Thursday, November 10, 2011

Արտագաղթն արդեն ազգային անվտանգության խնդիր Է

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ»
«Լրագիր» 10-11-2011- Ժողովրդագրական առումով Հայաստանն այսօր նկատելիօրէն զիջում է իր բոլոր մահմեդական հարեւաններին, ընդ որում, չմոռանանք, որ դրանցից երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան, մեզ թշնամի պետութիւններ են: Հէնց այս տեսանկիւնից առաւել ուշագրաւ են ՄԱԿ-ի ժողովրդագրական տուեալները Հայաստանի մասին, որոնք մինչեւ 2025 թուականը մեզ համար բաւականին մտահոգիչ վիճակ են կանխատեսում: Համաձայն այդ թուաբանութեան, Հայաստանի բնակչութիւնը մինչեւ 2025 թուականը կը նուազի 25 %-ով, այն դէպքում, երբ հարեւան երկու երկրներում` Ադրբեջանում եւ Թուրքիայում, սպասւում է բնակչութեան 31 % և 43 % աճ:
Պակաս մտահոգիչ չեն եւ հայ մասնագէտների ներկայացրած թուերը. զգուշացնելով, թէ սարերի յետեւում չէ այն օրը, երբ Հայաստանում մահացութեան գործակիցը կը գերազանցի ծնելութեան գործակցին, նրանք արձանագրում են, որ այսօր արդէն իսկ ծնելութեան գործակիցը 1,7 է, մինչդեռ սերնդի վերարտադրման համար այդ ցուցիչը պէտք է կազմէր 2,1: Ստացւում է, որ հայ մայրերի միայն 2/3-ն է վերարտադրում ինքն իրեն: Կրճատուող ծնունդներ, հասարակութեան ծերացում, մահացութեան աճ, եւ այս ամէնին զուգահեռ` շարունակւող արտագաղթ. սա չափազանցութիւն չէ, այլ իրողութիւն: Որքան էլ որոշ պաշտօնեաներ կաշուից (ոչ մաշկից) դուրս գալով ջանան մեղմել պատկերը, միեւնոյն է, իրականութիւնից չեն փախչի:
Արտագաղթի ծաւալները շատ աւելի մեծ են, քան ներկայացւում են պաշտօնական թուերով, սակայն անգամ բերուող թուերը բաւականին խօսուն են: Կառավարութեանն առընթեր Հայաստանի Հանրապետութեան միգրացիայի գործակալութիւնը, 2007-ի հետազօտութեան համաձայն (ի դէպ, սա վարչութեան վերջին ուսումնասիրութիւնն էր)` 2002-2007 թթ. Հայաստանի Հանրապետութիւնից արտագաղթել է 150 հազար մարդ: Նոյն գործակալութիւնը, հիմնուելով եղած ուսումնասիրութիւնների վրայ, նաեւ հաստատում է, որ անկախութիւնից ի վեր` նախորդ երկու տասնամեակներում, Հայաստանից մշտապէս հեռացել է 700 հազարից 1,3 միլիոն մարդ:
Մեր ձեռքի տակ են նաեւ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատուական (ՍԷԿՏ) համակարգի տուեալները. ուեւորների հաշուառման տուեալների համաձայն, 2011 թ. Յունուար-Յունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել է 15,0 հազարով, կամ 28,6 %-ով եւ կազմել 67,3 հազար մարդ: Միաժամանակ նշւում է, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների մասով բացասական սալդօն կազմում է 89,3 հազար մարդ: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ավիացիայի գլխաւոր վարչութեան հրապարակած վիճակագրական տուեալները եւս արձանագրում են, որ այս տարուայ առաջին 8 ամիսներին «Զուարթնոց» եւ «Շիրակ» օդանաւակայաններով Հայաստանից անվերադարձ մեկնածների թիւը կազմել է 61 հազար մարդ:
Արտագաղթի փաստն արձանագրում են նաեւ արտասահմանեան կազմակերպութիւնների հետ համագործակցող աշխատանքի տեղաւորման գործակալութիւնները, փաստելով` «Հայաստանից հեռանում են բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարաւորութիւնը, հայրենիքից հեռանում են լաւագոյն մասնագէտները, անգամ ֆինանսապէս ապահովուած ընտանիքները»:
Նոյնիսկ հանրայայտ WikiLeaks-ն անդրադարձաւ Հայաստանի հայաթափման խնդրին` արձանագրելով, որ Հայաստանից սկսել են արտագաղթել նաեւ միջին խաւի ներկայացուցիչները, ովքեր նախկինում չէին հեռանում երկրից։ «Հայ ծնողներն իրենց երեխաների ապագան չեն տեսնում հայրենիքում»,- եզրափակում է WikiLeaks-ը:
Գիտակցո՞ւմ ենք, թէ ինչ հետեւանքներով է յղի աղիտալի արտագաղթը մեր երկրի համար: Նման իրավիճակում կը կարողանա՞յ Հայաստանը պահպանել իր ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային անվտանգութիւնը: Ժողովրդագրական աղէտը չի՞ լինի կործանարար հայ ժողովրդի համար, քանզի հայաթափուող Հայաստանը ձեռնտու է միայն մեր թշնամիներին: «Մենք սկսում ենք վերջանալ, ինչպէս ջուրը առուի մէջ` աղբիւրի ցամաքելուց յետոյ, ինչպէս լոյսը երկնքում` արեւը մայր մտնելուց յետոյ»,- ահազանգում է քաղաքագէտ Արա Պապեանը:
Ցաւօք, աղէտը կանխելուն ուղղուած համապետական ծրագրերի բացակայութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ վտանգի գիտակցումը չկայ: Հակառակ դէպքում ինչպէ՞ս հասկանալ «վերեւների»` իրականութիւնը թաքցնելուն միտուած ճիգերը. յայտնի պարոնը, զարմացած դէմքով, հեռուստաեթերից անվերջ փորձում է մեզ համոզել, թէ Հայաստանի հայաթափման մասին խօսակցութիւններն ընդամէնը անիմաստ աղմուկ են, թէ` «Արտագաղթի ծաւալների կտրուկ, յեղափոխական փոփոխութիւններ վերջին 3-4 տարիներին չկան»: Ի՞նչ է ստացւում. ներկայ ժողովրդագրական աղէտից ելքեր փնտռելու, ուղիներ մատնանշելու փոխարէն, դեռ մի բան էլ փորձ է արւում թաքցնել ճշմարտութիւնը: Գուցէ իրականութիւնը միտումնաւոր չնկատելն աւելի ձեռնտու է ընձեռուած աթոռը պահպանելու համար, միայն թէ անձայն ու անաղմուկ ընթանայ հայերի արտագաղթը:
Իր նախագահութեան տարիներին Հայաստանի Հ անրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հրապարակաւ յայտարարեց` Հայաստանին 1,5 միլիոն բնակչութիւնն էլ բաւարար է: Ո՞վ չի յիշում, որ հայութեան արտագաղթի սկիզբը դրուեց հէնց նրա նախագահութեան օրօք, ո՞վ կարող է վիճարկել, որ ներկայ իրավիճակի արմատները տէրպետրոսեանական իշխանութեան ժամանակներից են գալիս: Արդեօ՞ք մէկմէկու յաջորդած կառավարութիւնների վարած տնտեսական քաղաքականութիւնը միտուած չի՞ եղել «1,5-միլիոնանոց Հայաստան» հայատեաց ծրագրի իրագործմանը… Բագրատեանի վարչապետութեան տարիների յայտնի ասոյթն էր` «Ոչ թէ հողը յանձնեցին գիւղացուն, այլ գիւղացուն յանձնեցին հողին»:
Եւ այսօր ո՞ւմ պարզ չէ, որ երկրի արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան քայքայման, գործազրկութեան, երկրում տիրող սոցիալական անարդարութեան հետեւանք է զանգուածային արտագաղթը, որի սկիզբը դրուեց անկախացման առաջին տարիներին ու չի դադարում առ այսօր: Պատճառների ցանկը կարելի է անվերջ շարունակել. ստուերայնութիւն, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա: Մասնագէտների հաշուարկներով, եթէ երկրում ստուերը կազմում է տնտեսութեան 70 տոկոսը, կը նշանակի շուրջ 700 միլիոն դոլարը շրջանցում է պետական բիւջէն: Իսկ քանի՞ աշխատատեղ կարող էր ստեղծուել, եթէ 700 միլիոն-ը չշրջանցէր պետբիւջէն, եւ ուրեմն, քանի հայ ընտանիք ստիպուած չէր լինի բռնել օտարութեան ճամբան:


ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց. ԻՆՉՈ՞Ւ
Լրագրողական կարճ հարցումները պարզեցին այսպիսի պատկեր. «Լաւ օրից չէ, որ գնում ենք»,- ասում են հեռացող հայերը։ «Աշխատանք չկայ, ինչպէ՞ս պահենք մեր երեխաներին»: «Կարօտում ենք հայրենիքը, մեր հարազատներին, ուզում ենք վերադառնալ, բայց ինչպէ՞ս»: Ինձ սարսափեցրեց Գիւմրու Ռուսաստանի Դաշնութեան հիւպատոսարանի առաջ գոյացած հերթը. «Եթէ պետութիւնը հոգայ իր քաղաքացիների մասին, աշխատատեղեր ստեղծուեն, մենք ստիպուած չենք լինի գնալ մեր երկրից»,- ասում են գիւմրեցիները: Օտարութեան մէջ ապրող մեր հայրենակիցների հետ զրուցելիս մի ցաւալի փաստ նկատեցի. իր երկիրը սիրող ու օտարութեան մէջ երկրի կարօտից խեղդուող հայն անգամ մէկ հարցում իրեն յաջողակ է համարում, որ ապրում է իրաւական երկրում, ուր պաշտպանուած են իր իրաւունքները, ուր փողն ու զոռբայութիւնը չեն որոշիչը:
Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ կրկնապատուել է գիւղական շրջաններից արտագաղթը: Իրավիճակը մտահոգիչ է Շիրակի եւ Կոտայքի մարզերում: Այցելէք Հայաստանի Հանրապետութեան ցանկացած մարզ ու կը համոզուէք` արտագաղթի հիմնական պատճառը գործազրկութեան բարձր մակարդակն է, տեսանելի հեռանկարի բացակայութիւնը: «Դրսում աշխատելու պայմանները շատ վատ են, բայց ինչ անենք, ստիպուած ենք գնում»,- շատերը նաեւ վստահեցնում էին, որ եթէ աշխատանք ունենան, երբեք չեն մտածի հայրենի գիւղը լքելու մասին: Գիւղացիների մի զգալի հատուածը հողի մշակումն անարդիւնաւէտ ու անիմաստ աշխատանք է համարում, դրա համար էլ մարզերում արտագնայ աշխատանքի մեկնողների թիւը հասել է տագնապալի չափերի:


ԿԱՄԱՒՈՐ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՕՏԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Օտարն էլ իր հերթին է, սեփական շահերով պայմանաւորուած, նպաստում հայաստանեան արտագաղթին:
Մոսկովեան Կրեմլը, մտահոգ սեփական երկրի ազգաբնակչութեան թուի անկումով, 2006-ից սկսեց իրականացնել Ռուսաստանի Դաշնութեան բնակչութեան թիւը ի հաշիւ նախկին խորհրդային հանրապետութիւնների աւելացնելու ծրագիր: Ծրագրում պատուաւոր տեղ տրուեց հայերիս` որպէս աշխատասէր, խելացի ժողովրդի, իսկ Երեւանում չուշացաւ Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութեան ստեղծումը: Փաստօրէն, սկսեց իրագործուել «հայաթափում` կամաւորութեան սկզբունքով» ռուսական ծրագիրը:
Չնայած ամիսներ առաջ տարբեր կազմակերպութիւններ հանդէս եկան Հայաստանում գործող Ռուսաստանի Դաշնութեան «Հայրենակիցներ» ծրագրի գրասենեակներն անյապաղ փակելու կոչով, սակայն, պարզւում է, դրանք մինչ օրս կան ու շարունակում են իրենց անօրինական գործունէութիւնը Հայաստանում:
Սեմինարի մասնակից անձանցից մէկի տեղեկացմամբ, հաւաքները շարունակում են կազմակերպուել Մանուշեան 72 հասցէում: Իսկ շաբաթը հինգ անգամ` երկհերթ ռեժիմով, կազմակերպուող սեմինարներին ամէն օր մասնակցում է աւելի քան 100 մարդ: Այսինքն, մէկ շաբաթուայ մասնակիցների թիւն անցնում է 500-ից: Նրանց տրամադրւում են տարբեր թղթապանակներ, ուր նշուած են հայերին որպէս բնակութեան վայր առաջարկվող Ռուսաստանի Դաշնութեան մարզերը, առաջարկւող պայմաններն ու աշխատանքի բնոյթը: Հայ ընտանիքներին հիմնականում բնակեցման են ուղարկում Կալինինգրադի, Վորոնէժի, Լիպեցկի, Տիւմէնի մարզեր: Իսկ խոստումների փաթեթը գրաւիչ է` տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս եւ, իհարկէ, Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութեան արագացուած ձեւակերպում: Անցած տարիներին 300.000 մարդ այս ծրագրի շրջանակներում ստացել է Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւն:
Պուտինի հրահանգով կեանքի կոչուած կրեմլեան այս ծրագիրը նախատեսուած է աւարտին հասցնել 2012 թուականին, այսինքն, մինչեւ Ռուսաստանի նախագահական ընտրութիւնները, ահա թէ ինչու, չնայած ներհայաստանեան դժգոհութիւններին, այն ամէն կերպ հասցուելու է իր աւարտին:
Լրատուամիջոցներում բազմիցս է շրջանառուել այն լուրը, թէ որոշ տուրիստական գործակալութիւններ մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գործում: Նրանք 3-ից մինչեւ 6 հազար եւրօ-ով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը: «Իրատես de facto»-ն եւս անդրադարձաւ այս խնդրին, տեղեկացնելով, որ զբօսաշրջութեան անուան տակ Հայաստան թափանցած թուրքական «Թեզ-Տուր» գործակալութիւնը զբաղուել է երկրի ազգային անվտանգութիւնը վտանգող գործողութիւններով: Մասնաւորապէս, հնարաւոր բոլոր միջոցներով Հայաստանի հայաթափմանն օժանդակելը եղել է ընկերութեան յատուկ մշակած ծրագրերից մէկը. օգտուելով Հայաստանում ստեղծուած սոցիալ-տնտեսական լարուած իրավիճակից` զբօսաշրջիկների անուան տակ կազմակերպել է բազմաթիւ հայ ընտանիքների հայրենիքից անարգել հեռացումը. նրանց հասցրել Ստամբուլ, ապա Եւրոպա:
Սփիւռքի նախարարութիւնը, հսկայական գումարներ ծախսելով, իրականացնում է «Արի տուն» ծրագիրը, որը հային տուն բերող ծրագիր չէ հէնց միայն այն պատճառով, որ ընդամէնը զբօսաշրջային ծրագիր է եւ ոչ աւելի: Նման ճանաչողական բնոյթ կրող ծրագրի գոյութիւնն արդարացուած կը լինէր միայն այն դէպքում, եթէ գործէր իրական «Արի տուն»-ը:
Ամենեւին այն կարծիքին չեմ, թէ ազգովին անելանելի իրավիճակի մէջ ենք, յօդուածիս նպատակն էլ յուսալքութիւն տարածելը չէ, բայց վիճակը, իրօք, աղիտալի կը դառնայ, իսկ մենք` միայն աղէտի վկայ, եթէ շարունակենք բութ յամառութեամբ անտեղեակ ձեւանալ ու ելք փնտռելու փոխարէն բաւարարուենք սուտ թուեր ու փաստեր յօրինելով: Հայրենադարձութիւնը պէտք է դառնայ ազգային անվտանգութեան ծրագիր: Այդ ծրագրի իրագործման համար աշխատատեղեր են պէտք, սոցիալական արդարութիւն է պէտք, ժողովրդի նեարդերը չծամող եւ ունեցուածքը չքամող պաշտօնեաներ են պէտք, գիւղացուն «բլոտ»ի փոխարէն մատչելի սերմացու, ջուր ու պարարտանիւթ է պէտք, այլապէս աւարտվելու է Հայաստան հեքիաթը, եւ մնալու են միայն աներկիր ղեկավարները:
ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ

No comments: