Wednesday, November 2, 2011

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան. Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան

Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո զգալիորեն կմեծանան: Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, դեսպան Առաքելյանը նշել է, որ մեծ հեռանկարներ կան երկկողմ տնտեսական հարաբերություների զարգացման ոլորտում: Երկու երկրների նախագահների որոշումները ուղեցույց են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Դեսպանի գնահատմամբ` Հայաստանն ու Իրանը խիստ շահագրգռված են թե Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության, թե երրորդ էներգաբլոկի շահագործման հարցում, քանի որ վերջինիս շահագործումը հնարավորություն կընձեռի ավելի շատ իրանական գազ ներկրել, փոխարենը`առավել մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան:
Խոսելով իրանահայ համայնքի մասին` Գրիգոր Առաքելյանը նշել է, որ իրանահայության դերը չափազանց մեծ է հայ-իրանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քանի որ Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ Իրանի և Հայաստանի միջև պետք է նոր հարաբերություններ վերահաստատվեին, իրանահայ համայնքը դարձավ այն ձևանմուշը, որի օգնությամբ Իրանը կարողացավ իր հարաբերությունները հաստատել Հայաստանի հետ:
Հայաստանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական դարավոր հարաբերություններին, նշել է, որ ներկայիս երկկողմ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա ուղին եղել է բարեկամությամբ տոգորված:

No comments: