Saturday, November 5, 2011

Ումից հետո է դատախազի հերթը

«Լրագիր» 4-11-2001- Հայաստանում տեղի ունեցող կադրային վերադասավորումների մասին մամուլի արձագանքների հաճախակի «հերոս» է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ում եւս համարում են կադրային վերադասավորումների պոտենցիալ «զոհ»:
Որ Աղվան Հովսեփյանը Հայաստանի իշխանական համակարգի առանցքային դեմքերից է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ ռեսուրսային ազդեցության առումով, թերեւս հայտնի է վաղուց:
Այնպես որ, ամենեւին զարմանալի չէ, որ եթե երկրում տեղի է ունենում իշխանության ձեւավորման գործընթաց եւ այն մոտենում է վճռական փուլին, կամ արդեն այդ փուլում է, օրակարգում կարող է հայտնվել նաեւ գլխավոր դատախազի հարցը:
Ընդ որում, Աղվան Հովսեփյանն ըստ երեւույթին ինքն էլ շատ լավ պատկերացնում էր, որ այդ հարցը վաղ թե ուշ բարձրանալու էր, իր ռեսուրսային ազդեցության ընդլայնման հետ մեկտեղ:
Թերեւս պատահական չէր, որ դատախազը դեռեւս 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ փորձեր էր անում քաղաքական ուժ ձեւավորելու ուղղությամբ: Սակայն, նրա այդ ջանքերը կիսատ մնացին: Աղվան Հովսեփյանն ի վերջո հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի զբաղվել քաղաքականությամբ:
Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանն Աղվան Հովսեփյանին բավարար երաշխիքներ տվեց նրա ռեսուրսային անձեռնմխելիության առումով: Բայց հիմա Ռոբերտ Քոչարյանը համակարգում չէ, իսկ նրա դերը համակարգում կարծես թե մոտենում է բավական ցածր նիշի: Այն աստիճան ցածր, որ Քոչարյանը միգուցե կարող է ներկայում միայն իր համար երաշխիքներ կորզել Սարգսյանից, իսկ իր նախագահության ընթացքում իր տված երաշխիքները ժամկետի մեջ պահելը գուցե արդեն նրա ուժից վեր է:
Չի բացառվում նաեւ, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ գլխավոր դատախազի քաղաքական հավակնությունները կիսատ մնացին ոչ թե Ռոբերտ Քոչարյանի երաշխիքների, այլ Սերժ Սարգսյանի դրած արգելքների պատճառով: Հետագայում Սարգսյանն, ինչպես հայտնի է, ՀՀԿ համար բացարձակ մեծամասնություն ապահովեց խորհրդարանում:
Չի բացառվում, որ գլխավոր դատախազի եւ Սերժ Սարգսյանի միջեւ անվստահությունը գալիս է դեռեւս այդ շրջանում քաղաքական հակադրությունից: Բայց համակարգի գլուխն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, ու այդ հակադրությունը բնականաբար չէր կարող վերաճել լինել-չլինելու հարցի, բայց երբ Քոչարյանը դե յուրե, իսկ այժմ արդեն դե ֆակտո հեռանում է, հարցը թերեւս ինքնաբերաբար գալիս է ներիշխանական դասավորումների օրակարգ:
Բայց անշուշտ միամիտ կլինի այդ հարցը պայմանավորել միայն «հին հաշիվների» առկայությամբ: Ի վերջո, լուրջ ներիշխանական պահ է, եւ հազիվ թե այժմ անձնական քմահաճույքներն ու զգացումները կատարեն գործողությունների խթանիչի դեր:
Պարզապես գլխավոր դատախազությունը Հայաստանի իշխանական համակարգի առանցքային օղակներից մեկն է: Գլխավոր դատախազությունն իհարկե այդպիսի միակ օղակը չէ, բայց անհնար է Հայաստանում լուծել իշխանության հարց, եթե լուծումների մեջ չկա նաեւ այդ օղակը:
Իսկ ինչով չի բավարարում Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի իշխանությանը: Այստեղ ահա «հին հաշիվը» կարող է անձնական զգացումից վերաճել քաղաքական գործոնի: Սարգսյանը գուցե պարզապես չի վստահում Աղվան Հովսեփյանին: Իսկ երբ քո վստահությունը չվայելող մարդը նաեւ ունի զգալի ռեսուրսային ազդեցություն իշխանության մեջ, այդտեղ արդեն կարող է պարբերաբար առաջանալ ընթացիկ փոխզիջումների անհրաժեշտություն:
Իսկ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է իր բուրգը կառուցել թերեւս հենց այդ անհրաժեշտությունից խուսափելու համար: Ըստ ամենայնի նա լավ է գիտակցում, որ կան շատ այլ դաշտեր եւս, որտեղ նա կանգնելու է կամ արդեն իսկ կանգնել է լուրջ փոխզիջումների անհրաժեշտության առաջ: Դա ոչ միայն Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարցերին է վերաբերում: Դրանք թերեւս «հետեւանքային» փոխզիջումներ են: Ժամանակը առավել լուրջ փոխզիջումների անհրաժեշտության առաջ է կանգնեցրել համակարգային փոփոխությունների իմաստով՝ թե սեփական, թե միջազգային հանրության առաջ: Եվ Սերժ Սարգսյանի համար բնականաբար ռազմավարական նշանակություն է ստանում գոնե իշխանական համակարգում փոխզիջումների անհրաժեշտությունը չեզոքացնելը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: