Tuesday, December 6, 2011

Ռուսական դասեր. Հայկական մամուլը ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին

Tert.am. 6-12-2011- Հայկական տպագիր մամուլը անդրադարձել է անցած կիրակի կայացած ՌԴ Պետդումայի ընտրություններին՝ հիմնականում դրանց արդյունքները որակելով որպես որոշակիորեն անսպասելի և փորձել են զուգահեռներ անցկացնել ՀՀ ԱԺ-ի՝ 2012թ.-ին նախատեսվող ընտրությունների միջև։

«168 ժամ». Հայաստանը ռուսաստան չէ. մեր երկրում հասարակ մարդիկ նույն մտածողությունն ունեն
Թերթը զուգահեռներ տանելով ռուսական ընտրությունների արդյունքների հիմքում ընկած պատճառների և ներհայաստանյան իրականության միջև, մասնավորապես, նկատում է.
Դժվար է ասել՝ մարդկանց այն ռեսուրսով, որ այսօր Հայաստանում է, նման սյուժետային զարգացում հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Ավելի հավանական է՝ ոչ։ Լռել և հետաքրքրասիրությունից դրդված՝ սպասել իրադարձությունների զարգացմանը։ Սա է հասարակության մեծ մասի փիլիսոփայությունը։ (Հաճելի բացառություն են բնապահպանները՝ երիտասարդ մարդկանց փոքրիկ խմբերը, որոնք լոկալ հաղթանակներ են տանում)։
Բանն այն է, որ մեր երկրում հասարակ մարդիկ, ովքեր այսօր պատրաստ են հրապարակներում կազմել կրիտիկական զանգված, ունեն նույն մտածողությունը. նույն արժեքների կրողն են, ինչ իշխանությունները։ Պաշտոն տվեք ցանկացածին՝ իշխանությունից բողոքող ընդդիմադիր քաղաքական գործչին, մտավորականին, և նա կարճ ժամանակում կվերածվի կոռումպացված, աշխատանքին մատների արանքով նայող չինովնիկի։ Անգամ ազատ (այս բառը մեր երկրում պայմանականորեն ենք գործածում) լրագրողը, երբ հայտնվում է հեռուսաաէկրանին կամ դառնում է լրատվական որևէ ծառայության ղեկավար, անմիջապես վերածվում է գաղտնապահ ու կասկածամիտ չինովնիկի։

«ՀԺ». Նույնիսկ Պուտինը հավերժ չէ
ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները սենսացիոն աժիոտաժ են առաջացրել, գրում է «ՀԺ»–ն և շարունակում։
Նախորդ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը առնվազն 15 տոկոսով ավելի քիչ ձայն է ստացել։ Ու չնայած արդյունքում ապահովել է մոտ 50 տոկոս, բոլորը հասկանում են, որ Պուտին–Մեդվեդև դաշինքի դիրքերը էականորեն թուլացել են, և ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտում իրերի դրությունը։ Իրական պատկերը շատ ավելի վատն էՊուտին-Մեդվեդև տանդեմի համար։ Ու բոլոր նրանք, ովքեր պնդում էին, թե Ռուսաստանում գործող իշխանությունը այնքան էլ պոպուլյար չէ, որքան թվում է, ծանրակշիռ փաստարկ ստացան։ Այդ իշխանության ժողովրդականությունն առնվազն սրընթաց անկում է ապրում։
Խնդիրը, տվյալ դեպքում, սւմենևին էլ այն չէ՝ լավ իշխանություն է հաստատված Ռուսաստանում, թե վատ։ Խնդիրն այն է, որ չկա այնպիսի իշխանություն, որ երկար ժամանակ կարողանա բարձր ժողովրդականություն ապահովել ինքն իր համար։ Ի վերջո, որևէ իշխանություն անխուսափելիորեն գործում է սխալներ, բայց որ ավելի կարևոր է՝ զզվեցնում է մարդկանց։ Ախր որքան կարելի է միացնել հեռուստացույցը ու տեսնել նույն, բացարձակապես նույն դեմքերը։ Մի ինչ-որ ժամանակից դա սկսում է ոչ միայն հակաէսթետիկ լինել այլև նույնիսկ՝ հակահիգիենիկ։
Պուտին-Մեդվեդև, Գրիզլով-Պուտին, Մեդվեդև-Գրիզլով. արդեն 11 տարի Ռուսաստանի քաղաքացին միացնում է հեռուստացույցը ու հենց նրանց տեսնում որպես թոփնյուզի հերոսներ։ Սա նույնն է, թե տասը տարի նույն ճաշը մատուցեն։ Եվ ահա, մարդիկ ուղղակի նյարդայնանամ են և հեռուստաէկրաններին երևացող դեմքերին փոխելու կենսական անհրաժեշտություն զգում։ Նույն վիճակը, ի դեպ, Հայաստանում է, ու սա է պատճառը, որ երբ Հ1–ը եթեր է հրավիրում Լևոն Զուրաբյանին, դա դառնում է մի այնպիսի դարակազմիկ իրադարձություն, որ օրերով քննարկվում է երկրով մեկ, մամուլում, քաղաքական կուլիսներում, ամենուր։ Սկսում են նույնիսկ վերլուծել, թե սա ի՞նչ դավադրություն է, ինչ խարդավանք, այս ինչ աշխարհաքաղաքական նոր պրոցեսներ են մեկնարկել, որ այսպիսի հետևանքների են բերում Հայաստանում։

«Հրապարակ». Ռուսաստանի ընտրությունները հարաբերական իմաստով կարող են պրոյեկտվել նաև Հայաստանում
Թերթը ներկայացնում է Հայ քաղաքագետներից մեկի մեկնաբանությունը ռուսաստանյան ընտրությունների վերաբերյալ՝ որոշակի զուգահեռներ տանելով Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, «Իշխող «Եդինայա Ռոսիան» թեպետ հարաբերական պարտություն կրեց, սակայն «պահանջներն ըստ էության անորոշ են, և, ըստ էության, Ռուսաստանում միասնական ընդդիմադիր ուժ չի ձևավորվել։ Հենց այդ անորոշության պատճառով էլ իշխող կուսակցությունն ու ռեժիմը կմնան և կշարունակեն իշխել»։ Քաղաքագետի դիտարկմամբ, ընտրություններն այնուամենայնիվ «լուրջ ազդանշան» էին Պուտինի համար, «որը պետք է անհապաղ և լուրջ բարեփոխումներ իրականացնի, որպեսզի չհայտնվի արաբական շատ երկրների ղեկավարների վիճակում»։
Ռուսաստանի ընտրությունները, ըստ քաղաքագետի, հարաբերական իմաստով կարող են պրոյեկտվել նաև Հայաստանում։ «Դրա առաջին արձագանքը Հանրապետականն արդեն զգացել է Իջևանի ընտրություններին, երբ իշխող կուսակցությունը պարտություն կրեց։ Երկրորդ փորձությունը Ռուսաստանի ընտրություններն են, որտեղ նույնիսկ Պուտինի նման հեղինակություն ունեցող մարդու կուսակցությունը լուրջ կորուստներ է ունենում, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ լուրջ փաստի առաջ է կանգնելու մայիսին»,– նշեց քաղաքագետը։

«Երկիր». Ընտրական դասեր
Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում իշխանական կուսակցությունը, չնայած սպասելիքներին, չկարողացավ ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը՝ չնայած ներդրել էր ողջ պետական-վարչական հսկայական ռեսուրսը, գրում է թերթը և շարունակում։
Տեղի ունեցածը, առաջին հերթին, ընտրողի կողմից սեփական քվեին տեր կանգնելու համոզմունքով ընտրության գնալու արտահայտություն էր։ Ռուսաստանյան ընտրողը ցույց տվեց, որ ինքը չի ուզում վերադարձ ղեպի միակուսակցական, ամբողջատիրական համակարգ, և «Միասնական Ռուսաստանին» զրկեց ոչ միայն սահմանադրական, այլև պարզ մեծամասնությունից։ Եվ, որ ավելի կարևոր էր, նա ապացուցեց, որ երբ հանրությունը տեր է կանգնում ընտրական իր իրավունքին, ընտրությունների վերջնական պատկերը կարող է բացարձակապես անկանխատեսելի դառնալ իշխանությունների համար։
Մեզանում ակներևաբար քննարկելու են հայաստանյան քաղաքական դաշտի և ընտրությունների վրա ռուսաստանյան ընտրությունների ազդեցության հարցը։ Եվ ամենաէական հարցն այն է, թե արձանագրված անակնկալ արդյունքները որքանով կազդեն մեր ընտրողների գիտակցության վրա։ Արդյո՞ք այն վերջապես կհուշի և կարմատավորի այն կարծիքը, որ քվեն իսկապես ուժ է, և որ առաջին հերթին ընտրելու սեփական իրավունքի հարգումը կարող է բերել այնպիսի արդյունքների, որոնք անխուսափելի կդարձնեն փոփոխությունները Հայաստանի քաղաքական համակարգում, որի գարշահոտն արդեն իսկապես անտանելի է դառնում։

«Հայոց Աշխարհ». Պետական դումայի ընտրություններում անակնկալներ չեղան, բայց Պուտինը «չի կարող երկրորդ անգամ նույն գետը մտնել»
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները նշանավորեցին Ռուսաստանում 2011-2012թթ. ներքաղաքական պայքարի առաջին հանգրվանի ավարտը։
Արտաքուստ թվում է, թե քվեարկության արդյունքները ավելի քան հեռու են «ներքաղաքական պայքար» ըմբռնումից, քանի որ ճշգրտորեն արտացոլում են ինչպես նախընտրական կանխատեսումների, այնպես էլ ընտրությունների ընթացքում «Եկզիտ-պոլերի» արդյունքները։ Սակայն մենք հավատարիմ կմնանք այդ բնորոշմանը, քանզի «ներքաղաքական պայքար» ասելով՝ Ռուսաստանում մի փոքր այլ բովանդակություն են «տեղադրում»։
Իրականում Ռուսաստանի ներսում քաղաքական պայքարը ծավալվում էր ոչ թե իշխանություն-ընդդիմություն կաղապարված բանաձևի, այլ հենց իշխանության ներսում՝ երկրի հետագա զարգացման ուղիների շուրջ ծավալվող բանավեճի տեսքով։
2012-ի մարտին սպասվող միակ քաղաքական «ինտրիգը» ինտրիգի բացակայությունն է, ինչը կարող է ընտրողների տրամադրության անհարկի վակուում ստեղծել։ Քանզի երբ նախապես ամեն ինչ պարզ ու որոշված է թվում, սովորաբար առաջ է գալիս հակառակ ռեակցիան։
Բայց, կարծում ենք, բուն խնդիրն այդտեղ չէ. Վ.Պուտինն անկասկած Ռուսաստանի հաջորդ նախագահն է։ Խնդիրն այն է, որ նա այլևս չի կարող «երկրորդ անգամ նույն գետը մտնել» և ստիպված է լինելու զգալիորեն թարմացնել իր քաղաքական իմիջը։

No comments: