Tuesday, November 8, 2011

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ «ՎԱ-ԲԱՆԿ» Է ԳՆՈՒՄ. Ի՞ՆՉ ԿՏԱ ԴԱ

«ԱԶԳ, 08-11-2011- Կազանի հանդիպումից հետո կարծիք էինք հայտնել, որ դա տեղի է ունեցել Թուրքիայի թելադրանքով: Հիմք էինք ընդունել Անկարայի «գերեզմանային» լռությունն այն դեպքում, երբ միջնորդ եւ ԵՄ-ի երկրների մայրաքաղաքներից «ստացվում էին ցավակցական հեռագրեր»: Բոլորն այդ կերպ ցուցաբերեցին «բաց թողնված հնարավորության առթիվ ափսոսանք», մինչդեռ Թուրքիան կարծես ուրախ էր, որ Կազանում առաջընթաց չի արձանագրվել:
Մեր այս զգացողությունն օրերս ամրապնդվեց ադրբեջանցի վերլուծաբան Էլխան Շահինօղլուի` «Ռեգնում»-ին տված հարցազրույցի այն ընդգծմամբ, ըստ որի «Իլհամ Ալիեւն Անկարայի հետ երկար պաուզա էր պահում` հույս ունենալով, որ Դմիտրի Մեդվեդեւը կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի արդարացի կարգավորումը, սակայն դա տեղի չունեցավ»:

Շահինօղլուի մեկնաբանությամբ, հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ոչ միայն գազային համաձայնագիր կնքի, այլեւ «կանաչ ճանապարհ տա նոր խողովակաշարի կառուցմանը, որը կշրջանցի Ռուսաստանը, ինչն ուրախացրել է Եվրոմիության երկրներին»:
Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը ԵՄ երկրներին ուրախացնում է: Դեռեւս 1994 թ. ամռանն է Հեյդար Ալիեւը կտրուկ մերժել ղարաբաղյան կարգավորման ռուսաստանյան նախաձեռնությունը: Դրան հետեւել է «դարի պայմանագրի» կնքումն արեւմտյան նավթային ընկերությունների հետ, ինչից հետո ստեղծվել է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահությունը: Միջնորդությունն այսպիսով «բաժանվել է» Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Դա, սակայն, արդյունքի չի բերել:
Այսօր Իլհամ Ալիեւը կրկնում է փորձը: Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ դա նրան հաջողություն կբերի: Իրավիճակը կարոտ է լուրջ հայացքի: Ադրբեջանցի վերլուծաբանը, մինչդեռ, հակված է կարծել, որ Իզմիրում ստորագրված գազային համաձայնագիրը կանխորոշում է ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռվածությունից դեպի ազգային շահերի գերակայություն» անցումը: Այլ կերպ ասած` «նավի ղեկանիվը թեքելով» դեպի ԵՄ երկրներՙ Իլհամ Ալիեւը նախապատվությունը տալիս է «ազգային շահերին»:
«Թարգմանաբար» դա նշանակում է, որ ԼՂ հարցում «հուսախաբվելով» Ռուսաստանից, Ադրբեջանը Եվրոմիության հետ է կապում «արդարացի կարգավորման հասնելու» հեռանկարը:
Փորձենք հասկանալ. ԵՄ երկրները ձգտում են «ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը»: Նշանակում է, որ գազի մատակարարման ռուսաստանյան աղբյուրն «անվտանգ» չէ: Առարկայական իմաստով դա նոնսենս է. Ռուսաստանից դեպի ԵՄ երկրներ գազատարներն անհամեմատ անվտանգ են, քան ենթադրվող «հարավկովկասյանը»` զուտ ռազմատեխնիկական նկատառումներով: Կնշանակի Եվրոմիությունն այլ «փորացավ» ունի: Իսկ դա այն է, որ Ռուսաստանն իր գազի դիմաց քաղաքական եւ աշխարհառազմավարական դիվիդենտներ է ունենում:
Արդ, ինչո՞ւ պիտի Եվրոմիությունը մի ամբիցիոզ մատակարարին փոխարինի մյուսով: Դրանում ոչ մի իմաստ չկա: Եվ ուրեմն էներգակիրների տարանցման ուղիների դիվերսիֆիկացիան, որին ձգտում է Եվրոմիությունը, ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի «հավակնոտությունից» ձերբազատվելու մղում: Այլ կերպ ասած` ունենալ մի մատակարար, որը տնտեսաֆինանսականից զատ որեւէ խնդրով չի ծանրաբեռնի ԵՄ երկրներին: Հակառակը պատկերացնել` նշանակում է թերագնահատել Եվրոմիության եւ նրա անդամ երկրների քաղաքական կոմպետենտությունը: Դա ծիծաղելի է:

Երկրորդ, եթե Ռուսաստանի հետ «գազ` Լեռնային Ղարաբաղի դիմաց» գործարքը չի կայացել, ապա որեւէ երաշխիք չի կարող լինել, որ կկայանա ԵՄ-ի հետ: Մանավանդ որ «գործարքը» շատ բնականորեն կառաջացնի նույն Ռուսաստանի հակազդեցությունը: Մտածել, թե Մոսկվան, լինելով ԼՂ-ի հարցով ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահ, լռելյայն հաշտվելու է ԵՄ- Ադրբեջան «գործարքի» հետ ու «հեռանալու է» Հարավային Կովկասից, միամտություն է, Ռուսաստանի` իբրեւ հզոր երկրի դերի թերագնահատում: Իսկ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ նման շռայլություն իրեն թույլ տա եւ մնա «անպատիժ»:
Ստացվում է «փակ շրջան»: Դրանից «ելք» իհարկե կա: ԵՄ-ն կարող է «շատախոսել» ԵԱՀԿ-ի ՄԽ-ի «ձեւաչափի վերանայման» կամ «համալրման» թեմայով: Նման ազդակներ արդեն իսկ կան: Խնդիրը, սակայն, հազիվ թե շոշափելի զարգացում ունենա: Քանի որ դրա հակառակ կողմը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն է: Իսկ դա շատ անիրատեսական է:
Մնում է, որ ԵԱՀԿ-ի ՄԽ-ի «անարդյունավետությունը» դառնա դիվանագիտական խոսակցությունների թեմա, բայց` առանց որոշակի քայլերի: Քանի որ իրավիճակի որեւէ «ճոճք» հղի է էներգակիրների տարանցման ուղիների դիվերսիֆիկացման` ԵՄ-ի համար շատ ցանկալի հեռանկարի «մթագնմամբ»:
Ոչ ոք սեփական շահերը հանուն ուրիշի չի զոհաբերում: Քաղաքականության մեջ «ջենտլմենությունը» տեղ չունի: Ուստի կատարելապես կասկածելի է, որ Իլհամ Ալիեւի «կտրուկ շրջադարձն» Ադրբեջանի համար ունենա առարկայական օգուտ: Դրանից, հնարավոր է, որ նա անձամբ շահի: Իշխանությունը շարունակելու կամ որեւէ մեկին փոխանցելու հարցը մոտ ապագայում լիովին կլանելու է նրա ուշադրությունը: Եվ վերադառնալով սկզբինՙ կարող ենք ասել. հնարավոր է` դրանով նա ԵՄ-ի համար «ընդունելի դարձնի» յուրաքանչյուր սցենար: Բայց` միայն այդքանը: Եթե չասենք, որ եւս մի ժամկետ մնալով նախագահ` Իլհամ Ալիեւը շատ առարկայորեն կհեռացնի ԼՂ խնդիրն «արդարացիորեն լուծելու» հեռանկարը:
Իսկ գուցե հենց դրան էլ նա ձգտո՞ւմ է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: