Thursday, November 3, 2011

Խամենեին խոստացել է խայտառակել ԱՄՆ իշխանություններին

Tert.am. 2-11-2011- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իր տնօրինության տակ մոտ հարյուր «անհերքելի փաստաթղթեր» կան, որոնք ապացուցում են Իրանում, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցած ահաբեկչություններին ԱՄՆ–ի մեղսակցությունը։
«Մենք անհերքելի փաստաթղթեր ունենք, որոնք վկայում են Իրանում և տարածաշրջանում ահաբեկչություն կազմակերպելու գործում ԱՄՆ–ի դերի մասին»,–ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Խամենեին հավելել է, որ իրենք, անհրաժեշտության դեպքում, հրապարակելու են դրանք. «Այդ փաստաթղթերի հրապարակմամբ մենք կխայտառակենք ԱՄՆ–ին և բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե մարդու իրավունքների պաշտպան են և հակաահաբեկչական քարոզարշավների կազմակերպիչ»,–ասել է նա։
Խամենեին նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ–ի այն մեղադրանքներին ի պատասխան, թե իբր Իրանի իշխանությունները ծրագրել էին սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադլ ալ Ջուբեյրին։
Հոկտեմբերի 20–ին դատարանը վերոնշյալ դավադրության առնչությամբ երկու կասկածյալի նկատմամբ մեղադրանք էր ներկայացրել։

No comments: