Wednesday, November 23, 2011

Պատերազմն արդեն սկսել է

Ադրբեջանը շարունակում է դիպուկահարների պատերազմը, եւ վստահ է, որ դրանով կհասնի Հայաստանի կողմից զիջումների: Ներկայում Ադրբեջանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, քանի որ չնայած արեւմտյան ուղղությամբ նրա գազի ու նավթի օգտագործման մասով ամերիկացիների ու եվրոպացիների նախաձեռնություններին, Ռուսաստանն ու Իրանը ցուցադրում են դիրքորոշումների մերձեցում, այդ թվում տարածաշրջանային քաղաքականության հարցերում, որի պատճառով Ադրբեջանը հայտնվել է աշխարհքաղաքական իմաստով բավական խիտ շրջափակման մեջ:
Տվյալ շրջափակումը եւ Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ու Իրանի թշնամական վերաբերմունքը բավական նախընտրելի է Արեւմտյան հանրության համար, քանի որ այդպիսով ադրբեջանական էներգառեսուրսների արտահանման արեւմտյան ուղղությունը մնում է անայլընտրանքային: Ադրբեջանն, ըստ էության, վերածվում է գլոբալ գեոէկոնոմիկայի ձայնազուրկ օբյեկտի եւ իր մասին ստիպված է հիշեցնել տվյալ ապակառուցողական միջոցներով: Ադրբեջանը նավթի տակառ է եւ ուրիշ ոչինչ տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ դրանով էլ դարձել է հիստերիկ:
Տվյալ տարածաշրջանային խաղի արտաքին մասնակիցների մեծամասնության համար օգտակար է թվում Հարավային Կովկասում ագրեսիայի հրահրումը, իհարկե՝ իրենց վերահսկողության ներքո: Միեւնույն ժամանակ, չկա համաձայնեցում խոշոր տերությունների միջեւ, լարվածության հնարավոր էսկալացիայի ձեւաչափի հարցում, բացառությամբ ԱՄՆ եւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ որոշակի հարաբերությունների:
Այսպիսով, իրավիճակ է առաջացել, երբ Ադրբեջանի ձեռքերն արձակված են վերահսկելի ագրեսիայի մասով, սակայն, միաժամանակ, արձակված են նաեւ Հայաստանի ձեռքերը, որը կարող էր ուժեղ հակահարված տալ ադրբեջանական հավակնություններին:
Բարենպաստ իրավիճակ է առաջացել, երբ Հայաստանը կարող էր զգալի վնաս հասցնել Ադրբեջանի զինված ուժերին, եւ անիմաստ դարձնել Ադրբեջանի կողմից ժամանակակից զենքի ձեռքբերումները: Օրինակ, ժամանակն է գործողություններ իրականացնել Ադրբեջանի ռազմական ավիացիայի եւ հակաօդային ուժերի ոչնչացման ուղղությամբ:
Պետք է հասկանալ, որ պատերազմն արդեն սկսել է, եւ կհաղթի նա, ով կձեռնարկի կանխարգելիչ հարվածներ, ի պատասխան սողացող ագրեսիայի: Ժամանակակից աշխարհում չկան կասկածներ ագրեսիայի վերաբերյալ, եւ եթե համաշխարհային տերություններին պետք լինի Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ, ապա դա տեղի կունենա առանց որեւէ պատճառի, եւ ընդհակառակը:
Իգոր Մուրադյան

No comments: