Saturday, November 5, 2011

Ամերիկյան խաղը եւ Թուրքիան

Բազմաթիվ դիտորդներ շտապել են հայտարարել, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները մեծ չափով կարգավորված են, ընդ որում, տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցեր, հետախուզական ռադարներ են տեղակայվում, հնարավոր է Թուրքիային հարվածային ուղղաթիռներ եւ շատ այլ բաներ տրամադրվեն: Հարց է ծագում, թե ինչպիսի նշանակություն են ունենում տվյալ հանգամանքները, կարելի՞ է արդյոք խոսել «կարգավորման» մասին որպես այդպիսին եւ ինչ է նշանակում ամերիկա-թուրքական հարաբերությունների այս շրջանը:
Իրոք, Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կարելի է բնութագրել լարվածության ու առճակատման զգալի նվազմամբ: Սակայն դա տեղի չի ունեցել ԱՄՆ ինչ-որ զիջումների արդյունքում: Ամերիկացիները, իրոք, Թուրքիային քիչ բան չի առաջարկել, սակայն դրա դիմաց բազմաթիվ զիջումներ է պահանջել: Եթե ընդհանրացնենք Թուրքիայի զիջումները, ապա դրանք տանում են տարածաշրջանային հավակնությունների նվազմանը: Թուրքիան ստիպված էր համաձայնել առճակատման մակարդակի նվազեցմանը, եւ, ըստ ամենայնի, այդ հաշվով որոշակի պայմանավորվածություններ կան: Այսինքն, տվյալ «կարգավորումը» տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկացիները պարզ ցույց տվեցին Թուրքիային, որ նրա քաղաքականության արդյունքում այն ավելի մեծ մեկուսացման ու տարածաշրջանային արգելափակման մեջ է հայտնվել:
Այն, որ “զրո խնդիր հարեւանների հետ” քաղաքականությունը ձախողվել է, “դասական ակնհայտություն” է դարձել, սակայն հարցն արդեն դա չէ, այլ այն, որ Թուրքաիան իր արտաքին քաղաքականությամբ հակաքաղաքականություն է ձեւավորել տարածաշրջանի բոլոր հարեւան պետությունների կողմից: ԱՄՆ-ն չի շտապում նպաստել Սիրիայի ճգնաժամին վերջ դնել, քանի որ այդ իրավիճակի շարունակությունը հանգեցնում է Թուրքիայի ու Իրանի միջեւ առճակատման խորացմանը: Ամերիկացիները, գործանականում, ազդեցություն չեն գործել ոչ Իրաքյան Քրդստանի, ոչ էլ Իրաքի ղեկավարությունների վրա քրդական ազատագրական շարժման ջոկատների զինված գործողությունները սահմանափակելու համար:
ԱՄՆ-ն ակտիվորեն զբաղվում է “սեպը սեպով են հանում” քաղաքականությամբ, նկատի առնելով, որ ամերիկացիները Թուրքիայում նախաձեռնում են այլընտրանքային իսլամական շարժումների զարգացում եւ միաժամանակ ստեղծում են այլընտրանքային պանթյուրքիզմի ու նեոօսմանիզմի հիմունքները, այսինքն, կառավարվող բնույթի որոշակի դոկտրիններ: Պարզվում է, որ Թուրքիայի ներկայիս իշխող վարչակարգն անընդունակ է ճնշել այդ միտումները, քանի որ դա կնշանակեր սեփական թեզերի ու քարոզչության ճնշում:
Մերձավոր Արեւելքում, չնայած արաբական պետությունների միջեւ գոյություն ունեցող հակասություններին, Թուրքիայի ու Իրանի դեմ ձեւավորվում է արաբական դաշինք, որին, որքան էլ առեղծվածային թվա, կարող է մասնակցել նաեւ Իսրայելը այս կամ այն իմաստային բովանդակությամբ: Չգիտես ինչու, բավականաչափ ուշադրություն չի հատկացվում Արեւելյան Միջերկրականում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություններին, որտեղ կիպրական խնդիրն առիթ էր ԱՄՆ ու նրա եվրոպական գործընկերների համար ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար:
Թուրքիան պարտություն է կրել Մերձավոր Արեւելքում, եւ այդ ուղղությանը վերադառնալու համար նրանից ոչ միայն ժամանակ, այլեւ քաղաքականության բովանդակության վերակառուցում կպահանջվի, սակայն արդյոք դա հնարավոր է: Թուրքիան ամեն կերպ խուսափում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումից` ձգտելով նրան իր թիկունքի դերը տալ: Սակայն ամերիկացիները հասկացան, որ Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում թուրքական հավակնություններն ու պահանջները, միեւնույն է, հանգեցնելու են Ռուսաստանի հետ առճակատման: Իրական առճակատում դեռ չկա, սակայն այն, որ Ռուսաստանն էապես զգոն է դարձել, անկասկած է:
ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, այժմ շահագրգռված է Սեւ ծովի ու Կովկասի ուղղությամբ վերաուղղորդել թուրքական էքսպանսիան որպես Թուրքիային շեղելու պահեստային տարբերակ, եւ, գլխավորը, որ բախվի Ռուսաստանի հետ: Թուրքիային Եվրոպա “հրելու” շարունակական քաղաքականության վերաբերյալ, նրանք ավելի ու ավելի են բախել Թուրքիային արդեն ոչ միայն Ֆրանսիայի ու Գերմանիայի, այլեւ ողջ Եվրոպայի հետ: Դա հանգեցրել է Ֆրանսիայի ու ԱՄՆ ջանքերի որոշակի համակարգման Թուրքիային զսպելու մասով:
Միաժամանակ, ԱՄՆ առջեւ խնդիր է դրված ոչ միայն ակտիվացնել Ռուսաստանի քաղաքականությունը` ուղղված ընդդեմ Թուրքիայի էքսպանսիայի, այլեւ իրենք էլ են զբաղվում Հարավային Կովկասում Թուրքիային զսպելով: Այստեղ ի հայտ է գալիս հայկական գործոնների ընդհանրությունը` ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան, Ջավախքի ու Հարավային Վրաստանի հայերի, Հայաստանի ներքին քաղաքական պայքարի հարցերը: Այսպես թե այնպես, Հարավային Կովկասում խնդիրներն ակտիվանում են, սակայն ոչ իրական քաղաքականության ռեժիմով, այլ քարոզչության ու պսեւդոմտադրությունների ձեւաչափով: Այդպիսով, Թուրքիային հասցնելով «զիջումների» ու «խառնաշփոթի», ամերիկացիները փորձում են այն վերահսկողության տակ պահել:
Իգոր Մուրադյան

No comments: