Thursday, November 10, 2011

Ապագան առանց օլիգարխների՞

«Լրագիր» 10-11-2011- Ելույթ ունենալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է արագացնել բարեփոխումները: Այսօր Սերժ Սարգսյանն է անձամբ ելույթ ունեցել Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության համագումարում, ծրագրային տնտեսական ելույթով:
Առաջին հայացքից կարող էր թվալ, որ խոսում է ոչ թե Սարգսյանը, այլ Սահակաշվիլին: Որքան էներգիա, դինամիկա, եւ գլխավորը՝ նոր նախագծերի վերաբերյալ ակնարկներ, որոնք կարող են տնտեսական կայունություն ստեղծել եւ մեր բիզնեսն արտաքին շուկա հանել:
Ըստ ամենայնի, Հայաստանում լուրջ տրասնպորտային նախագիծ է մշակվում, որը վրացական նավահանգիստները կկապի Պարսից ծոցին: Հասկանալի է, որ այդ նախագիծն ուրիշներին է պետք, սակայն Հայաստանը կարող է օգտվել միջանցքից եւ իսկապես դիվերսիֆիկացնել տնտեսությունը:
Այն, որ նման նախագծերի դիտարկումն իրականություն է դառնում, ավելի շուտ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների “ծառայությունն է”, այլ ոչ թե հայկական դիվանագիտության: Սակայն ակնհայտ է, որ այդ նախագծերը կարող էին ավելի շուտ սկսել, եթե ներդրումային միջավայրը Հայաստանում թույլ տար դա: Իսկ այդ միջավայրը, պոտենցիալ ներդրողների խոսքով, գրեթե զրոյական է: Հայաստանում արտասահմանյան ներդրումներ գրեթե չկան, միայն ռուսական են, իսկ արեւմտյանները երեւում են միայն Օրանժի հաշվին:
Նոր նախագծերը հնարավոր չի լինի իրականացնել առանց լուրջ տնտեսական բերափոխումների: “Բիզնեսը պետք է տարանջատվի պետական համակարգից ու իշխանությունից”, ասել է Սերժ Սարգսյանն ինքն իրեն: Երեւի նա փորձում է չմոռանալ, որ ներդրումները մեծացնելու ու տնտեսությունն աճեցնելու համար գլխավոր խոչընդոտը բիզնեսի ու իշխանության սերտաճումն է, կամ այլ կերպ ասած՝ օլիգարխիան:
Արդյոք Հայաստանում տնտեսական բարեփոխումների արագացման մեջ մտնում է օլիգարխներին հեռացնելը: Այս հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ Հանրապետական կուսակցության համագումարից ու նախընտրական ցուցակի հրապարակումից հետո: Արդյոք ցուցակում կմնան հայտնի “գործարարների” անունները, որոնք կարողություն են կուտակել պետական արտոնությունների շնորհիվ: Թե՞ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել նրանց, որ իրենց ժամանակն անցել է, եւ “պետք են նոր տեխնոլոգիաներ ու նոր մարդիկ”:
Այս հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ նոր հարկային փաթեթի ընդունումից հետո, որով հարկվելու է շքեղությունը ու հարկային դաշտ է բերվելու լեռնահանքային արդյունաբերությունը: Ինչպես կկիրառվի այդ օրենքը եւ կկարողանա՞ արդյոք պետությունը սանձել հումքայիններին, որոնք սովորել են հարկ վճարել ոչ թե պետբյուջեին, այլ ստվերային բյուջեին:
Նաիրա Հայրումյան

No comments: