միացյալ Նահանգները չի հասկանում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, նախագահ Բարաք Օբաման Հոսնի Մուբարաքի դեմ պետք է պաշտպաներ Եգիպտոսի ժողովրդին:
Ֆիսքը 2003-ին Իրաքի դեմ սանձազերծած պատերազմը պայմանավորել է նավթի պաշարներին տիրանալու ամերիկյան նկրտումներով, այնուհետեւ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին: Ահա թե ինչ է ասել. «Սիրիայում զինված ապստամբություն է ընթանում: Ովքե՞ր են այս ապստամբները: Նրանց մի մասին մարզում է Թուրքիան, իսկ Լիբանանըՙ մասամբ զինում: Սիրիայում խորն են ԲԱԱՍ կուսակցության արմատները: Բանակը դեռեւս կազմալուծված չէ, բազմաթիվ ուժեր շարունակում են պաշտպանել Ասադին: Նա ավելի ուժեղ է, քան մենք ենք ենթադրում: Եթե Թուրքիան ռազմական միջամտություն ցուցաբերի Սիրիայումՙ օկուպացնելով զուգահեռաբար Հյուսիսային Իրաքը, ապա դժվարանում եմ ասելՙ Սիրիան կներխուժի՞ երկու երկրների սահմանամերձ հատվածում առաջացած չեզոք գոտի եւ կռմբակոծի՞ թուրքական բանակին, թե՞ ոչ: Եթե մենք, պատճառաբանելով, թե մարդիկ են մեռնում, ներխուժենք Սիրիա, ապա պատճառ կդառնանք ավելի շատ մարդկանց սպանության: Իրաքն այդպես էր օկուպացվել: Մահմեդական երկրները մեզ չեն պատկանում: Պետք է դուրս բերել զորքերին»:

No comments: